

ԷկոԼուր
Տավուշի մարզի Դիլիջան համայնքում տների ծորակներից շագանակագույն ջուր է հոսում: Այս մասին ԷկոԼուրին ահազանգեց Դիլիջանի բնակիչ Ազնիվ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ընդհանրապես ծորակից հոսող ջուրն ունի դեղին գույն և հոտ, իսկ ներկայումս` ձնհալի և առատ տեղումների ժամանակ ջուրը դարձել է շագանակագույն:
««Ծորակի ջուրը խմելու չէ: Երբ նոր էի այստեղ տեղափոխվել, խմել եմ, հաջորդ օրը բացի փոքրիկիցս, ով շշի ջուր էր խմել, ընտանիքիս բոլոր անդամները աղիքային վարակով հիվանդացան», - ասաց Ազնիվ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ սույն թվականի ապրիլի 12-ին նամակով դիմել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ խնդրելով ուշադրություն դարձնել համայնքի՝ երկար տարիներ չլուծվող ջրի խնդրին, ինչպես նաև՝ հարուցել վարչական վարույթ` ստուգելու խմելու ջրի որակը և վերահսկելու, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը մատակարարի պատշաճ, խմելու ենթակա ջուր:
«Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանն ահազանգի վերաբերյալ ԷկոԼուրին հայտնեց. «Դիլիջանի ջրի մաքրման կայանը շատ հին է, մաքրման հզորությունը՝ թույլ: Գարնան ու աշնան ամիսներին ակտիվ ձնհալների և առատ տեղումների ժամանակ դեպի կայան բավական մեծ քանակի պղտոր ջուր է հոսում: Մաքրման կայանում տեղակայված ֆիլտրերը չեն կարողանում ջրի մաքրման խնդիրը լիարժեք լուծել: «Վեոլիա Ջուր» ընկերությունը նախորդ տարի Դիլիջանի ջրի մաքրման կայանում նոր տեխնոլոգիաներ է դրել, որպեսզի ջրի հնարավորինս խորքային մաքրում ապահովվի: Դեկտեմբերից հետո ջրի որևէ խնդիր չենք ունեցել: Վերջին օրերին ակտիվ ձնհալ է, շատ մեծ քանակությամբ պղտոր ջուր է գալիս: Կայանը չի կարողանում դա մաքրել: Ջրանջատումները դրանով են պայմանավորված: Գտնում ենք, որ ավելի լավ է ջուր չտանք, քան թե վտանգենք մարդկանց առողջությունը: Փորձում ենք 4-ժամյա մատակարարաման գրաֆիկ կազմակերպել Դիլիջան քաղաքում»,- ասաց Մուրադ Սարգսյանը: Նա նշեց, որ խնդիրն արմատապես լուծելու համար Դիլիջանում պետք է ջրի նոր մաքրման կայան կառուցել: Կայանը պետք է կառուցի հայկական կողմը: Իսկ «Վեոլիա ջուր» ընկերության ներդրումային միջոցները պետք է ուղղվեն միայն իրենց վարձակալության հանձնված համակարգը շահագործելուն, պահպանելուն և վերանորոգելուն:
Դիլիջանի քաղաքապետարանից Ազնիվ Հովհաննիսյանին հայտնել են, որ խնդրի առնչությամբ դիմել են «Վեոլիա ջուր» ընկերությանը, պարզաբանումներ պահանջել: «Եթե պարզվի, որ ընկերութունն իր ուժերով չի կարող խնդիրը լուծել՝ ֆիլտրման նոր կայան կառուցել, կդիմեն կառավարություն»,- ասաց Ազնիվ Հովհաննիսյանը:
Ապրիլ 17, 2019 at 19:29