

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ն կոչ է անում ՀՀ կառավարությանն արգելել քլորպիրիֆոս թունաքիմիկատի օգտագործումը։ Քլորպիրիֆոսը բարձր վտանգավորության թունաքիմիկատ է, որը հայտնի է երեխաների ուղեղը քայքայելու հատկությամբ: Չկա քլորպիրիֆոսի ազդեցության անվտանգ մակարդակ: Այս թունաքիմիկատն արգելվել է ամբողջ Եվրոպայում 2020թ-ին՝ հիմնվելով ապացույցների վրա առ այն, որ այն կարող է երեխայի ուղեղը վնասել և խանգարել պտղի ուղեղի զարգացմանը:
Քլորպիրիֆոսը լայնորեն կիրառվում է Հայաստանում։
Որպես «Աղտոտիչների վերացման միջազգային ցանց»-ի (IPEN) անդամ՝ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ն, ուսումնասիրել և պարզել է, որ տարեցտարի ավելանում է Հայաստան քլորպիրիֆոս պարունակող թունաքիմիկատների ներկրման ծավալը։ Քլորպիրիֆոսը հիմնականում մատակարարվում է որպես բազմաբաղադրիչ պատրաստուկների մաս: 2022 թվականին ներկրված թունաքիմիկատների 42,6%-ը (513) միջատասպան նյութեր են, ընդ որում՝ միջատասպանների 11%-ը քլորպիրիֆոս պարունակող պատրաստուկներ են։
Ըստ ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի՝ շրջակա միջավայրի աղտոտվածությունը, մարդկանց վրա քլորպիրիֆոսի ազդեցությունը և դրա հետևանքով առաջացած առողջական խնդիրները փաստագրված են բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Մեքսիկայում, Չիլիում և այլուր: Քլորպիրիֆոսի մնացորդային քանակները լայնորեն հայտնաբերվել են բանջարեղենում և այլ սննդամթերքներում:
Երեխաների շրջանում քլորպիրիֆոսն առաջացնում է ուշադրության պակաս և գերակտիվություն, մտավոր և շարժական հմտությունների զարգացման խանգարումներ: Քլորպիրիֆոսը կարող է նաև մեծահասակների շրջանում առաջացնել նյարդաբանական խանգարումներ։
Կենդանիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քլորպիրիֆոսը խաթարում է էնդոկրին համակարգի գործառույթը, ունի էստրոգեն և անդրոգեն ազդեցություն: Ուղեղի վրա քլորպիրիֆոսի կործանարար հետևանքները հայտնաբերվել են նույնիսկ ամենացածր չափաքանակներով ազդեցության դեպքում։ Այստեղից հետևում է, որ ազդեցության անվտանգ մակարդակ չկա:
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն կոչ է անում ՀՀ կառավարությանն արգելել այս թունաքիմիկատը և շարժվել դեպի ավելի անվտանգ սնունդ և գյուղատնտեսություն։
«Մենք կոչ ենք անում մեր կառավարությանը քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու քլորպիրիֆոսի հետ կապված առողջապահական և բնապահպանական սպառնալիքներին՝ սահմանելով դրա օգտագործման նկատմամբ ազգային արգելք։ Քլորպիրիֆոսի առավել անվտանգ այլընտրանքները, ներառյալ բնապահպանական առումով անվտանգ, առանց թունաքիմիկատների գյուղատնտեսական գործելակերպերն արդեն կիրառվում են ողջ աշխարհում: Այս թունաքիմիկատը չափազանց մեծ վտանգներ է ներկայացնում մեր երեխաների, հողօգտագործողների, գյուղատնտեսական աշխատողների, թունաքիմիկատներ վաճառողների և մեր գյուղական համայնքների համար, և մենք այլևս չպետք է հանդուրժենք դրա օգտագործումը», - ասում է ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը։
Քլորպիրիֆոսի և այլ բարձր վտանգավորության թունաքիմիկատների մասին՝ այստեղ:
Մայիս 16, 2024 at 16:13