Քաղաքացիական հասարակությունը սկսել է իրականացնել ֆլեշմոբ, որով կոչ է անում մարդկանց տարբեր հարթակներում հանդես գալ և դեմ արտահայտվել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վիճահարույց օրենքի նախագծին:
Ֆլեշմոբի մեկնարկը տվել են «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը՝ «Միացի՛ր, Ասա՛ ՈՉ «Ընդերքի մասին» հակասահմանադրական օրինագծին» գրառմամբ պաստառով լուսանկարը տեղադրելով իրենց ֆեյսբուքյան էջում: Նույն գրառմամբ լուսանկարներ են սկսել հրապարակել բնապահպանները, իրավապաշտպաններն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ ընդամենը երկու օր առաջ՝ անտեսելով հասարակական կազմակերպությունների կոչը՝ Ազգային Ժողովի 68 պատգամավոր կողմ քվեարկեց այս նախագծին: Իսկ մինչ այդ ՀԿ-ները նամակներով դիմել էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանին՝ պահանջելով խոչընդոտել 2022թ. ապրիլի 12-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում քվեարկության դրվող «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը: Նամակին կից ուղարկվել էր 41 հասարակական կազմակերպությունների թվով երկրորդ հայտարարությունն օրինագիծն ԱԺ-ից հետ կանչելու և լրամշակելու վերաբերյալ:
Ապրիլ 14, 2022 at 13:57