

ԷկոԼուր
Նոյեմբերի 1-ին` ժամը 15:00-ին, ՀՀ բնապահպանության նախարարության շենքի մոտ կանցկացվի բողոքի ցույց` ի պաշտպանություն Թռչկանի ջրվեժի: «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. ««Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությունը բոլոր բնասեր քաղաքացիներին և հատկապես ուսանողությանը կոչ է անում մասնակցել նոյեմբերի 1-ին նախատեսվող հզոր ցույցին: Մինչ մի խումբ երիտասարդներ հենց Թռչկանի մոտ գիշերուզօր հերթապահում են, որպեսզի Թռչկանի ջուրը թեկուզ մեկ կաթիլով չպակասի, Երևանում շատ ավելի կարևոր աշխատանք ունենք. կառավարությանն ու բնավիրման նախարարությանը ստիպել վերջապես օրինական լուծում տալ Թռչկանի հիմնախնդրին, իսկ դրա …համար անհրաժեշտ է բոլորիս համախմբվածությունը: Եկեք ապացուցենք, որ վրանային ճամբարի մասնակիցները մենակ չեն, նրանց աջակցում են առնվազն 500, 1.000 կամ ավելի մարդ... մենք ենք այս երկրի տերը և մենք չենք վաճառում մեր Թռչկանը:
Կհանդիպենք երեքշաբթի, 15:00-ին, բնավիրման նախարարության մոտ (հրապարակի հարևանությամբ, վերնիսաժի մոտ): Չմոռանաք ձեզ հետ վերցնել Թռչկանի փրկության կոչերով պաստառներ»:
Ստորեւ ներկայացնում ենք նախորդ շաբաթ Թռչկանի շուրջ ծավալված իրադարձությունների մամուլի տեսությունը:
Թռչկանի համար տեղի ունեցած հանդիպման արդյունքների վերաբերյալ Բնապահպանության նախարարության մամլո ծառայությունը նույնպես մամլո հաղորդագրություն է տարածել
Էկոլուր- ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի ունեցավ լսումներ նվիրված «Թռչկան» ջրվեժի պահպանությանը: Հանդիպմանը մասնակցում էին «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անդամները, բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, անկախ փորձագետ, շինարարը և նախագծողները:
Հանդիպման ժամանակ բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները բարձրացրեցին մի շարք հարցեր, մասնավորապես` անձնագիր տալ «Թռչկան» ջրվեժին` հստակեցնելով նրա սահմանները, դադարեցնել շինարարությունը, չեղյալ համարել բնապահպանական փորձաքննական եզրակացությունը, ինչպես նաև առաջարկեցին ՀԷԿ-ը կառուցել ջրվեժից ներքև ընկած հատվածում` զարգացնելով էկոտուրիզմը, ինչը նաև շահավետ կլինի կառուցողի համար: ՀԿ ներկայացուցիչները նախարարին ներկայացրեցին շինարարական աշխատանքների ընթացքում նախագծային լուծումների խախտման որոշակի փաստեր, նախարար Արամ Հարությունյանը հանձնարարեց ստեղծել աշխատանքային խումբ, որում կներգրավվեն բնապահպանության, քաղաքաշինության փորձաքննություն իրականացնող մարմինների մասնագետներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք եռօրյա ուսումնասիրություններ կիրականացնեն տեղում: Նախարարը հորդորեց շինարարին, ևս մեկ անգամ քննարկել ՀԷԿ-ի կառուցումը իրականացնել ջրվեժից ներքև ընկած հատվածում, ինչը բացարձակ չի ազդի «Թռչկան» ջրվեժի բնականոն գործունեությանը:
Շինարարը խոստացավ ևս մեկ անգամ իրականացնել այլընտրանքային հաշվարկներ և հնարավորության դեպքում ՀԷԿ-ը կառուցել ջրվեժից ներքև ընկած հատվածում:
Նախարար Արամ Հարությունյանը հույս հայտնեց, որ քննարկումների, հասարակական լսումների արդյունքում կունենանք այնպիսի հավասարակշռված լուծում, ինչը չի խաթարի հրաշագեղ «Թռչկան» ջրվեժի բնականոն գործունեությունը:
Թռչկանի ազատագրման էկոդեսանտ. թարմ լուրեր
Այսօր արդեն 5-րդ օրն է, ինչ Թռչկան ջրվեժի մոտ գործում է էկո-ճամբարը: Թռչկանի պաշտպաններին հնարավոր չէ չնկատել. այնտեղից, ուր անգործ կանգնած են փորող ու քանդող մեքենաները, երևում է մի քանի մետր հեռվում ծածանվող եռագույն դրոշը, «Թռչկան ջրվեժը ՀԷԿ չի դառնալու» կանաչ դրոշը և WWF վայրի բնության պաշտպանության հիմնադրամի դրոշը (արդեն մի քանի օր է` WWF-ն աջակցում է շարժմանը): Մետաղյա բանվորական տնակը, որ վերածվել է ակտիվիստական կենտրոնակայանի, ամեն կողմից զարդարված է ջրվեժի պաշտպանության պաստառներով:
Դեռ առաջին օրը` երեքշաբթի, հոկտեմբերի 25-ին, տեղ հասնելուն պես ակտիվիստները կասեցրել են Չիչխան գետի մոտ աշխատող բուլդոզերի աշխատանքները: Ինչպես հայտնի է, շինարարության հաստատված նախագիծ գոյություն չունի և շինարարության մասին տեղեկացնող օրենքով սահմանված ոչ մի պաստառ կամ այլ պարագա չկա տարածքում: Երկրորդ և երրորդ օրերն անցել են շինարարների խմբի հետ բանակցելով, նրանցից ոմանց սադրանքներին անընդհատ լուռ դիմակայելով:
Մենք արդեն ունենք փոքր կամ մեծ հաղթանակներ` ուրբաթ օրը Գարուն անունով իր վարորդի հետ միասին տարածքը լքեց Ջեյրան բուլդոզերը, որը հիմնական աշխատող մեքենան էր ու ակտիվիստների ժամանելուց հետո արդեն մի քանի օր է` անգործ կանգնած էր: Մեր տեղեկությունների համաձայն մյուս մեքենաներն էլ պիտի մոտ օրերս դուրս հանվեն տարածքից:
Ամեն օր ճամբարի այցելուների և ակտիվիստների թիվն ավելանում է: Գալիս են ծանոթ ու անծանոթ մարդիկ: Այսօր, անսպասելի եկան միջին տարիքի ամուսիններ Ազատան գյուղից, ովքեր ԳԱԼԱ հեռուստատեսությամբ ռեպորտաժը տեսնելուց հետո եկել էին մեզ մոտ, ուտելիք էին բերել ու ամբողջ օրը մեզ հետ անցկացրեցին: Գյումրիից 7 երիտասարդներ եկան, մոտ 20 հոգի էլ Երևանից: Գրեթե ամեն օր գալիս լրագրողական խմբեր: Առաջին անգամ մեզ այցելեցին ոստիկանները, ովքեր շատ հարգալից էին և ակտիվիստների, և օրենքի նկատմամբ: «Ռոբշին» շինարարական ընկերությունը դիմել էր նրանց` հնարավոր անկարգություններից ապահովված լինելու համար:
Բոլոր նրանց համար, ովքեր մտահոգ են, ասեմ, որ ակտիվիստները բոլորը շատ լավ են, ճամբարում մթնոլորտը հաղթական է, վճռական, գործնական և շատ ուրախ: Չնայած ցրտին ու բոլոր կենցաղային անհարմարություններին, այսօր չկա ավելի հրաշալի տեղ, քան «Թռչանի ազատագրված տարածքը»` քաղաքացիական անհնազանդության այս աննախադեպ օջախը:
