Գյումրի գետակի գետնուղու փլուզումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Գյումրիի համար. ահազանգ գյումրեցիներից

Գյումրի գետակի գետնուղու փլուզումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Գյումրիի համար. ահազանգ գյումրեցիներից

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն ահազանգ է ստացել Գյումրիի բնակիչներից, որ փլուզման վտանգի տակ է Ախուրյանի վտակ Գյումրի գետակի գետնուղին, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ քաղաքի համար։

Ըստ բնակիչների՝ ժամանակին, երբ գետը վարարում էր, քաղաքի կենտրոնը տիղմով էր լցվում, անգամ կառքերը չէին կարողանում անցնել։ Այդ պատճառով էլ հանրային միջոցներով 1907 թ-ին կառուցվել է 6 մ լայնությամբ, 4 մ բարձրությամբ և 900 մ երկարությամբ Գյումրի գետակի գետնուղին, որպեսզի գետը չհեղեղվի։ Այն դարձել է Գյումրիի կոյուղատարը և աղբատարը․ բնակիչներն աղբ են լցնում գետի մեջ, Գյումրիի ձախափնյա ամբողջ թաղամասում կոլեկտոր չկա, բոլոր կոյուղագծերով կեղտաջրերը լցվում են գետակ։ Գետնուղին անցնում է Գյումրիի հին պատմական կենտրոնով, կենտրոնական հրապարակով, եկեղեցիների կողքով։ Այժմ գետնուղին լցված է աղբով, պատերը քայքայված են։ Որոշ հատվածներում գետնուղու կողային պատերը քայքայվել են, բայց վերևի ծածկը մնացել է օդում կախված։ «Եթե փլուզում եղավ, քաղաքի կենտրոնական, պատմական հատվածի զգալի մասը ջրածածկ կլինի։ Անհրաժեշտ է գետնուղին կապիտալ վերակառուցել, մաքրել աղբից»,- ասացին բնակիչները։ Նրանք նշեցին, որ Գյումրիի համայնքապետարանն իր ուժերով ի զորու չէ միայնակ խնդիրը լուծել։

Էկոլուրն ահազանգն ուղղել է ՀՀ ներքին գործերի նախարարություն և խնդրել տեղեկացնել խնդրի կարգավորմանն ուղղված նախարարության միջոցառումների մասին։

 



Մայիս 16, 2024 at 19:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր