

ԷկոԼուր
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն եւ Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) բանավիճում են Սեւանի ջուրը գողանալու վերաբերյալ: Կոմիտեն իր կայքում արձագանքել է ՀԲՃ-ի «Գողանում են Սևանի ջուրը» հոդվածին եւ տեսանյութին` իր կայքում գրելով. ««Գողանում են Սևանի ջուրը» հոդվածում և տեսանյութում տրված տեղեկատվությունը և փաստերը ներկայացված են խեղաթյուրված տեսքով, իսկ մեկնաբանությունները` միակողմանի, որոնք ամբողջությամբ չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը: Ընդ որում` տեսանյութում ներկայացված հսկայական ջրաքանակը ներկայացված է սեփական դատողության և տրամաբանության շրջանակներում` առանց խորամուխ լինելու և հաշվի առնելու Արփա-Սևան թունելի վթարավտանգ հատվածներում շինարարական աշխատանքների իրականացման ծրագրի գործողության, ոռոգման նպատակով տվյալ ջրաքանակի օգտագործման, ինչպես նաև Եղեգիս գետում անհրաժեշտ սանիտարական թողքերի պահպանման փաստերով: Նշված փաստերը ներկայացնենք առավել մանրամասնեցված և փաստարկված:
Արփա-Սևան թունելի առավել վթարավտանգ հատվածներում (թիվ 2 թունել) ս.թ. օգոստոսին նախատեսվում էր վերականգնողական աշխատանքների վերսկսում: Արդյունքում թունելը փակվել է, Սևանա լիճ ջուր չի տեղափոխվում, իսկ շինարարական աշխատանքներն իրականացվում են` համաձայն նախատեսված գրաֆիկի: Անհրաժեշտ է նշել նաև, որ 2014 թվականի ծրագրով նախատեսված 120.0 մլն մ3 ջրաքանակից Արփա-Սևան թունելով Սևանա լիճ արդեն իսկ տեղափոխվել է 118.0 մլն մ3:
Հաջորդ փաստը, որը հաշվի չի առնված ներկայացված տեսանյութում և միակողմանի տրված դատողություններում` ոռոգման նպատակով ջրի օգտագործումն է, ինչը ՀՀ ջրային օրենսգրքով և «Ջրի ազգային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքով ջրօգտագործման առաջնահերթ գերակայություններից է: Տեսանյութում պատկերված ջուրը «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերության կողմից ոռոգման գլխամասերով օգտագործվում է բացառապես ոռոգման կարիքների բավարարման նպատակով, որի պահանջարկը կազմում է շուրջ 2.8 մ3/վրկ: Մնացած ջուրը (շուրջ 0.5 մ3/վրկ) թողնվում է որպես սանիտարական թողք` բնապահպանական խնդիրների լուծման նպատակով: Քանի որ Եղեգիս գետում ոռոգման ջրապահանջը բավարարելու և սանիտարական թողքն ապահովելու համար համապատասխան ջրաքանակ առկա չէ (ներկայիս դրությամբ առկա է շուրջ 0,9 մ3/վրկ), ուստի տարբերությունը (շուրջ 2.4 մ3/վրկ) որպես ջրալրում տրվում է Արփա գետով և Կեչուտի ջրամբարից` Արփա-Սևան թիվ 1 թունելի միջոցով»:
Որպես պատասխան` ՀԲՃ-ն տարածել է հաղորդագրություն, որում ասված է.
«ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն հորդորում է` ոլորտին վերաբերյալ անաչառ և հիմնավոր տեղեկատվություն ներկայացնելու նպատակով այն քննարկել ու վերլուծել համակարգի պատասխանատուների և մասնագետների հետ, իսկ տրվող տեղեկատվության մեջ զերծ մնալ միակողմանի և ոչ փաստարկված որակումներից:
Համահայկական բնապահպանական ճակատն (ՀԲՃ) օրեր առաջ հանրությանն էր ներկայացրել «Գողանում?rel=0" frameborder="0" allowfullscreen> են Սևանի ջուրը» տեսանյութը, որից պարզ դարձավ հայ «գործարարների» կողմից Եղեգիս գետի վրա այդպիսի մեծ քանակությամբ փոքր ՀԷԿ-եր ունենալու բուռն ցանկության իրական պատճառը: Նկարահանած կադրերը հաստատեցին Վայոց Ձորի բնակիչների` մոտ երեք տարի շարունակվող պնդումներն առ այն, որ Արփա-Սևան ջրատարից գողանում են Սևանա լճին հասանելիք ջրի մի մասը և այն ուղղում Եղեգիս գետով ներքև, որպեսզի գետի սակավաջուր շրջանում ապահովեն ՓՀԷԿ-երի անխափան աշխատանքն ու դեպի որոշ մարդկանց գրպաններ գերշահույթների հոսքը:
ՀՀ Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն իր պաշտոնական կայքի միջոցով պատասխանել է մեր տեսանյութին՝ պնդելով, որ մեր տրված տեղեկատվությունը և փաստերը ներկայացված են խեղաթյուրված տեսքով, իսկ մեկնաբանությունները` միակողմանի, որոնք ամբողջությամբ չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը։ Այնուհետև կոմիտեն ներկայացրել է Արփա-Սևան թունելից Եղեգիս գետ ջուր բաց թողնելու պատճառները:
Հնարավորինս կարճ անդրադառնանք այդ պատասխանում առկա հակասական փաստերին և թվերին, որոնք շատ բան կպարզեն բոլորիս համար.
1. Պատասխանում նշված է, որ ս.թ. օգոստոս ամսին թունելը փակվել է, և Սևանա լիճ ջուր չի տեղափոխվում, ինչը նախատեսված է եղել նախօրոք։ Սակայն դեռևս ս.թ. հունիսի 11-ին մեզ տրամադրած տեղեկատվության մեջ նույն կոմիտեն նշել է, որ թունելը փակվելու է սեպտեմբերի 1-ից, այլ ոչ թե օգոստոսին։ Նաև հարց է առաջանում, թե ովքեր են որոշում ջրի տեղափոխման քանակն ու գրաֆիկը ըստ տարիների, և ինչ մասնագիտական ուսումնասիրությունների և եզրակացությունների արդյունքում։
2. Մենք մինչ այս տեսանյութը հրապարակելը ևս մեկ հարցում էինք ուղարկել ջրային տնտեսության պետական կոմիտե՝ Որոտան-Արփա-Սևան ջրատարով տեղափոխվող ջրի քանակի, ռեժիմի և աղբյուրների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Ստացված պատասխանից պարզ է դառնում, որ Որոտան-Արփա թունելով ընդհանրապես ջուր չի տեղափոխվել, տեղեկություն կա միայն տեղափոխված ջրի քանակի և գրաֆիկի մասին, իսկ ըստ առանձին ջրաղբյուրների՝ Սևանա լիճ տեղափոխված ջրաքանակի հաշվառում չի իրականացվում։ Սակայն, զարմանալիորեն, ոչ մի տեղ նշված չէ Եղեգիս գետ այդ նույն ջրի մի մասի տեղափոխման փաստի և քանակների վերաբերյալ։