Պայքարը շարունակվում է, և բացի ճամբարի ակտիվիստներից, կարևոր է նշել բոլոր նրանց, ովքեր աջակցում են թիկունքում: Շնորհակալություն բոլոր բոլորին` գյուղացիներին, ովքեր անշահախնդիր ձևով սնունդ ու վառելիք են բերում ճամբարին, օգնում են տրանսպորտի և կենցաղային հարցերում, նրանց, ովքեր պատրաստում ու տարածում են այս պայքարի մասին տեղեկատվությունը, ովքեր ոգևորում են իրենց գրած երգերով ու բանաստեղծություններով, ովքեր պայքարում են իրավական դաշտում, ովքեր կազմակերպում են ստորագրահավաքն ու մյուս ակցիաները…
Մեր թիվը պետք է ամեն օր ավելանա ճամբարում, նույնիսկ մեկօրյա ցերեկային այցելությունները կարևոր են, դրանք հզորացնում են մեր շարժումը: Բացի այդ, Երևանում ստորագրահավաք է ընթանում և բողոքի ակցիա է նախապատրաստվում, բազմաթիվ այլ աշխատանքներ են ընթանում: Խնդրում եմ, անտարբեր մի մնացեք, կապվեք «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչ անդամների հետ և որևէ ձևով մասնակցեք, աջակցեք ընդհանուր գործին:
Հավատում ենք, վստահ ենք` Թռչկան ջրվեժը ՀԷԿ չի դառնալու:
Թռչկանի «պահապանների» նկատմամբ բռնություն են գործադրել
1in.am
Թռչկանի «պահապանների» նկատմամբ բռնություն են գործադրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Հեծանիվ +» էկոմարզական ՀԿ նախագահ, աշխարհագրագետ Տիգրան Շահբազյանը, Armenian Extreme club ակումբի տնօրեն Գոռ Հովհաննիսյանը:
«ՀԷԿ-ը կառուցող աշխղեկը՝ «Ռոբշին» ընկերությունից, նրանց բոլոր աշխատողները մեզ թշնամաբար են վերաբերվում, վիրավորական արտահայտություններ են անում, ու լինում են բազմաթիվ միջադեպեր»,- տեղեկացրեց արդեն մի քանի օր Թռչկանի ջրվեժի մոտ «բնակություն» հաստատած Գոռ Հովհաննիսյանը` հավելելով, որ առաջին օրերին «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության կազմակերպած ակցիային մասնակցելու պատրաստակամություն էին հայտնել նաև հարակից գյուղի բնակիչները, սակայն, բանախոսների համոզմամբ, նրանց վախեցրել են:
Ըստ Տիգրան Շահբազյանի` «Ռոբշին» ընկերության նպատակը մեկն է՝ ամեն կերպ խոչընդոտել բնապահպան ակտիվիստներին, որ չկարողանան մնալ այնտեղ և խանգարել շինարարությանը: «Սպասում են, որ մենք գնանք, որ անմիջապես շարունակեն իրենց աշխատանքները: Մենք դրանում համոզվեցինք այն ժամանակ, երբ շաբաթ օրը այցելեցինք, կասեցրինք աշխատանքը: Ընդամենը երկու օր հետո գնացինք և տեսանք, որ տաս օրվա աշխատանք են արել. մենք գնացել ենք առավոտյան շատ շուտ, բայց մառախուղ եղանակին այնտեղ տեխնիկա էր աշխատում, այսինքն՝ իրենք գիշեր-ցերեկ էին աշխատում»,- նշեց Տ. Շահբազյանը:
Համատեղ ասուլիսի ընթացքում ակտիվիստ բնապահպան Սամվել Հովհաննիսյանն ասաց, որ օրեր առաջ, մինչ նստացույցը Չիչխան գետի մոտ, արդեն գետի հունը փոխել էին, անցկացրել խողովակի մեջ, և շինտեխնիկան կանգնած էր այնտեղ, որտեղ երկու օր առաջ հոսում էր Չիչխան գետը. մոտ 150 մետր տարածության մեջ այլևս գետ չէր հոսում:
Բանախոսները ևս մեկ անգամ հաստատեցին, որ շարունակելու են պայքարել գեղեցկուհի Թռչկանի ջրվեժի վրա կառուցվող ՀԷԿ-ի դեմ, և կոչ են անում երիտասարդներին միանալ ակցիային:
Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության ակտիվիստներն ու բնապահպանները բնակություն են հաստատել Չիչխան գետի մոտ, որպեսզի թույլ չտան «Ռոբշին» ընկերությանը իրականացնել իր չարիքը և ոչնչացնել Հայաստանի ամենագեղեցիկ և ջրառատ ջրվեժը: Նոյեմբերի 1-ին երիտասարդները նաև ցույց են կազմակերպելու Բնապահպանության նախարարության շենքի մոտ:
Թռչկանը հսկող բնապահպանների ճամբարը գրանցում է հաջողություններ
Tert.am
Թռչկան ջրվեժի մոտ գործող էկո-ճամբարն այսօր հաղթական ամփոփեց գործնական բնապահպանության 5-րդ օրը։ Facebook-ում այս մասին ժամեր առաջ նշել են ակտիվիստ բնապահպանները. «Գարուն անունով իր վարորդի հետ միասին տարածքը լքեց Ջեյրան բուլդոզերը, որը հիմնական աշխատող մեքենան էր ու ակտիվիստների ժամանելուց հետո արդեն մի քանի օր է` անգործ կանգնած էր: Մեր տեղեկությունների համաձայն մյուս մեքենաներն էլ պիտի մոտ օրերս դուրս հանվեն տարածքից»:
Լրատվամիջոցներից և սոց-ցանցերից տեղեկանալով ակցիայի մասին բազմաթիվ ծանոթ ու անծանոթ մարդիկ են այցելում ճամբարականներին։ «Այսօր, անսպասելի եկան միջին տարիքի ամուսիններ Ազատան գյուղից, ովքեր ԳԱԼԱ հեռուստատեսությամբ ռեպորտաժը տեսնելուց հետո եկել էին մեզ մոտ, ուտելիք էին բերել ու ամբողջ օրը մեզ հետ անցկացրեցին: Գյումրիից 7 երիտասարդներ եկան, մոտ 20 հոգի էլ Երևանից: Գրեթե ամեն օր գալիս լրագրողական խմբեր: Առաջին անգամ մեզ այցելեցին ոստիկանները, ովքեր շատ հարգալից էին և ակտիվիստների, և օրենքի նկատմամբ: «Ռոբշին» շինարարական ընկերությունը դիմել էր նրանց` հնարավոր անկարգություններից ապահովված լինելու համար:
Բոլոր նրանց համար, ովքեր մտահոգ են, ասեմ, որ ակտիվիստները բոլորը շատ լավ են, ճամբարում մթնոլորտը հաղթական է, վճռական, գործնական և շատ ուրախ: Չնայած ցրտին ու բոլոր կենցաղային անհարմարություններին, այսօր չկա ավելի հրաշալի տեղ, քան «Թռչանի ազատագրված տարածքը»` քաղաքացիական անհնազանդության այս աննախադեպ օջախը»,- նշում են բնապահպանները:
Նրանք շնորհակալություն են հայտնում բոլոր աջակիցներին` գյուղացիներին, ովքեր անշահախնդիր ձևով սնունդ ու վառելիք են բերում ճամբարին, օգնում են տրանսպորտի և կենցաղային հարցերում, նրանց, ովքեր պատրաստում ու տարածում են այս պայքարի մասին տեղեկատվությունը, ովքեր ոգևորում են իրենց գրած երգերով ու բանաստեղծություններով, ովքեր պայքարում են իրավական դաշտում, ովքեր կազմակերպում են ստորագրահավաքն ու մյուս ակցիաները…
«Մեր թիվը պետք է ամեն օր ավելանա ճամբարում, նույնիսկ մեկօրյա ցերեկային այցելությունները կարևոր են, դրանք հզորացնում են մեր շարժումը: Բացի այդ, Երևանում ստորագրահավաք է ընթանում և բողոքի ակցիա է նախապատրաստվում, բազմաթիվ այլ աշխատանքներ են ընթանում: Խնդրում եմ, անտարբեր մի մնացեք, կապվեք «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչ անդամների հետ և որևէ ձևով մասնակցեք, աջակցեք ընդհանուր գործին: Հավատում ենք, վստահ ենք` Թռչկան ջրվեժը ՀԵԿ չի դառնալու»,- նշում են նրանք:
Թռչկանի պաշտպանները վճռական են` ջրվեժից վերև նույնիսկ մասնակի ջրառ թույլ չեն տալու
Tert.am
Մեծ Պարնի գյուղի գյուղապետարանում հոկտեմբերի 27-ին «Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցման թեմայով հանդիպմանը Օրհուսի Վանաձորի համակարգող Պերճ Բոջուկյանը տեղեկացրել էր, որ «Ռոբշին»-ի սեփականատերը ներկայացրել է նոր տարբերակ, ըստ որի պատրաստ են գետում միշտ 400 լ/վրկ ջուր թողնել և ամռան 3 ամիսներին կանգնեցնել ՀԷԿ -ի աշխատանքը:
Պերճ Բոջուկյանը նշել է, որ այդ հադիպումը չի կարող հասարակական լսում համարվել, քանի որ խախտվել է լսումների անցկացման ընթացակարգը:
Նա մեկ անգամ ևս ներկայացրել է բնապահպանների միանշանակ կարծիքը. ջրվեժից վերև ջրառ չի կատարվելու:
Թռչկանի պաշտպանության նախաձեռնության անդամները հիշեցնում են, որ Թռչկան ջրվեժի հարցը վաղուց արդեն դուրս է եկել Մեծ Պարնիի 10 բնակիչների կարծիքով որոշումներ ընդունելու հարթությունից և մտել ամբողջ հասարակության հարթություն: Հետևաբար, նախաձեռնության անդամները ծիծսղելի են համարում նմանատիպ ձևական հանդիպումների կազմակերպումը:
Ջրվեժի բիզնես-ծրագրից հետ չեն կանգնում
Նունե Արեւշատյան,Առավոտ
Մեր երկրի բնապահպանության համար պատասխանատուները վստահեցնում են, որ Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ կառուցելու համար հասարակական լսումներ են տեղի ունեցել:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ հանդիպելուց ու վերջնականապես հիասթափվելուց հետո, Թռչկանի ջրվեժի ոչնչացման դեմ պայքարող խումբը որոշել է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ջրվեժի հաշվին «Թռչկան ՀԷԿ» կառուցող «Ռոբինշին» ՍՊԸ-ին լիցենզիայից զրկելու համար: Ավելին, խումբը դիմելու է նաեւ դատախազություն ու հատուկ քննչական ծառայություն: Իսկ եթե 20-25 օրից բնության հուշարձանը փրկելու ուղղությամբ այս մարմինները ոչ մի քայլ չձեռնարկեն, ապա խումբը կդիմի դատարան: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գյումրիի բնապահպանական «Բիոսոֆիա» հ/կ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը: Նրա համոզմամբ, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ջրվեժի ոչնչացման դեմ պայքարող խմբի հետ ամեն անգամ հանդիպում է՝ իմիտացիա ստեղծելու համար, թե տեսեք՝ հաշվի ենք նստում հասարակական կարծիքի հետ ու մենք մեր գլխու որոշումներ չենք կայացնում: Մինչդեռ Գեւորգ Պետրոսյանը ներկայացնում է մի շարք փաստաթղթեր՝ ապացուցելով, որ ի սկզբանե «Թռչկան ՀԷԿ» կառուցելու նպատակով ոչ մի հասարակական լսում տեղի չի ունեցել: Ընդամենը լսել են 11 կարծիք Մեծ Պարնի գյուղից, որից 4-ը գյուղապետարանի աշխատակիցներ ու ավագանու անդամներ են: «Սովորաբար մեր օրենսդրությամբ սահմանված է, որ հանրային լսումներ, քննարկումներ պետք է անցկացվեն շահագրգիռ հասարակության հետ, իսկ այդ տերմինը շատ լղոզված է մեր օրենսդրության մեջ, էն համայնքը, որի վարչական սահմանում է գտնվում տվյալ օբյեկտը, դա են համարում շահագրգիռ հասարակություն, եւ սկսում են էդ համայնքում անցկացնել հանրային լսումները, բայց էս դեպքում աբսուրդ է, որովհետեւ հենց գործարարն էդ նույն գյուղից է՝ Մեծ Պարնիից, եւ եթե էդ նույն մարդը գյուղում աշխատատեղեր է ստեղծում, հարուստ մարդ է, իր գյուղացիներին է վերցնում աշխատանքի, ճանապարհներ է սարքում, բնական է, որ էդ մարդիկ քիչ կդժգոհեն: Իսկ Շիրակամուտ գյուղը, որն ավելի մոտ է ջրվեժին, էդ գյուղի բնակիչները ավելի շատ են օգտվում ջրվեժի տարածքի ռեգրիացիոն հնարավորություններից, էդ գյուղում ոչ մի հանդիպում չի անցկացվել, ոչ մի քննարկում գյուղացիների հետ չի եղել»,- ասում է բնապահպանը: Ըստ նրա, Հայաստանի ամենաբարձր ու ամենաջրառատ ջրվեժը մի հարուստ գործարարի շահերին զոհելու համար անհրաժեշտ է խիստ պատասխանատվության ենթարկել բնապահպանության նախարարությանն ու «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին՝ ՀԷԿ կառուցող «Ռոբինշին» կազմակերպությանը շրջակա միջավայրի ազդեցության վրա դրական փորձաքննական եզրակացություն տալու համար: 2008թ.-ին ջրվեժը ճանաչվել է որպես ջրագրական բնության հուշարձան, իսկ 2010թ.-ին բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը դրական եզրակացություն է տվել «Թռչկան ՀԷԿ» նախագծին՝ չհիշատակելով անգամ, որ տվյալ ծրագրի ազդեցության գոտում գտնվում է բնության հուշարձան: «Ոչ միայն օրենքն են խախտել, այլ, ըստ նախարարության տված փաստաթղթերի, Թռչկանի տարեկան միջին հոսքը կազմում է 1,18 խորանարդ վայրկյան, այսինքն՝ էդքան ջուր է գալիս, հիմա իրենք ուզում են թողնել 400-500 լիտր- վայրկյան ջուր, ես կասկածում եմ, որ այդքանն էլ թողնեն: Նախ ասեմ, որ ընդհանրապես ոչ մի եզրակցության մեջ չի թողնվում սահմաններով որեւէ ջրի քանակ, թողնվում է կամ 400 կամ 500 լիտր- վայրկյան, թող հստակ էդ թիվը հրապարակեն: Ամռան ամիսներին եթե չի շահագործվում ՀԷԿ-ը, տարվա մյուս հատվածներում, ասենք՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար ամիսներին բնական հոսքը չի գերազանցում 500 լիտր-վայրկյանը, այսինքն՝ մեխանիկորեն էդ ամիսներին ՀԷԿ-ը նույնպես չպետք է աշխատի, ստացվում է, որ կես տարուց ավելի ՀԷԿ-ը չպիտի աշխատի, որը տնտեսապես ձեռնտու չէր լինի, եւ էդ գործարարը չէր համաձայնի էդ պայմաններին»,- ասում է բնապահպանը: Ըստ նրա, ՀԷԿ-ը պետք է կառուցվի ջրվեժից ներքեւ, թեկուզեւ գործարարը մեծ ծախսեր անի ու քիչ եկամուտ ստանա, գործարարի շահը չպետք է կարեւորել բնության հուշարձանից ու հասարակական կարծիքից, հատկապես՝ առջեւում ընտրություններ են: «Բնապահպանությունը հենց էն ոլորտն է, որն ամենաշատն է ազդում քաղաքականության վրա, հասարակության մեջ չկա մի մարդ, որն ասի՝ դա իմ գործը չէ, կարծում եմ՝ խելամիտ իշխանություններն անպայման էս գործընթացը կձեւակերպեին մի այլ կերպ, որ Թռչկանի վրա ոչ մի ազդեցություն չունենա»,- նկատում է բնապահպանը: Իսկ գործարարի ծախսերը, ըստ մեր զրուցակցի, պետք է փոխհատուցի ոչ թե պետությունը, քանի որ այդ դեպքում ծախսերը դարձյալ ժողովրդի ուսերին կընկնի, այլ այն մարդիկ, որոնք թույլտվություն ու դրական եզրակացություն են տվել ՀԷԿ-ի կառուցման համար: «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը, որը լիազոր մարմինն է մեր պետության մեջ փորձաքննություն անցկացնելու եւ եզրակացություն տալու, գոնե մի անգամ պիտի իսկապես պատժվի իր տված եզրակացության համար, որպեսզի խուսափի նման անօրինական եզրակացություններ տալուց: Իսկ իրենք տարվա ընթացքում մի քանի հարյուր փորձաքննական եզրակացություններ են տալիս, մենք էս մեկի մեջ ենք մանրացել ու խորացել, հիմա չգիտենք, որն էլ վերցնես ու նայես՝ բազմաթիվ շեղումներ ու խախտումներ կլինեն», - համոզված է Գեւորգ Պետրոսյանը: Ի դեպ, երեկվանից Թռչկանի ջրվեժի մոտ սկսվել են նոր բողոքի ակցիաներ, բողոքավորները ոչ միայն նստացույց են անցկացնում, այլեւ խոչընդոտում են ՀԷԿ-ի կառուցմանը՝ բահերով հող են լցնում փորված փոսերում, խոչընդոտում տարածքում աշխատող տրակտորների աշխատանքին:
Դրամահավաք ի պաշտպանություն Թռչկանի
Tert.am
Ի պաշտպանություն Թռչկանի ջրվեժի` մի խումբ ակտիվիստներ ու բնապահպաններ դրամահավաք են նախաձեռնել, որը դեռ շարունակվում է: Բնապահպան, Թռչկանի պաշտպանության ակտիվիստ Հրայր Սավզյանը Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Թռչկանի ազատագրված տարածքում դիմադրողների թիվն աճում է, հետևաբար պաշտպանությունն ավելի ուժեղացնելու համար հավաքվող գումարները կծախսվեն տրանսպորտի, վրանների, քնապարկերի, սննդի, ցախի և այլ անհրաժեշտ իրերի վրա. «Միայն The Club- ի արկղիկի մեկ օրում հավաքված գումարը 67000 դրամ կազմեց: Էս գումարով այսօր հասցրեցինք գնել 8 փչովի ներքնակ (հատը` 5500 դր.) ու մեկ հատ տաք (մինուսային) քնապարկ (25000 դր.) և ուղարկել Թռչկան գնացող հերթական խմբի հետ: Երեկ WWF-ը մեկ մեծ վրան և փայտի վառարան էր բերել Թռչկան, բայց վրանը հատակ չունի. այս մատրասները հենց հատակին փռվելու համար են ծառայելու»,-նշել է ակտիվիստը ֆեյսբուքյան իր էջում:
Թռչկանի վրա հէկ-ի կառուցման նոր նախագիծը քննարկվել է Մեծ Պարնիի գյուղապետարանում
Tert.am
Հոկտեմբերի 27-ին Մեծ Պարնի գյուղի գյուղապետարանում անցկացվել է հանդիպում «Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ, որտեղ ներկա է եղել նաև Օրհուսի Վանաձորի համակարգող Պերճ Բոջուկյանը: Նրա փոխանցմամբ՝ «Ռոբշին»-ի սեփականատերը ներկայացրել է հէկ-ի կառուցման նոր նախագիծը, ըստ որի իրենք պատրաստ են գետում միշտ թողնել 400 լ/վրկ ջուր և ամռան 3 ամիսներին չաշխատացնել ՀԷԿ -ը: Ներկա են եղել մոտ 15 մարդ: Պերճ Բոջուկյանը ելույթ է ունեցել և նշել, որ այդ հադիպումը չի կարող հասարակական լսում համարվել, քանի որ խախտվել է լսումների անցկացման ընթացակարգը և մեկ անգամ ևս ներկայացրել բնապահպանների կարծիքը, որը միանշանակ է. Ջրվեժից վերև ջրառ չի կատարվելու:
Այս մասին տեղեկացնում են Թռչկանի փրկության համար ստեղծված նախաձեռնությունից։
Հոկտեմբեր 31, 2011 at 16:33
