Թունաքիմիկատների քանակը Նուբարաշենում չի նվազել

Թունաքիմիկատների քանակը Նուբարաշենում չի նվազել

Ա1+

Հայ մայրերի կաթի մեջ հայտնաբերվել է 44.4% հեքսաքլոր և 98%-ից ավելի ԴԴՏ թունաքիմիկատ: Այս տվյալները ապացուցում են, որ Հայաստանում այս թունաքիմիկատները բնամթերքի մեջ մեծ տարածում են գտել: Այս մասին մայիսի 31-ին Ծաղկաձորում անցկացված Հայաստանում թունավոր աղտոտիչներով ու թունաքիմիկատներով աղտոտվածության հիմնախնդիրների քննարկմանը նվիրված միջազգային համաժողովի ժամանակ հայտնեց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լիլիկ Սիմոնյանը: Ըստ նրա` դրանք տարածվում են ոչ միայն հողի ու ջրի, այլ նաև սննդամթերքի մեջ:

«Այսօր հանրապետությունում կա 500 տոննա թունաքիմիկատներ, որոնց 60 %-ը կազմում են առաջին և երկրորդ կարգի թունաքիմիկատներ: Իսկ Նուբարաշենի գերեզմանոցը սողանքային գոտի է, ինչը ավելի է նպաստում թունաքիմիկատների տարածմանը: Սրան նպաստում է նաև մարդկանց անտեղյակությունը այս հարցին, քանի որ տարածքին շատ մոտ հայտնաբերվել են գոմաղբեր` այսինքն` մարդիկ այս տարածքում նաև անասուններ են արածացնում»,-ասաց Լիլիկ Սիմոնյանը:

«Արնիկա» ասոցիացիայի ներկայացուցիչ Յինդրիխ Փեթրլիկի խոսքերով թունաքիմիկատներով հագեցած ամենահագեցած տարածքը Նուբարաշենն է, ինչպես նաև թունաքիմիկատային պահեստներ ունեցող Ջրառատ գյուղն ու Էջմիածին և Մասիս քաղաքները:

«Այստեղ մեծ է հատկապես ԴԴՏ-ի քանակը: Սակայն այլ մանրէասպանների դեպքում ևս սահմանային նորման բարձր է: Այս տարածքներում առկա թափոնների այրումը կարող է դառնալ նոր աղտոտման պատճառ: Այդ պատճառով պետք է գտնել խնդրի լուծման լավագույն տարբերակները»,-ասաց Յինդրիխ Փեթրլիկը:

Նուբարաշենի գերեզմանոցում ոչ միայն առկա են տարատեսակ թափոններ, այլ մեծ խնդիր է նաև այն, որ այդ քիմիկատները խառնված են իրար, ինչը ավելի է բարդացնում դրանց ոչնչացումը: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Կարապետ Կարապետյանի` Նուբարաշենում պետք է ստեղծել կանխարգելիչ համակարգեր և վերափաթեթավորել ժամկետանց մանրէասպաններին:

«Մեկ անգամ 2008թ-ին և դրանից հետո 2010-ի մայիսին որոշ մարդիկ մտել էին գերեզմանոց` համապատասխան տեխնիկայով ավերել գերեզմանոցի վերին շերտը: Նրանք մի քանի մետր փորել էին և այդպես բաց թողել ու գնացել, ինչը ևս պատճառ է դարձավ թունաքիմիկատների տարածման: Հարուցվեց քրեական գործ, սակայն մինչ օրս այդ մարդիկ չեն հայտնաբերվել: Այդ օրվանից ոստիկանությունը այստեղ շուրջօրյա վերահսկողություն է իրականացում»,-ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը:

Ըստ ԱԻՆ պաշտոնական տվյալների` Նուբարաշենում կան 57.000 կգ տարբեր տեսակի թունաքիմիկատներ: Խնդրի լուծման համար ըստ համաժողովի մասնակիցների հնարավոր է միայն պետական մարմինների, փորձագետների ու ՀԿ-ների փոխգործակցությամբ:

Հունիս 02, 2011 at 16:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր