Արգիճի գետի վրա կառուցվող ՀԷԿ-ի ջրօգտագործման ժամկետն ավարտվել է դեռ 2005թ.

Արգիճի գետի վրա կառուցվող ՀԷԿ-ի ջրօգտագործման ժամկետն ավարտվել է դեռ 2005թ.

ԷկոԼուր

Վերին Գետաշեն եւ Մադինա համայնքների հարակից տարածքում` Արգիճի գետի վրա ներկայումս կառուցվում է փոքր ՀԷԿ, որի ջրօգտագործման թույլատրման ժամկետը սպառվել է դեռեւս 2005 թվականին: ՀԷԿ-ը կառուցում է «Հիդրո կորպորացիա» ՍՊԸ-ն: Խնդրի առնչությամբ Գավառի Օրհուս կենտրոնի հարցմանն ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը տեղեկացնում է. «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը 02.11.2004 թվականին «Հիդրո կորպորացիա» ՍՊ ընկերությանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի վրա ՓՀԷԿ կառուցելու նպատակով տվել է N 0545 ջրօգտագործման թույլտվությունը մինչև 02.03.2005 թվականի գործունեության ժամկետով, միաժամանակ ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս հանդիսացող լրացուցիչ պայմանների 4-րդ կետում նշվելով, որ «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հիդրո կորպորացիա» ՍՊԸ-ին ՓՀԷԿ-ի կառուցման լիցենզիայի տրամադրման դեպքում՝ ջրօգտագործման թույլտվության գործունեության ժամկետը սահմանվում է՝ լիցենզիայով սահմանված ժամկետը»:

Նշենք, որ 2007թ. «Հիդրոկորպորացիա» ընկերությանը Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծին բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն է տրվել, սակայն նախագիծը չի իրականացվել, եւ դրական եզրակացությունը կորցրել է իր ուժը:

Հիշեցնենք, որ S.O.S Արգիճի նախաձեռնող խումբն ահազանգում է, որ ՀԷԿ-ի կառուցման հետեւանքով կջրազրկվի Արգիճի գետի գրեթե 1/2 մասը, կխախտվի գետի բնական կապը Սևանա լճի հետ): կփոխվի գեղատեսիլ լանդշաֆտը, ի սպառ կվերանա Կարմիր գրքում գրանցված ամառային արծաթափայլ իշխանի, կողակի, բախտակի պոպուլացիաների բնական վերարտադրությունը, հարցականի տակ կդրվի մի քանի համայնքների ոռոգման հարցը:

Օգոստոս 07, 2012 at 15:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր