

ԷկոԼուր
Ինչպես հայտնի է, Սեւանա լճում ձուկը վերջացել է: Ձկան մնացորդները չեն կարող արդյունագործական պաշար համարվել, ձկնորսությունն արգելված է: Ձկնորսները, նույնիսկ նրանք, ովքեր զբաղվում են ձկան անօրինական որսով, այլեւս չեն կարողանում իրենց ապահովել: Մարդիկ անցել են գյուղատնտեսության. նրանց լճին մոտ չեն թողնում: «Սեւանի մեջ կարող է ամառը գան, արգելեն լողանալ: Սեւանն արդեն բալոտ է դառել, ո՞վ է տեղյակ»,- ասում են Լճափ գյուղի բնակիչները: Գյուղի անվանումը կոչվում է լճի ափ, սակայն լճափցիների խոսքերով, ափի հետ նրանք վաղուց գործ չունեն: «Ահագին նիստեր եղան, քննարկումներ: Ասեցինք, բաժանեք համայնքների վրա, մի երկու հեկտար տվեք, մաքրենք: Էլ պետության փողերը պետք չի, տվեք, մաքրենք, մենք ենք մաքրում, ժողովուրդը տանի վառելու: Չէ, ինչ ես ասում, պետք է մրցույթ լինի, ով հաղթեց, նա կմաքրի: Կտրեցին էս բարձրության, մնաց քոքերը, ջուրն էլ ում էր սպասում, բարձրացավ, լցվեց… Էդքան գումար ծախսում են, ծառերը որ կտրեն, հանեն էդտեղից: Ծառը իր տեղով գումար է, ժողովրդին անհրաժեշտ բան: Ժողովուրդը լավ կմաքրեր սրտացավորեն: Գումարը տվեցին չգիտես ինչ կազմակերպությունների, որ գան, մաքրեն, կիսատ-պռատ արեցին:…. Էս ազգային պարկն իր լռիվ խմբով իզուր նստած են էս պետության բյուջեի վրա… Գետը ոնց է, Սեւանի ջուրն էլ այդպես շարժվում է: Չես կարող ասել ափում կեղտոտ է, մեջտեղում չէ: Էդ կեղտը շարժվում է մեջտեղը: … Ուրեմն մեզ մոտ նեխում էր լիճը, ծաղկում էր ամռանը, իսկ հիմա ձմեռը լռիվ ծաղկած է: Խայտառակություն է: Ջրակենսաբանական լաբորատորիան պիտի ջրով զբաղվի:
..Դժվար է ասել անուն առ անուն, թե ումն են ափերին կառուցված ամառանոցները: Ոչ թե դժվար է, երեւի համարձակություններս հերիք չի անում, որ ասենք` էս ինչ մարդունն է, էն ինչ մարդունն է: Ու դրանից էլ հարցը լուծում չի ստանա: …
Եթե էսօրվա դրությամբ պարիսպներ են քաշած, դաժե կողպեքներն էլ էն ձեւի խփած վրեն, որ մենք չենք կարողանում տեսնենք, թե ինչ է էնտեղ տեղի ունենում: …Էս ժողովուրդը որ էստեղ ժամանակին եկել, ապրել են, լճի համար են եկել, լճի բարիքների համար: Էսօր էդ սեւ պատերով մեկուսացրել են ժողովրդին լճից, ու լճին մոտ գնալ չի լինում: Արտագաղթի նախապայմաններից մեկն էլ սա է, որ մարդկանց լճից մեկուսացրել են»:
«ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբն իջավ Սեւանա լճի ափ Լճափ գյուղի մոտից: Ափի երկայնքով ձգվում է նոր ճանապարհը: Այն մի քանի ամիս կառուցվում էր եւ վերջերս է հանձնվել շահագործման: Լճի մի կողմում Սեւանա լիճն է, մյուսում՝ ճահիճ, որը գոյացել է ճանապարհը գցելիս: Եւ մեզ, եւ բնակիչներին պարզ է, որ այդ ճանապարհի կյանքը կարճ է, քանի որ ջուրն այն կլվանա: Ինչպե՞ս է ստացվել, որ ճանապարհի շինարարության վրա բյուջետային հսկայական գումարներ ծախսող մարդիկ դա չեն նկատել: Ինչպե՞ս է պատահել, որ տեղացի բնակիչներին թողել են առանց փայտ եւ հսկայական գումարներ են ծախսել ափերը ծառերց մաքրելու համար, որոնք այդպես էլ մնացել են չմաքրված: Եւ մինչ մենք մտորում ենք, գորտերը հարսանիք են անում՝ փոխարինելով իշխանին, որը, ինչպես հայտնի է, ճահճում չի ապրում:
Հուլիս 06, 2012 at 18:27