

ԱրմԻնֆո
Գարունը կարող է տհաճ անակնկալներ պատրաստել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի համար:
«Վտանգն այն է, որ գերեզմանոցը գտնվում է ակտիվ սողանքային գոտում: Ցավոք, անցած տարի, այն բանից հետո, երբ արտակարգ իրավիճակի վերացման համար գերեզմանոցը ծածկվել է նոր հողաշերտով, սողանքային գործընթացներն ակտիվացել են, և ի հայտ են եկել նոր ճեղքվածքներ»,-հաղորդել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» կազմակերպության /AWHHE/ փորձագետ Լիլիկ Սիմոնյանը մարտի 10-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ անձրևների առատ տեղումների և ձյան հալոցի հետևանքով իրավիճակը գերեզմանոցում կարող է վատթարանալ:
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը կառուցվել է 1976 թվականին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ: Այն գտնվում է ակտիվ սողանքային գոտում`բնական ցորենի արգելանոցի անմիջական հարևանությամբ: Գերեզմանոցում թաղված է 600 տոննա թունաքիմիկատ, որից 512 տոննան առաջին և երկրորդ կարգի վտանգավորության նյութեր են: Գերեզմանոցը չունի հատակ, պատեր և տանիք: Թունաքիմիկատները թաղված են անմիջապես հողի մեջ: Ուշագրավ է, որ դեռ 10 տարի առաջ գերեզմանոցի խնդիրն ակտիվ բարձրացվել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (AWHHE) կազմակերպության կողմից: Չնայած պետական կառույցներին ուղղված բազմաթիվ դիմումներին`ողջ այս տարիներին խնդրի նկատմամբ ուշադրությունը սահմանափակվել է պարբերաբար արգելող նշաններ և փշալարեր տեղադրելով:
Մարտ 11, 2011
