Օրերս Երևանի Օրհուս կենտրոնում կայացավ քննարկում «Երևանի կոշտ կենցաղային թափոնների (Նուբարաշենի) աղբավայրում կենսագազի կորզման ու էլեկտրաէներգիայի արտադրություն» ծրագրի և հետագայում նման ծրագրերի իրականացման հնարավորության մասին:
Քննարկումը կազմակերպել էր «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ: Քննարկմանը մասնակցել են նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ, հասարակական կազմեկարպությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Խազեր» կազմակերպության փորձագետ Արամ Գաբրիելյանը ներկայացրեց «Երևանի կոշտ կենցաղային թափոնների (Նուբարաշենի) աղբավայրում կենսագազի կորզման ու էլեկտրաէներգիայի արտադրություն» ծրագիրը՝ նշելով, որ այն նպատակ ուներ ամրապնդել Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայով սահմանված դրույթները: Ծրագրի շրջանակներում ճապոնական «Շիմիձու» կորպորացիան Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի ներքո մտադիր էր Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման ծրագիր իրականացնել՝ արտադրելու էլեկտրաէներգիա և կրճատելու ջերմոցային գազերի արտանետումները աղբավայրից։ Սակայն ծրագիրն ամբողջությամբ կյանքի չկոչվեց։
Արամ Գաբրելյանի խոսքով՝ ի սկզբանե կենսագազի կորզման համար ճապոնական կողմին հատկացված աղբավայրի 6,5 հա տարածքում հաշվարկվել է ավելի քան 896 հազար տոննա կենսագազի պոտենցիալ, բայց ծրագրի ավարտին կորզված կենսագազի քանակն ավելի քիչ է եղել: «2016թ․ դրությամբ սերտիֆիկացվել է 208 հազար տոննա CO2-ին համարժեք ջերմոցային գազերի արտանետում», - նշեց նա: Ըստ Արամ Գաբրելյանի՝ ծրագրի ընթացքում աղբավայրից տարբեր տարիներին CO2-ի արտանետումների կրճատում է դիտվել՝ 2009-2010թթ.՝ 12 հազար տոննայի, 2010-2011թթ.՝ մոտ 29 հազար տոննայի չափով:
Քննարկման մասնակիցները նշեցին, որ նոր աղբավայրին զուգահեռ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հին աղբավայրի փակման ուղղությամբ, որը կարելի է իրականացնել տարբեր գործընթացների շրջանակում, հատկապես, որ Հայաստանի Հանրապետությունը միացել է նաև մեթանի արտանետումների կրճատման համաշխարհային նախաձեռնությանը։
ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի մասնագետ Դիանա Հարությունյանը նշեց, որ նոր նախաձեռնություն կարելի է մեկնարկել Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի 6․4 կամ 6.2 կետերի շրջանակում։ Նա նաև բարձրաձայնեց վերջին շրջանում Նուբարաշենի աղբավայրում դիտվող հրդեհների խնդիրը, որի հետևանքով մայրաքաղաքի օդն աղտոտվում է թունավոր նյութերով:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը նշեց, որ աղբավայրի հարցը կարելի է ներառել ՄԱԶԾ «Կլիմայական խոստում» ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի կողմից մշակվող «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրում» (SECAP), քանի դեռ այն մշակման փուլում է: Նա նաև ասաց, որ Երևանի «Կանաչ քաղաք» ծրագրում աղբավայրի խնդիրը նույնպես դիտարկվելու է։
Հիշեցնենք, որ ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան՝ 2023թ. փետրվարի 6-ին Երևանի քաղաքապետարանից ԷկոԼուրին հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանի և «Շիմիձու» կորպորացիայի միջև 10.03.2009թ.-ին «Նուբարաշենի աղբավայրում բիոգազի հավաքման աշխատանքների իրականացման մասին» ՄԶՄ ծրագրի ներքո կնքված համաձայնագիրը, ճապոնական կողմի դիմումի համաձայն, դադարեցվել է՝ ելնելով կողմերի միջև 31.10.2021թ.-ին կնքված համաձայնագրից: «Համաձայն Երևանի քաղաքապետի 2022 թվականի հունվարի 26-ի թիվ 271-Ա որոշման Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում կենսագազի հավաքման և այրման կայանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲ ընկերությանը՝ հետագա շահագործման և պահպանման նպատակով։ Նուբարաշենի աղբավայրում ջերմոցային գազերի կրճատման արդյունքում էլեկտրական էներգիայի արտադրություն չի իրականացվել՝ ելնելով մեթան գազի կորզման իրական և ծրագրի ընթացքում ակնկալվող արդյունքների անհամապատասխանությունից՝ կախված կորզված գազի քանակական և որակական ցուցանիշներից։ 2009-2023թթ. ընկած ժամանակահատվածում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ծավալները (CO2 գազի արտանետումներին համարժեք) կազմել են 176,959 տ»,- նշված է պատասխանի մեջ։
Լուսանկարը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության
Ապրիլ 30, 2024 at 18:18