Նախկին ձկնաբուծական տարածքները համայնքներին վերադարձնելու խնդրանքով Արտաշարի և Զաթոնքի համայնքապետերը դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Նախկին ձկնաբուծական տարածքները համայնքներին վերադարձնելու խնդրանքով Արտաշարի և Զաթոնքի համայնքապետերը դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԷկոԼուր

Արմավիրի մարզի Արտաշար և Զարթոնք համայնքների ղեկավարները նախկին ձկնաբուծական տարածքները համայնքներին վերադարձնելու խնդրանքով պաշտոնական գրությամբ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Համայնքապետերի խոսքով՝ 1990-ական թթ-ին համայնքների հաշվեկշռի վրա գտնվող 224 հեկտար հողերը (127 հեկտարը՝ Զարթոնքի, 97 հեկտարը՝ Արտաշարի) կառավարությունը, որպես ձկնաբուծական տնտեսություն, օտարել է «Արմավիր ֆերմեր» ՓԲԸ-ին:

«Հողերը համայնքների հաշվեկշռի վրա են, կառավարությունը ժամանակին ոչ թե հողերն է օտարել, այլ որպես ձկնաբուծական տնտեսություն է օտարել և սեփականության իրավունքով հանձնել «Արմավիր ֆերմեր»-ին: Այսօր այդ հողերը ձկնաբուծական նպատակով չեն օգտագործվում, ինքն էլ դա որպես վարելահող է օգտագործում, վարձավճարով տալիս մարդկանց: Վարձավճարները թանկ են, եթե վերադարձվի համայնքին, քիչ գումար կտան մարդիկ, օրինակ, 1 հեկտարի համար 10.000 դրամ, ոչ թե 300.000 դրամ: Եթե նպատակային նշանակությանը չի ծառայում, հողագործության տակ է օգտագործում, թող համայնքն օգտագործի», - ասաց Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը:

«Մենք մեր ժողովրդի պահանջն ենք ներկայացրել: Սակավահող է, հող չունենք, մարդիկ պահանջում են վերադարձնել իրենց վարչական տարածքի հողերը», - հավելեց Զարթոնքի համայնքապետ Պարույր Սարգսյանը:

Նշենք, որ Արտաշար համայնքը գյուղատնտեսական նշանակության հողերի կարիք ունի, քանի որ համայնքի հողերի զգալի մասն աղակալված է և ենթակա չէ մշակման: 

Հողերի` համայնքներին վերադարձնելու պահանջով փետրվարի 25-ին Արտաշարի և Զարթոնքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք  ասել են, որ հարցի առնչությամբ ստորագրահավաք են արել, ներկայացրել Արմավիրի մարզպետարան, սակայն  ոչ մի պատասխան չեն ստացել: Բնակիչները նաև ասել էին, որ Արտաշարի համայնքապետին ոստիկանները տարել են, սական համայնքապետը հերքեց այդ լուրը:

19:05 Փետրվար 27, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news