

ԱրմԻնֆո
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում ուժեղացել են սողանքային գործընթացները: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ոչ կառավարական կազմակերպության փորձագետ Լիլիկ Սիմոնյանը:
«Մինչև գարուն անհրաժեշտ է վերջնականապես լուծել գերեզմանոցի հարցը: Երբ հալչի ձյունը և անձրևներ տեղան, սողանքային գործընթացները կուժեղանան: Թե ինչ կլինի այդ ժամանակ, դժվար է ասել: Ի հայտ կգան նոր ճեղքեր, գերեզմանոցը կարող է մասամբ փլուզվել»,- նշել է նա: Նրա խոսքով, դրանում ոչ պակաս դեր կխաղա նաև այն, որ այս տարի գերեզմանոցում ստեղծված արտակարգ իրավիճակի վերացման ընթացքում գերեզմանոցը ծածկվել է լրացուցիչ հողաշերտով: «Գերեզմանոցի հողաշերտը ծանրացել է, և այն վայր կսողա նոր ուժով»,- հայտարարել է Սիմոնյանը:
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը կառուցվել է 1976 թվականին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ: Այն գտնվում է ակտիվ սողանքային գոտում` բնական ցորենի արգելանոցի անմիջական հարևանությամբ: Գերեզմանոցում թաղված է 600 տոննա թունաքիմիկատ, որից 512 տոննան առաջին և երկրորդ կարգի վտանգավորության նյութեր են:
Դեկտեմբեր 16, 2010
