

ԷկոԼուր
«Ամեն տարի հաստատվում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը, որի կատարման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվում է ավելի քան 370 միլիոն դրամ: ՀՀ բնապահպանության նախարարությունն ամեն տարի դրական գնահատական է տալիս Սեւանի պետական ծրագրի արդյունքներին եւ հայտարարում պետական միջոցների ծախսման արդյունավետության մասին: 2012 թվականին «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը եւ Գեղարքունիքի մարզի «Բլեջան» եւ «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» տեղական հասարակական կազմակերպություններն անցկացրեցին պետական ծրագրի հասարակական մոնիտորինգ: Մենք նպատակդրվել էինք պարզելու, թե արդյոք կառավարությունը, համալիրը ծրագիրը մշակելիս, հաշվի առնում է բնակիչների կարիքները, որքանով են տեղի համայնքները ներգրավված այդ ծրագրի մեջ, անցկացվել են արդյոք հասարակական լսումներ, ուշադրության արժանացել են հնչեցված կարծիքները եւ առաջարկությունները: Այցելելով Գեղարքունիքի մարզի 40 համայնք` մենք պարզեցինք, որ ոչ մի համայնք համալիր ծրագրի մեջ պաշտոնապես ներգրավված չէ, ծրագիրը նրանց հետ չի քննարկվել, մարդկանց կարծիքը ոչ մեկ չի հարցրել: Այդպիսով, ուղղակիորեն խախտվել է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածն իր բոլոր երեք կետերով. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման բնագավառներում անմիջական ազդեցության գոտում գտնվող տեղական ինքնակառավարման մարմինները՝
ա) աջակցում են համայնքի տարածքում Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարմանը.
բ) ապահովում են համայնքի բնակչության մասնակցությունը Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման մասին հասարակական քննարկումներին.
գ) իրականացնում են սույն օրենքով, այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ»:
Դեռ 2005 թվականին ձկնորսները, ովքեր համաձայնվել են այն փաստի հետ, որ իրենք ձկնագողեր են, ՀՀ նախագահին խնդրել են խիստ միջոցառումներ ձեռնարկել եւ ամբողջությամբ արգելել Սեւանա լճում ձկնորսությունը: Նրանք կանխատեսում էին, որ լիճը կմնա առանց ձկան, իսկ իրենք` առանց ապագայի: Ձկնորսության դեմ արգելք չդրվեց, լիճը մնաց առանց ձկան, եւ ոչ ոք պատասխանատվություն չկրեց դրա համար: Այժմ ձկնորսությամբ զբաղվող գյուղերում բարձր է արտագաղթի մակարդակը. գյուղերից հեռացել է հիմնական աշխատուժի 90%-ը: Միեւնույն ժամանակ, իշխանի պոպուլիացիայի վերականգնման համար ամեն տարի ծախսվում է 60 միլիոն դրամ: Բայց մանրաձկների զգալի մասը սատկում է երկարտեւ տեղափոխման, բնադրավայրերի պայմանների տարբերության եւ այլ պատճառներով: Ավելին, իշխանը չի կարողանում ձվադրել գետերում, քանի որ ձվադրման բոլոր վայրերում փոքր ՀԷԿ-եր են կառուցված: Որպես փաստ` իշխանի պոպուլիացիան վերականգնված չէ: Այս մասին առաջին տարին չէ, որ ահազանգում են մասնագետները:
Ափերը, որոնց մաքրման համար տարեկան ծախսվում է 125 միլիոն դրամ, վատ են մաքրված: Տեղի բնակիչները խնդրեցին իրենց հնարավորություն տալ ափերն անտառներից ԱՆՎՃԱՐ մաքրել` փոխարենն օգտագործելով հատված ծառերը որպես վառելանյութ: Բնապահպանության նախարարությանը մնում էր միայն վերահսկողություն սահմանել այդ գործունեության նկատմամբ: Առաջարկությունը չընդունվեց: Արդյունքում ընկերությունները, որոնք բյուջեի գումարներով իրականացնում են ծրագրով նախատեսված ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները, վաճառքի համար հատեցին թանկարժեք փայտանյութ հանդիսացող ծառերը, բայց թողեցին չիչխանի փշոտ թփերը, արմատները եւ այլն, որոնք անցան ջրի տակ: Հավելենք, որ բյուջեն միջոցներ չի հատկացնում հատված անտառների վերականգնման համար:
Սեւանի լանդշաֆտները, որոնք լճի էկոհամակարգի մի մասն են, ոչնչացվում են: Հանքարդյունաբերությունն արդեն կտրել է Արտանիշի լեռնաշղթայի մի մասը, որտեղ կենտրոնացած են Սեւանի ջրահավաք ավազանի էկոհամակարգի ամենից հարուստ ֆլորան եւ ֆաունան: Սոտքի ոսկու եւ Շորժայի քրոմ պարունակող հանքավայրերի բաց շահագործումն ազդում է լճի ջրի որակի վրա: Բայց լճի աղտոտման համար ընկերությունները որեւէ պատասխանատվություն չեն կրում: Միեւնույն ժամանակ, «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` բնապահպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը (տվյալ դեպքում ՀՀ բնապահպանության նախարարությունը) իրավասու է տնտեսավարող եւ այլ սուբյեկտներից պահանջել կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում բնապահպանության եւ բնօգտագործման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, ինչը լիազորված մարմնին է տրամադրվում դիմելուց հետո տասնօրյա ժամկետում: Նշենք, որ Բնապահպանության նախարարությունը չի անցկացրել ոչ մի տեսչական ստուգում Սոտքում «GeoProMining Gold» ընկերության գործունեության վերբերյալ: Իսկ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ եւ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, որի կազմում էր նաեւ «ԷկոԼուր»-ի ներկայացուցիչը, չկարողացավ ուսումնասիրություներ կատարել Սոտքում, քանի որ «GeoProMining Gold» ընկերությունը թույլ չտվեց իր կողմից շահագործվող Սոտքի հանքավայրում ֆոտո եւ վիդեո նկարահանում կատարել: Աշխատանքային խմբի եզրակացությունը նույնիսկ չմտավ Սոտքի հանքավայրի ընդլայնման եւ վերազինման նախագծի մեջ, որի մեջ ընդգրկվել է Սոտքի ջարդող-տեսակավորող արտադրամասը, որը մեկ տարուց ավելի աշխատում էր առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության: Այս առումով խախտվել են միանգամից մի քանի օրենքներ` «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, Օրհուսի կոնվենցիան:
Սեւանա լիճն այսքան տարիների ընթացքում առաջին անգամ բացասական բալանս ունի` ի շնորհիվ Սեւանա լճից 320 միլիոն խմ ծավալով ջրի բաց թողնելու: Հասարակայնության եւ Գեղարքունիքի մարզի բնակիչների հիմնավորված բողոքը, ինչպես նաեւ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունն ուշադրության չարժանացան: Այսինքն` «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 18-րդ, 19-րդ, 20-րդ հոդվածները խախտվեցին:
«ԷկոԼուր»-ն աջակցում է հետեւյալ առաջարկություններին, որոնք մշակվել են տեղական համայնքների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության կենտրոնի, Գեղարքունիքի մարզպետարանի փորձագետների հետ համատեղ քննարկման արդյունքում.
- անվերապահորեն կատարել «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի պահանջները
- Սեւանա լիճը դիտարկել որպես խմելու ջրի ռազմավարական պոտենցիալ պաշար` դրա համար կիրառելով առկա նորմաները
- վերաբաշխել բյուջետային միջոցները, որոնք տրամադրված են Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրի համար` ներգրավվելով տեղական համայնքներին որպես համակատարողներ` գոնե իշխանի պոպուլիացիայի վերականգնման եւ ափերի մաքրման համար
- ապահովել Սեւանա լճի դրական բալանս` համաձայնեցնելով բոլոր օրենսդրական փոփոխությունները ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի հետ
- 1908 մետր նիշից ցածր կառուցված կապիտալ կառուցները ճանաչել անօրինական
- արգելել գործող փոքր ՀԷԿ-երի լիցենզիաների ժամկետների երկարաձգում եւ նոր փոքր ՀԷԿ-երի կառուցումը Սեւան թափվող գետերի վրա
- Լճավանի լճի բազայի վրա ստեղծել արգելոց ձկնաբուծարան՝ ձկների էնդեմիկ տեսակների մայրական կազմ ստեղծելու համար` ապահովելով դրա նկատմամբ խիստ հսկողություն»:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն այս առաջարկություններն ուղարկել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին եւ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին:
Դեկտեմբեր 27, 2012 at 14:09
