

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը սպասվում են հորդառատ անձրևներ։ Նշված ժամանակահատվածում հանրապետության մի շարք շրջաններում, հատկապես կենտրոնական գոտում, այդ թվում՝ նաև Երևանում կթափվի հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափ տեղում։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Վեոլիա ջուր» ընկերության և Երևանի քաղաքապետարանի կողմից մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ, որոնց ներգրավված է լինելու նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը։
«Վարչական շրջաններում այսօր երեկոյից սահմանվելու են հերթապահություններ՝ տեղերում հնարավոր ջրականգերին արագ միջամտելու և լոկալ բնույթի խնդիրները վերացնելու նպատակով։ Հեղեղատարներում և անձրևընդունիչներում հնարավոր կուտակումներից զերծ մնալու համար, որպես աջակցություն, գործընթացում ներգրավվելու են նաև «Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի» մարդկային ռեսուրսները։ Աշխատանքներին նաև մասնակցելու են «Կանաչապատում և շրջակա միջայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ուժերը։
Վարորդներին հորդորում ենք տեղումների ժամանակահատվածում անձնական օգտագործման մեքենաներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբեր 16, 2024 at 16:09