

Արփի Հարությունյան, «ԱրմենիաՆաու»
Բնապահպանները զգուշացնում են, որ Սևանի ջրի բարձրացումը կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին:
Բնապահպանները ոգևորությամբ արձանագրում են, որ Սևանա լճի մակարդակը զգալիորեն բարձրացել է` միաժամանակ ահազանգելով, որ ջրածածկ եղած անտառները ճահճացնում են լիճը:
«Սևանի պատմության մեջ երբևէ նման վիճակ չի եղել, որ լիճն այսկերպ ծաղկի կապտականաչ ջրիմուռներով, ափերը ճահճանան»,- ասում է ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանը:
Չնայած լճի էկոհամակարգին սպառնացող խնդիրներին` հիդրոէկոլոգները պնդում են, որ լճի բարձրացումն ամեն գնով պետք է շարունակվի:
«Եթե լճի հարակից անտառը դառնա լճի հատակը, 5035 խմ փայտանյութ կմնա ջրի տակ, 1 հեկտարի վրա՝ 68 տոննա,- ասում է ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը: - Մեր հետազոտությունները պարզել են, որ եթե այդ անտառը մնա ջրի տակ, լիճ կլցվի 259 տոննա ազոտ և 23 տոննա ֆոսֆոր, ինչը կարող է կործանարար լինել ոչ միայն ջրի, այլև ձկնատեսակների համար»:
Հովհաննիսյանը փաստում է, որ ամենից շատ ազոտ են պարունակում ծառերի տերևներն ու ճյուղերը, որոնք մեծ մասամբ չեն հանվում լճից:
Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության վարչության տվյալների՝ արդեն իսկ 2500 հա տարածք մնացել է ջրի տակ, որից 1800-ը՝ անտառածածկ: Մինչ օրս մաքրվել է 310 հա, 95-ը մաքրվելու է այս տարի:
«Իհարկե, եթե այս տեմպերով շարունակվի, լիճն իրոք վտանգված կլինի,- ասում է վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: - Արդեն իսկ որոշ տարածքներում, օրինակ` Լճաշենի ափամերձ հատվածներում, սկսվել են նեխման պրոցեսներ: Իսկ այդ պայմաններում լճում թթվածնի պարունակությունը հասնում է զրոյական մակարդակի»:
Բնապահպանության նախարարության (ԲՆ) տվյալներով՝ 2005-ից մաքրման աշխատանքների վրա արդեն իսկ ծախսվել է 163 մլն դրամ (534 .426$ ): Եվս 42 մլն դրամ (137.704$ ) ծախսվելու է այս տարի:
Համբարձումյանի կարծիքով` մաքրման գործը նորմալ է ընթանում, և եթե չեն կարողանում համապատասխան մասշտաբների մաքրում կատարել, գոնե պետք է լճի մակարդակի բարձրացմանը չխոչընդոտել, որպեսզի այդ կերպ լիճը սկսի ինքնամաքրվել:
Բայց կառավարության սեղանին դրված Սևանա լճի ալիքի ազդեցության գոտու մասին որոշման նախագիծը չի փարատում գիտաշխատողների հույսերը. նախկինում սահմանված 1908 մ նիշը նախատեսվում է դարձնել 1905 մ:
Մասնագետները կասկածում են, որ ջրի մակարդակի բարձրացումը կանխելով՝ փորձ է արվում փրկել հարակից կապիտալ շինությունները, որոնք պատկանում են հիմնականում պաշտոնյաներին և օլիգարխներին:
Կառավարության որոշմամբ 2008 թ. Սևանա լճից բաց է թողնվելու 150 մլն խմ ջուր: Մինչև մայիս բացթողման ծավալը կազմել է 43 մլն խմ:
Սևանի ջրի կառավարման խնդրի շուրջ բացահայտում է անում նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:
«Ջրային տնտեսության պետական կոմիտեն այս տարի ներկայացրել էր Սևանից 300 մլն խմ ջուր բաց թողնելու առաջարկ, բայց վիճարկվեց, քննարկեցին վարչապետի հետ և փոքրացրին ծավալը, այլապես այդ հսկա ծավալը բաց էին թողնելու»,- նշում է նա՝ ավելացնելով, որ մինչև օգտագործողներին հասնելը ջրի 40-50 տոկոսն անհայտ պայմաններում կորչում է, և պետք է այդ հարցը դնել օրակարգում:
Ակադեմիայի ու նախարարության մոտեցումների տարբերությունը զգալի է նաև ձկնաշխարհի մասին խոսելիս:
Ըստ նախարարության՝ լճի բնական ձկնաշխարհն ընդգրկում է 2 էնդեմիկ տեսակ՝ իշխան ու Սևանի բեղլու և 1 էնդեմիկ ենթատեսակ՝ կողակ:
Ներկայումս իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորությունից: Նրա չորս ենթատեսակներից երկուսը՝ ձմեռային իշխանը և բոջակը, համարվում են իսպառ վերացած, գեղարքունին պահպանվել է աննշան քանակությամբ, իսկ ամառային իշխանն էլ՝ բառացիորեն հատերով: Կողակը կորցրել է արդյունագործական նշանակությունը, իսկ բեղլուն հանդիպում է հազվադեպ:
Հովհաննիսյանը փաստում է, որ 1983 թ. լիճն ունեցել է մոտ 30 սանտիմետրանոց սիգի 10.800 տոննա պաշար, որը 2005-ին հասել է 625 տոննայի, ինչը նշանակում է, որ 17,3 անգամ նվազել է: Ըստ Բորիս Գաբրիելյանի տվյալների՝ այժմ հազիվ 200 տոննա պաշար լինի, այն էլ ամեն չափսի ձկները միասին հաշված:
Համբարձումյանն էլ կանխատեսում է, որ եթե այսպես շարունակվի, ջուրն իր որակական հատկանիշները կկորցնի, լիճն էլ կսկսի մահանալ:
Հունիս 13, 2008
