Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Այս մասին նշված է Արցախի նախագահի աշխատակազմի կողմից տարածած հաղորդագրության մեջ:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր ժամը 13-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
Կողմերը պայմանավորվել են «Հայաստանի Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների» դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, Լեռնային Ղարաբաղից ծանր զինտեխնիկայի և սպառազինությունների դուրսբերման մասին՝ «դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով»:
Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման հարցերի՝ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում՝ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին և հետագա հանդիպումների ժամանակ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբեր 20, 2023 at 15:03