Սևանա լճի ծաղկման վերաբերյալ ԷկոԼուրին են դիմել Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Արեգունի բնակավայրում հանգստացող քաղաքացիներ:
«Մի քանի օրով եկել էինք հանգստանալու Սևանա լճի ափին: Երեխաները մտան ջուրը, բայց քիչ հետո ասացին, որ լավ չեն զգում իրենց, խեղդոցի զգացողություն ունեն: Սևանա լճում այդ կանաչ ջրիմուռների առկայությունն արդյո՞ք վտանգավոր է լողացողների համար»,- հարցրել են նրանք՝ ուղարկելով կանաչած լճի լուսանկարը: ԷկոԼուրն ահազանգի հեղինակին խորհուրդ տվեց չլողալ լճի կանաչած հատվածներում:
Կանաչած լճի լուսանկարներ և տեսանյութ հուլիսի 15-ին հրապարակեց նաև ֆեյսբուքյան օգտատեր Գոռ Գևորգյանը: Նա նշել է, որ լուսանկարներն արել է Մեծ Սևանի տարածքում:
ԷկոԼուրը Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարությունների ուշադրությունն է հրավիրում այս և նմանատիպ դեպքերին և կոչ անում տալ համապատասխան մասնագիտական եզրակացություններ:
Հուլիս 15, 2022 at 17:34