

ԱրմԻնֆո
Գեղարքունիքի մարզի կենսաբազմազանությունը և էկոհամակարգերը տառապում են փոքր հիդրոէլեկտրակայանների գործունեությունից: Այդ մասին հայտարարել է Հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
Փորձագետը նշել է, որ մարզում գործում են փոքր ՀԷԿ-եր, որոնք ձկնուղիների բացակայության պատճառով խոչընդոտում են ձկների ձվադրմանը: Գաբրիելյանը նշել է, որ կենդանական աշխարհի մասին օրենքն արգելում է շինարարական աշխատանքներն այնտեղ, որտեղ գոյություն ունեն հազվագյուտ և էնդեմիկ ձկնատեսակներ: «Սևանի գետերն էնդեմիկների ձվադրման վայր են հանդիսանում, և, այդուհանդերձ, այնտեղ աշխատում են փոքր ՀԷԿ-եր»,- նշել է նա:
Նրա խոսքով, հաճախ հանուն հիդրոէլեկտրակայանի փոխվում են գետի հուները: «Մեծամասամբ ջրի բացթողումների ժամանակ հաշվի չի առնվում ֆլորայի, ֆաունայի և ընդհանուր առմամբ էկոհամակարգի վրա ներգործությունը: Նման հետազոտություններ չեն անցկացվում ոչ միայն Սևանի, այլ նաև այլ գետերում»,- ընդգծել է Գաբրիելյանը:
«ԷկոԼուրի» ղեկավար Ինգա Զառաֆյանն իր հերթին ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ Բնապահպանական տեսչությունը փոքր ՀԷԿ-երի վերահսկողություն և մոնիտորինգ չի իրականացնում նույնիսկ էկոլոգների և հասարակայնության կողմից հայտնաբերված խախտումների դեպքում: Այսօրվա դրությամբ Հայաստանում կառուցվել է 140 փոքր հիդրոէլեկտրակայան, ըստ որում`մեկ գետի վրա կարող է գործել միանգամից մի քանի ՀԷԿ, ինչը բացասաբար է անդրադառնում բուսական և կենդանական աշխարհի վրա:
Հոկտեմբեր 19, 2012 at 14:03
