

ԷկոԼուր
Նուբարաշենի ժամկետնանց թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում իրավիճակը շարունակում է ծանր մնալ:
Չնայած նրան, որ գերեզմանոցը ծածկվել է, շարունակում են մթնոլորտ արտանետվել տոքսիկ նյութեր: Գերեզմանոցի մոնիտորինգն իրականացնող «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի մասնագետները կարծում են, որ դրա պատճառը կարող են լինել հողի զանգվածները, որոնք խառնվել են գերեզմանոցից դուրս եկած, մակերեսին մնացած թունաքիմիկատների հետ: Կազմակերպության փորձագետ Լիլիկ Սիմոնյանի կարծիքով` անհրաժեշտ է շտապ միջոցառումներ ձեռնարկել գերեզմանոցի 500 տոննա պարունակության լիկվիդացման համար:
Հատկապես վտանգ է ներկայացնում այն փաստը, որ գերեզմանոցի մասսան զգալիորեն ավելացել է: Տարածքը ծածկված է հիդրոմեկուսիչի` տոլի հաստ շերտով եւ հետո նոր հողով: Բացառված չէ, որ մասսայի ավելացումից են արագացել սողանքային գործընթացները: «Այդ մասին վկայում են նոր ճաքերը եւ խրամատների քանդվող պատերը, որոնք փորվել էին ջուրը հեռացնելու համար»,- ասում է Լիլիկ Սիմոնյանը,- «ես վախենում եմ, որ գարնանը մենք նոր աղետի առաջ կկանգնենք, քանի որ ձյունից եւ անձրեւից սողանքներն էլ ավելի կուժեղանան»:
Նշենք, որ գերեզմանոցի ծածկման նախագծի մշակման եւ շինարարական աշխատանքների համար ՀՀ կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանն է տրամադրել 31 միլիոն 650 հազար դրամ: Բացի այդ, անհրաժեշտ էր մաքրել եւ վերականգնել ջրի դրենաժային համակարգը:
Հաշվի առնելով ռիսկի աստիճանը` գերեզմանոցի ծածկման աշխատանքների ընթացքը գնահատվել է Համաշխարհային բանկի փորձագետի կողմից: Հաշվետվության համաձայն` Համաշխարհային բանկի առաքելությունն այդպես էլ չի կարողացել պարզել, թե ինչպես է հենց այդ ընկերությունն ընտրվել աշխատանքների իրականացման համար, եւ մրցույթի ժամանակ ընտրության համար ինչ չափանիշներ են օգտագործվել: Առաքելությունը տվել է նաեւ այլ հարցեր: Օրինակ` ինչպիսին է գերեզմանոցում օգտագործվող սարքավորումների վիճակը, ընկերության աշխատողներն ունեն համապատասխան գիտելիքներ, հմտություններ, ռեսուրսներ եւ փորձ, ի վիճակի են իրականացնել այն աշխատանքները, որոնք պահանջվում են ստեղծված լուրջ իրավիճակում: «Կապալառուի աշխատանքի կատարողականը զգալի բարելավման կարիք ունի»,- նշված է հաշվետվության մեջ:
Հաշվետվության մեջ մատնանշվում է պատվիրատուի (բնապահպանության նախարարություն) եւ կատարողի կողմից ինժեներական վերահսկողության բացակայությունը: Նաեւ նշվում է, որ ընկերությունը չուներ մանրամասն նախագիծ, որում կնշվեր, թե ինչպես է պետք խուսափել թունաքիմիկատների տարածումից եւ մաքուր ու աղտոտված հողերի իրար խառնումից:
Նշենք, որ շինարարական աշխատանքների մրցույթի հաղթողը «Նաիրիշին» կազմակերպությունն է, որը, մեր տեղեկությունների համաձայն, պատկանում է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:
Նոյեմբեր 19, 2010