3. Նշված է նաև, որ տեսանյութում պատկերված ջուրը «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերության կողմից օգտագործվում է բացառապես ոռոգման կարիքների բավարարման նպատակով, որի պահանջարկը կազմում է շուրջ 2.8 խմ/վրկ: Մնացած ջուրը (շուրջ 0.5 խմ/վրկ) թողնվում է որպես սանիտարական թողք` բնապահպանական խնդիրների լուծման նպատակով, և այդ նպատակով շուրջ 2.4 խմ/վրկ ջուր որպես ջրալրում տրվում է Եղեգիս գետին Կեչուտի ջրամբարից` Արփա-Սևան թիվ 1 թունելի միջոցով: Մենք դեռ հուլիս ամսին լուսանկարների միջոցով ներկայացրել էինք Եղեգիս գետի խայտառակ վիճակը, որոնցից պարզ է դառնում, որ սանիտարական թողքի և բնապահպանական խնդիրների լուծման մասին խոսելն առնվազն ծիծաղելի է, իսկ բացառապես ոռոգման կարիքների համար օգտագործելու փաստը՝ անվերահսկելի և ոչ արժանահավատ։ Բացի այդ, Արփա-Սևան թունելով տեղափոխվող ջուրը նախատեսված է բացառապես Սևանա լիճ հասնելու համար, և այն այլ նպատակներով օգտագործել կարելի է միայն Որոտան-Արփա թունելի գործելու պարագայում, որը փաստացի կառուցման օրվանից չի գործում։ Այնպես որ, Արփա-Սևան ջրատարի ջուրը Եղեգիս բաց թողնելու համար առնվազն անհրաժեշտ է ՀՀ կառավարության առանձին որոշում, որն ինչքան հասկանում ենք չկա, քանի որ մենք նախօրոք դիմել էինք ՀՀ բնապահպանության նախարարին հետևյալ հարցադրմամբ, թե ո՞վ և ի՞նչ որոշման հիման վրա է թույլ տվել այլ նպատակներով օգտագործել Արփա-Սևան ջրատարի ջուրը, որը նախատեսված է Սևանա լիճ հասնելու համար, և խնդրել տրամադրել ջրի այդ բացթողումների քանակների վերաբերյալ տեղեկատվություն ամսական և տարեկան կտրվածքներով՝ դրանց իրականացման բոլոր տարիների համար: Նախարարությունից ստացված պատասխանում այս հարցադրումները շրջանցվել են, և գեթ մի բառ չկա նշված դրանց մասին։ Միգուցե ջրային տնտեսության պետական կոմիտե՞ն է ի վիճակի պատասխան տալ այս հարցերին։
4. Իրար են հակասում նաև ջրային տնտեսության պետական կոմիտեի և բնապահպանության նախարարության ներկայացրած տվյալները Արփա-Սևան ջրատարից Եղեգիս բաց թողնվող ջրի քանակի վերաբերյալ՝ 2,4 և 1,5 խմ/վրկ համապատասխանաբար։
Այնպես որ, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հորդորը մեզ առ այն, որ ոլորտին վերաբերյալ անաչառ և հիմնավոր տեղեկատվություն ներկայացնելու նպատակով այն պետք է քննարկել ու վերլուծել համակարգի պատասխանատուների և մասնագետների հետ, իսկ տրվող տեղեկատվության մեջ զերծ մնալ միակողմանի և ոչ փաստարկված որակումներից, նույն հաջողությամբ կարելի է ուղղել հենց իրենց՝ հաշվի առնելով մեր վերոնշյալ փաստերն ու Հայաստանի մակերևույթային և ստորերկրյա ջրային պաշարների կառավարման խայտառակ վիճակը։
Մեր կարծիքով այս ամենը Սևանա լճի մակարդակի բարձրացումն արգելակելու պետական հանցագործ քաղաքականության մի մասն է կազմում ընդամենը, որից օգտվում են նաև Եղեգիս գետի վրա կառուցված ՓՀԷԿ-երի սեփականատերերը։
Վերջում ավելացնենք, որ Եղեգիս գետը տարվա 8 ամիսների ընթացքում` հուլիսից մինչև մարտ սակավաջուր է, և բնականաբար, ՓՀԷԿ-երը չէին կարողանա ամբողջովին բավարարել հոսանք արտադրելու համար անհրաժեշտ ջրի պահանջարկն՝ առանց Արփա-Սևան թունելից անօրինական բաց թողնված ջրի քանակի, և հիշեցնենք, որ միայն Եղեգիս գետի վրա արդեն իսկ շահագործվում է թվով 9 ՓՀԷԿ, ևս 6-ն էլ նախատեսվում է կառուցել: Այս ցուցանիշով Եղեգիսը Հայաստանի գետերի մեջ անվիճելի առաջատարն է, ինչն ուղղակի էկոլոգիական աղետի առաջ է կանգնեցրել գետի ավազանը` իր կենսաբազմազանության և բնակչության հետ միասին:
Համապատասխան եզրակացություններ թող անեն ընթերցողները…
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)»:
Օգոստոս 28, 2014 at 16:47
