

ԷկոԼուր
Մարտի 22-ը նշվում է որպես Ջրի համաշխարհային օր: 2011թ. Ջրի համաշխարհային օրվա թեման է «Մաքուր ջուր աշխարհի առողջության համար»: Ինչպիսի՞ն է Հայաստանի ջրային ռեսուրսների վիճակը եւ ինչպե՞ս են ջրային ռեսուրսները համապատասխանում մեր առողջությանը: Պաշտոնական հայտարարությունների համաձայն` մեր ջրային ռեսուրսները վերականգնվող են եւ անսպառ:
Նշենք, որ ջրային ռեսուրսները վերականգնվող են: Սակայն նրանց անսպառ լինելու մասին կարելի է խոսել միայն հաշվի առնելով ջրի որակը եւ նրա բաշխումը:
Քաղցրահամ ջրի ամենամեծ ռեզերվուարը Հայաստանում, իհարկե, Սեւանա լիճն է 33 միլիարդ խորանարդ մետր ջրի պաշարով: Տեսնենք, թե ինչպես ենք մենք պահպանում մեր ջրային գանձը: ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի տվյալների համաձայն` Սեւան թափվող գետերում գրանցված է տոքսիկ մետաղների մի ամբողջ շարքի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների (ՍԹԿ) գերազանցում, ինչպես նաեւ այնպիսի նյութերի ՍԹԿ-ի գերազանցում, որոնք բնորոշ են կենցաղային թափոններին: Կարճ ասած, աղտոտման աղբյուրներն են լեռնահանքային արդյունաբերությունը եւ կոյուղին: Այսպես քրոմը, վանադիումը, մանգանը, սելենը, ալյումինը տարբեր նմուշներում ՍԹԿ-ն գերազանցում են 2-ից 20 անգամ: Նիտրիտների եւ ամոնիումի իոնների ՍԹԿ-ի սակավ գերազանցումը բնորոշ են կենցաղային թափոններին:
Ապա որտե՞ղ են մեր մաքուր լեռնային աղբյուրները» Միգուցե գետերո՞ւմ: Ոչ, ոչ էլ գետերում: Մեր գետերը աղտոտված են մարդկային գործունեության այդ նույն արտադրանքներով: Բնակավայրերի միջով անցնող գետերն աղտոտված են կենցաղային թափոններով: Այդ գետերն են Հրազդանը, Ողջին, Փամբակը, Դեբեդը, Աղստեւը: Գետերը, որոնց մեջ թափվում են արդյունաբերական թափոնները` հիմնականում հանքարդյունաբերական, վերածվել են հոսող պոչերի: Այդ գետերն են Ողջին, Կարճեւանը, Ախթալան, Նորաշենիկը:
Չեն մնացել նաեւ արտեզյան աղբյուրները: Բնապահպանության նախարարությունը այնքան ջրօգտագործման թույլտվություններ է բաժանել Արարատյան դաշտավայրում, որ թույլտվություններում նշված ջրի գումարային ծավալը երկու անգամ գերազանցել է արտեզյան ջրերի ողջ պաշարը:
Մեկնաբանությունների փոխարեն բերենք «2030 Water Resources Group» կազմակերպության կանխատեսումները, որոնց համաձայն` մինչեւ 2030թ. Երկրի մեկ երրորդի համար (հիմնականում զարգացող երկրներում) բնական աղբյուրներից հասանելի կլինի ջրի անհրաժեշտ ծավալի միայն կեսը: Իսկ միակ տեղը մոլորակում, որտեղ ջրի մակարդակը չի ընկնում, այլ բարձրանում է, Արկտիկան է: Այնպես որ բոլորին` եւ վատատեսներին, ովքեր ասում են, որ Հայաստանի ջրային ռեսուրսները վտանգի տակ են, եւ լավատեսներին, ովքեր պնդում են, որ ջրային պաշարներն անսպառ են, հրավիրում ենք Արկտիկա: Միայն պետք է զգուշացնել մեկնողներին, որպեսզի նրանք Արկտիկայում չկիրառեն ջրային ռեսուրսների կառավարման հայկական փորձը: Հակառակ դեպքում Արկտիկան էլ կհայտնվի վտանգի տակ, եւ նորից հարկ կլինի տեղափոխվել, իսկ ու՞ր:
Մարտ 23, 2011
