

ԷկոԼուր
2016թ-ին պետական բյուջեից գումարներ չեն տրամադրվի Սեւանա լիճ մանրաձուկ բաց թողնելու համար:
Հիշեցնենք, որ ամեն տարի կառավարությունը 60 միլիոն դրամի 366 հազար հատ մանրաձուկ է բաց թողնում Սեւանա լիճ ձկնապաշարների վերականգնման համար: 2016թ-ին Սեւանում ձկան պաշարների համալրում պետք է իրականացվի «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում: Այս մասին նշված է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2016 թվականի տարեկան ծրագրում», որը գործադիրը հաստատեց սույն թվականի հոկտեմբերի 1-ին:
«Ճիշտ է` կառավարությունը հատուկ տողով չի լրացրել մանրաձկան համալրման ծրագիրը, սակայն այն փոխարինվել է մեկ այլ ծրագրով: Դուք գիտեք, որ Սեւանի ավազանում արդեն ստեղծվում է պետական ձկնաբուծարան, եւ միաժամանակ նաեւ «Իշխան» ծրագրի շրջանակներում պետք է ստացվի մանրաձուկ, որի գենոֆոնդը պետք է ստուգվի: Մաքուր գենոֆոնդով ձկներ պետք է առանձնացվեն, եւ դրանով կհամալրվեն լճի ձկնային պաշարները: Հետեւաբար մենք չենք կարող ասել, որ լիճը չի համալրվելու իշխանի մանրաձկով, պարզապես համալրման ձեւը փոխվելու է»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Նրա խոսքերով` լիճ բաց կթղնվի մոտավոր նույն քանակի ձուկ, ինչ պետական ծրագրով էր բաց թողնվում:
2015թ-ին ամռանը Սեւանա լիճ բաց թողնվեց 243 հազար հատ գեղարքունի եւ ամառային իշխան տեսակի մանրաձուկ, որից 240 հազարը «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից, իսկ 3 հազարը` «Սևանա լճում իշխանի վերականգնման» ծրագրի շրջանակներում ցանցավանդակային պիլոտային աշխատանքներ իրականացնող «ԷՄԻ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի կողմից:
«Սևանա լճում իշխանի վերականգնման» ծրագրով նախատեսվում է ցանցավանդակային եղանակով մինչեւ 2023թ-ը Սեւանում տեղադրել 74 ցանցավանդակ, որոնցում կաճեցվեն մինչեւ 50 հազար տոննա գեղարքունի եւ ամառային իշխան, որոնցից մի փոքր մաս բաց կթողնվի Սեւանա լիճ, իսկ մնացածը կվաճառվի: Յուրաքանչյուր ձկան վաճառքից ստացված գումարից 200-ական դրամ կուղղվի «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամ Սեւանա լճի էկոլոգիական խնդիրների լուծման համար:
Նշենք, որ մինչ օրս պետբյուջեի միջոցներով լճում իրականացված ձկնապաշարների համալրման միջոցառումների արդյունքում ձկան արդյունագործական պաշարները չեն վերականգնվել, պատճառը որսագողությունն է, ձկների բնադրավայրերի ոչնչացումը, ձվադրավայր հանդիսացող գետերի աղտոտվածությունն ու նրանց վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը: Մինչ օրս իշխանություններն արմատական քայլեր չեն ձեռնարկել` նպաստելու ձկների ինքնուրույն վերարտարդությանը` մասնավորապես չեն արգելել իշխանի ձվադրավայր հանդիսացող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի շահագործումը: Սակայն սույն թվականի սեպտեմբերի 23-ին այս խնդրին անդրադարձավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հետ ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը մասնավորապես ասաց «Կոնկրետ Սևան լցվող գետերն աստիճանաբար պետք է ազատենք վերջին 15-20 տարիների այն կառույցներից, որոնք, միգուցե, ինչ-որ չափով տնտեսական արդյունք են տալիս, բայց խաթարում են բնականոն զարգացումը։ Օրինակ, ձկների ձվադրավայր հանդիսացող գետերի վրա փոքր ծավալի հիդրոկայաններ, որոնք չգիտեմ որքանո՞վ են օգուտ բերում սեփականատերերին, բայց չեմ կարծում, որ Սևանի համար օգտակար են։ Խնդիրը պետք է լուծել մարդկանց հետ խոսելով, պայմանավորվելով և հիմնադրամի միջոցով նրանցից ուղղակի ետ գնելով ու ապամոնտաժելով»:
Հոկտեմբեր 06, 2015 at 15:58
