ՓՈԽԱՆՑԻԿ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ

ՓՈԽԱՆՑԻԿ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ

«Հրապարակ»

Օրերս «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել ոստիկանության դպրոցի նախկին պետ Աշոտ Ջնդոյանը: «Սեւան ազգային պարկն» իր ընդգրկած ոլորտներով բավականին բարդ բնապահպանական կառույց է, որտեղ տարիներով կուտակված խնդիրներ, լուծում չստացած բազմաթիվ հարցեր կան, բայց պարկը նաեւ համեղ պատառ է, որտեղ լուրջ շահեր են բախվում: Հենց դրանով է բացատրվում վերջին երկու տարում երեք տնօրենի փոփոխությունը: Յուրաքանչյուր նախարար իր մարդուն է այստեղ նշանակում: Իսկ «Սեւան ազգային պարկի» տնօրենի անփոփոխ տեղակալ Գագիկ Մարտիրոսյանը տեղակալի պաշտոնը «բրոնյա» է արել, քանի որ նրան պարբերաբար պետ են նշանակում՝ մինչեւ հերթական պետի նշանակումը, ապա նա կրկին իջնում է տեղակալի պաշտոնին: Բայց Մարտիրոսյանը համբերատար է՝ նա գիտի, որ Երեւանից եկածները վաղ թե ուշ հեռանալու են, ու վերջում իրեն է մնալու պետի պաշտոնը:

Երբ բնապահպանության նախարար նշանակվեց Արամ Հարությունյանը, մինչ այդ մեկ տարի էլ չաշխատած «Սեւան ազգային պարկի» պետի պաշտոնին հրաժեշտ տվեց Արսեն Հովհաննիսյանը՝ իր տեղը դարձյալ զիջելով նախկին տնօրեն Գ. Մարտիրոսյանին: Վերջինս չորս անգամ պետ է դարձել՝ այժմ չորրորդ անգամ պետի պաշտոնը զիջելով ոստիկանին: Իսկ մինչ այդ ազգային պարկի տնօրինությունը կարճ ժամանակով վստահվել էր նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օգնական Տիգրան Գրիգորյանին, որը ներկայումս գլխավորում է բնապահպանության նախարարության տեսչությունը:

Հուլիս 29, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր