ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել է «Երեխաների վիճակն աշխարհում 2024 թվականին, երեխաների ապագան փոփոխվող աշխարհում» նոր զեկույցը։
Զեկույցում ներկայացված են կանխատեսումներ, թե մինչև 2050 թվականը և դրանից հետո ինչ ազդեցություն կունենան երեխաների վրա կլիմայական և բնապահպանական ճգնաժամերը։
Զեկույցի համաձայն՝ 2050-2059 թվականների ընթացքում կլիմայական և բնապահպանական ճգնաժամերն ավելի լայն տարածում կունենան։ Երեխաների թիվը, որոնք կենթարկվեն ծայրահեղ շոգերի ազդեցությանը, 2000-ականների համեմատ կաճի 8 անգամ, գետերի ափամերձ տարածքների հեղեղումների ազդեցությանը ենթարկված երեխաների թիվը՝ 3 անգամ, իսկ անտառային խոշոր հրդեհների ազդեցությանը ենթարկված երեխաների թիվը՝ 2․5 անգամ:
Թե ինչպես կլիմայական այս վտանգները կազդեն երեխաների վրա, կախված կլինի նրանց տարիքից, առողջական վիճակից, սոցիալ-տնտեսական իրավիճակից և ռեսուրսներին հասանելիությունից: Օրինակ, կլիմայական վտանգներից պաշտպանող ապաստարաններին, հովացման ենթակառուցվածքներին, առողջապահության ու կրթության համակարգերին և մաքուր ջրին հասանելիություն ունեցող երեխաներն ավելի մեծ հնարավորություն կունենան դիմակայելու կլիմայական ցնցումներին, քան նրանք, որոնք դրանց հասանելիություն չունեն:
Զեկույցն ընդգծում է նպատակային բնապահպանական միջոցառումների խիստ անհրաժեշտությունը՝ բոլոր երեխաներին պաշտպանելու և նրանց առջև ծառացած վտանգները նվազեցնելու համար:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետներն առաջարկում են զարգացնել կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը ենթակառուցվածքներում, տեխնոլոգիաներում, հիմնական ծառայություններում և սոցիալական աջակցության համակարգերում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը նշել է․ «Երեխաների առջև ծառացած են անհամար ճգնաժամեր, և դրանք էլ ավելի կխորանան առաջիկա տարիներին։ Համաշխարհային առաջնորդների այսօր կայացրած կամ չկայացրած որոշումները սահմանում են այն աշխարհը, որը կժառանգեն երեխաները: 2050 թվականին ավելի լավ ապագա կերտելը պահանջում է ոչ միայն երևակայություն, այլև գործողություններ»։
Նոյեմբեր 25, 2024 at 16:38