

«Գոլոս Արմենիի»-ին տված հարցազրույցում ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Զավեն Կարալյանը խոսել է վիրուսների հետազոտությունների մասին:
- Ձեզ հաջողվե՞լ է ստանալ հետաքրքիր արդյունքներ COVID-19-ի և մարդու օրգանիզմի վրա դրա ազդեցության վերաբերյալ:
- Այո, մենք հայտնաբերեցինք մի հետաքրքիր երևույթ, որը նկատվում է COVID-19-ով հիվանդների մոտ: Դա հեմոգլոբինի փոփոխությունն է, որի բացատրությունը մենք դեռ չենք գտնում: Մենք դեռևս տվել ենք միայն դիտողական տվյալներ այդ երևույթի վերաբերյալ՝ առանց այն բացատրելու, բայց հուսով եմ, որ հետագա հետազոտությունների ընթացքում մենք կկարողանանք բացատրություն գտնել: Ըստ նախնական տվյալների, չնայած հեմոգլոբինը մարմնի ամենակարևոր սպիտակուցներից է, դրա փոփոխությունները մեծ վնաս չեն հասցնում մարդկանց: Ըստ ամենայնի, դա պայմանավորված է կորոնավիրուսի միջնորդավորված անուղղակի ազդեցությամբ:
Ագրեսիվ լինում են միայն այն վիրուսները, որոնք վերջերս են հայտնվել իրենց համար նոր պոպուլյացիայի մեջ, իսկ այն վիրուսները, ովքեր երկար ժամանակ ապրել են մարդկանց հետ, մենք պարզապես չենք նկատում: Վիրուսների էվոլյուցիան միշտ գնում է պակաս վտանգավոր վիրուս ստեղծելու ուղղությամբ, որն ավելի երկար է գոյատևում օրգանիզմում: Վիրուսի համար օգտակար չէ առաջացնել լուրջ հիվանդություն, առավել ևս սպանել այն օրգանիզմը, որում նա հաստատվել է:
- Ինչու՞ համաճարակի ընթացքում կորոնավիրուսը չդարձավ պակաս վտանգավոր և ագրեսիվ:
- Սկզբում նա այնքան էլ վտանգավոր չէր: Գուցե իմ կարծիքը չի տեղավորվում կորոնավիրուսի գնահատման ընթացիկ միտումների մեջ և հակասում է այս հիվանդության այսօր ընդունված մոտեցումներին, բայց հիշեցնեմ, որ գրիպի հայտնի վիրուսի համաճարակային ձևը շատ ավելի վտանգավոր է 70 տարեկանից մեծ մարդկանց համար: Բայց ներկայում վիրուսաբանության չափանիշները վերանայվում են: 30 տարի առաջ կորոնավիրուսային համաճարակը նման իրարանցում և խուճապ չէր առաջացնի:
Վերջին 70-80 տարիների ընթացքում կորոնավիրուսային հիվանդությունները մեկ անգամ չէ, որ լայն տարածում են գտել: Ներկայում հայտնի է առնվազն 3 տեսակի կորոնավիրուս, որոնք վաղուց հարմարեցված են մարդկանց, ապրում են մեր լորձաթաղանթում, և մենք դրանք գրեթե չենք նկատում, քանի որ մեզ լուրջ վնաս չեն հասցնում: Նույնը տեղի կունենա COVID-19-ի դեպքում մի քանի տարի անց: Այն ոչ մի տեղ չի անհայտանալու, պարզապես կապրի մեզ հետ, ինչպես անում են շատ այլ կորոնավիրուսներ:
Վիրուսի համար մեկ տիրոջից մյուսի մոտ տեղափոխվելու համար նա պետք է անցնի երկար և բարդ ճանապարհ: Նա պետք է ներթափանցի նոր տիրոջ բջիջների մեջ, այնուհետև սովորի բազմանալ այդ բջիջներում և դառնա վարակիչ՝ փոխանցվի մի մարդուց մյուսին: Այս գործընթացում վիրուսը հազիվ գոյատևի, մինչև ձեռք չբերի մուտացիաներ, որոնք անհրաժեշտ են նոր մարդու օրգանիզմում նորմալ բազմացման համար, և միայն դրանից հետո առաջանում է համաճարակ:
Հիմա բարձրացրել են աժիոտաժ, խուճապ, իսկ նախկինում այս վիրուսն աշխարհում կսպաներ մի քանի հազար մարդու, ինչպես դա տեղի է ունեցել այլ վիրուսային հիվանդությունների համաճարակների ժամանակ, և հիմա մենք հանգիստ կապրեինք այդ թուլացած վիրուսի հետ: Եթե նայեք 60-70-ականների հրապարակումներին, կտեսնենք, որ ժամանակ առ ժամանակ հիվանդությունների բռնկումներ էին լինում, օրինակ, անհայտ վիրուսային էթիոլոգիայի թոքաբորբ: Եվ դա տեղի էր ունենում բավականին հաճախ, բայց չէր առաջացնում խուճապ:
- Համաճարակի ընթացքում հայտնաբերվե՞լ են արդյոք COVID-19-ի նոր առանձնահատկություններ:
- Շնորհիվ նրա, որ ի տարբերություն աֆրիկյան ժանտախտի վիրուսի, կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունն ավելի մեղմ է, մարդիկ վարակում են միմյանց և այն արագ տարածվում է: Արդեն վարակված անձն անմիջապես չի զգում հիվանդությունը և շարունակում է շփվել այլ մարդկանց հետ՝ վարակելով նրանց: Բայց որոշ ժամանակ անց այս վիրուսը կդառնա պակաս վտանգավոր:
Վիրուսները շատ ճկուն և կատարյալ գոյատևող արարածներ են: Նրանք առաջացել են շատ ավելի վաղ, քան մարդիկ, և գոյատևելու նման բարձր ունակությունը պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ նրանցից շատերը չափազանց վտանգավոր չեն և միշտ ձգտում են պահպանել իրենց կրողին՝ նրա հետ գոյատևելու համար:
Հոկտեմբեր 20, 2021 at 12:38
