

Հունիսի 17-ին աշխարհը տոնում է Անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օրը: 2022թ. օրվա թեման է՝ «Երաշտը կհաղթահարենք համատեղ ջանքերով»։ ՄԱԿ-ի պաշտոնական կայքի համաձայն՝ այս տարի Անապատացման և երաշտի դեմ պայքարի օրվա համաշխարհային օրվա տոնակատարությունը տեղի կունենա Իսպանիայի Մադրիդ քաղաքում։ Իսպանիան խոցելի է երաշտի, ջրի սակավության և կլիմայի փոփոխության հետևանքների տեսանկյունից:
1995թ. Միավորված Ազգերի կազմակերպությունը հունիսի 17-ը հռչակեց որպես Անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր՝ անապատացման և երաշտի սպառնալիքների հետևանքների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
Երաշտը ամենակործանարար բնական աղետներից մեկն է մարդկային կորուստների առումով, որոնք պայմանավորված են այնպիսի ազդեցություններով, ինչպիսիք են բերքի համատարած ձախողումները, անտառային հրդեհները և ջրի պակասը: Հողերի դեգրադացիայի և կլիմայի փոփոխության հետևանքով սրված երաշտները դառնում են ավելի հաճախակի և ուժեղ՝ 29%-ով ավելի, քան 2000թ., և տարեկան դրանից տուժում է 55 միլիոն մարդ: 2050թ. երաշտը կարող է ազդեցություն ունենալ աշխարհի բնակչության մոտ երեք քառորդի վրա: Սա գլոբալ և արդի խնդիր է։
Մյուս խնդիրը անապատացումն է, որը չի նշանակում գոյություն ունեցող անապատների ընդլայնում։ Անապատացումը տեղի է ունենում այն պատճառով, որ չոր հողային էկոհամակարգերը, որոնք կազմում են աշխարհի ցամաքի ավելի քան մեկ երրորդը, չափազանց խոցելի են գերշահագործման և հողի անկայուն օգտագործման համար: Աղքատությունը, քաղաքական անկայունությունը, անտառահատումները, գերարածեցումը և ոռոգման ոչ ճիշտ մեթոդները նվազեցնում են հողի արտադրողականությունը.
ՄԱԿ-ը կոչ է անում գլոբալ հանրության բոլոր անդամներին վերաբերվել հողին որպես սահմանափակ և թանկարժեք բնական կապիտալի, առաջնահերթ ուշադրություն դարձնել դրա առողջացմանը համաճարակից հետո և ջանք գործադրել հողերի վերականգնման համար ՄԱԿ-ի էկոհամակարգերի վերականգնման տասնամյակի ընթացքում:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն`
- Ավելի ու ավելի շատ մարդիկ կսկսեն ապրել ջրի ծայրահեղ սակավ քանակով տարածքներում, այդ թվում՝ մինչև 2040 թվականը յուրաքանչյուր չորրորդ երեխան (ՅՈՒՆԻՍԵՖ):
- 1900-2019 թվականների ընթացքում երաշտներն ազդել են աշխարհի 2,7 միլիարդ մարդու վրա և 11,7 միլիոն մարդու մահվան պատճառ են դարձել:
Հայաստանը ևս զերծ չէ անապատացման երևույթներից: 2015թ-ին ընդունված ՀՀ-ում անապատացման դեմ պայքարի ռազմավարության համաձայն` Հայաստանի տարածքի 48.8%-ն անապատացվում է, 24.3%-ը գտնվում է անապատացման ռիսկի գոտում, միայն տարածքի 22.6%-ի վրա անապատացման պրոցեսներն արտահայտված չեն:
Այս տարի Շրջակա միջավայրի նախարարությունը Անապատացման և երաշտի դեմ պայքարի օրվան նվիրված տեսահոլովակ է պատրաստել:
Լուսանկարը՝ www.un.org
Հունիս 17, 2022 at 15:40