Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023թ․ սեպտեմբերի 19-ին սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց, և՛ զինվորական անձնակազմի շրջանում։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմից՝ հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։
Քաղաքացիական բնակչության թիրախավորման, քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր արձանագրվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների խաղաղ բնակավայրերում և Ստեփանակերտում։
«Կապի համակարգի թիրախավորման և ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով ՄԻՊ աշխատակազմը բախվում է լրջագույն խնդիրների փաստերի հավաքագրվման առումով։ Փաստահավաք աշխատանքները շարունակվում են։ Քաղաքացիական բնակչության և օբյետների շրջանում արձանագրված վնասների վերաբերյալ հանդես կգանք թարմացվող հաղորդագրություններով։
Ինամսյա շրջափակումից, սովամահության ենթարկելուց և հյուծումից հետո Ադրբեջանի հանցավոր իշխանություններն անցել են Արցախի ժողովրդի ցեղասպանության արյունալի փուլին։ Սա ադրբեջանական շարունակական հանցագործությունների անպատժելիության և միջազզգային հանրության անհասցե գործողությունների հետևանքն է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության՝ այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00֊ից սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Սեպտեմբեր 19, 2023 at 17:35