Որո՞նք են «Աերացիա» մաքրման նոր կայանի չաշխատելու պատճառները, ՏԿԵՆ-ի պատասխանը

Որո՞նք են «Աերացիա» մաքրման նոր կայանի չաշխատելու պատճառները, ՏԿԵՆ-ի պատասխանը

Երևանի չլուծված խնդիրներից է կեղտաջրերի մաքրումը։ «Աերացիա» մաքրման կայանը մասամբ է կատարում մեխանիկական մաքրում, կայանի ճաղավանդակային հատվածը որսում է խոշոր աղբը։ Կեղտաջրերը հոսում են Հրազդան գետ։ Պաշտոնական տվյալներով «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանի միջոցով տարեկան Հրազդան գետ է լցվում 55 մլն խմ կեղտաջուր։ Երևան քաղաքից դուրս գալուց հետո Հրազդան գետը հիմնականում ունի 5-րդ դասի ամենաբարձր աղտոտվածություն։

Երևանի «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանի տարածքում 2015-2016թթ-ին կառուցվեց կեղտաջրերի մեխանիկական մաքրման նոր կայան Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև կնքված ֆինանսական արձանագրության շրջանակներում։ Հայաստանին տրամադրվեց 24 900 000 եվրո, որից 500 հազարը՝ դրամաշնորհ, 24 400 000-ը՝ փոխառություն Երևանի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման համար։ Մամուլում առկա հրապարակումների համաձայն՝ աշխատանքների ավարտից հետո մաքրման նոր կայանը չի աշխատել առկա թերությունների, կայանի կառուցման պայմանագիրը ավարտված չհամարվելու, փորձաքննական գործընթաց չանցնելու պատճառով։ 2019թ․ «Աերացիա»-ի ծրագրի փաթեթը փոխանցվել է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ին։

Էկոլուրը հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (ՏԿԵՆ)՝ պարզելու․

  1. արդյո՞ք կատարվել են վարկային պարտավորությունները և արդյո՞ք առկա է աշխատանքների ավարտական ակտ
  2. որո՞նք են «Աերացիա» մաքրման նոր կայանի չաշխատելու պատճառները
  3. ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն «Աերացիա» մաքրման կայանի շահագործումն ապահովելու համար
  4. կայանի չաշխատելու պայմաններում տարեկան որքա՞ն կեղտաջուր է լցվում Հրազդան գետ։

Ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը սույն թվականի մայիսի 5-ի N ՆՄ//12884-2024 նամակով տեղեկացրել է․

«Հայտնում ենք, որ «Աերացիա ԿՄԿ վերականգնման աշխատանքներ» (N ՀԶԾԻԳ- ԲԸԱՇՁԲ-14/3) պայմանագիրը հանդիսանում է Fidic Red Book (կարմիր գիրք) դասի, և պայմանագրով իրականացված գործընթացների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Աերացիա ԿՄԿ-ի նոր կայանի՝ որպես գույքային միավոր ձևավորված լինելու հիմքերն առկա չեն, և պայմանագիրը համարվում է անավարտ։

Պայմանագրի պատվիրատուի իրավունքներն ու պարտավորությունները իրացնելու, պայմանագրի կատարումն ապահովելու, իսկ ստեղծված արդյունքը որպես գույքային միավոր ձևավորելու և «Արեացիայի» նոր ԿՄԿ-ի հետագա գործարկումն ու շահագործումն ապահովելու նպատակով՝ բազմակողմանի ուսումնասիրություններ և քննարկումներ են կազմակերպվել։ Ներկայումս քննարկումներ են ընթանում «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հետ կայանի շահագործումը վերջինիս կողմից իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ։

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթում է գտնվում թիվ 61205320 գործը՝ «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանի վերականգնման աշխատանքներում ի հայտ եկած թերությունների փաստով։

«Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայան մուտք գործող փաստացի ելքը կազմում է շուրջ 150 000 խմ/օր կամ 55 մլն խմ/տարի։

Հայտնում ենք նաև, որ «Աերացիա» ԿՄԿ վերականգնման աշխատանքների ավարտական ակտ առկա չէ, իսկ վարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ ճշգրտված տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն»։

Գլխավոր լուսանկարը՝ Հետքի

Մայիս 06, 2024 at 17:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր