

ԷկոԼուր
Փոքր ՀԷԿ-ը հիմա էլ չորացրել է Մարց գետը: Ահազանգողը Facebook սոցիալական ցանցի օգտատեր Եղիազար Դավթյանն է: Նա Facebook-ում գրել է. «Շահագործվող ՀԷԿ -ը՝ ցամաքած գետ և ձկների պոպուլացիայի խախտոման պատճառ: 2012թ.-ին գարնանը սկսեց շահագործվել Դեբեդ գետի վտակ Մարցա գետի վրա կառուցված հիդրոէլեկտրոկայանը: Նախատեսված էր, որ գետի վերին հոսանքներից ՀԷԿ-ի շահագործման համար օրենքով նախատեսված պետք է վերցնեին ջրի ծավալի 70 տոկոսը, բայց այս պահի դրությամբ գետով գրեթե ջուր չի հոսում, այսպիսով խախտվում է ամբողջ էկոհամակարգը, որի արդյունքում դադարել է կարմրախայտ և մուրծի ձկնատեսակների ձվադրման միգրացիան:
Բացի այս ՀԷԿ-ից գետի վերին հոսանքներում կառուցվում է ևս մեկը եւ խոսակցություններ կան, որ նախատեսվում է կառուցել ևս մի քանի ՀԷԿ»:
Փոքր ՀԷԿ-ը կառուցվել է առանց թույլտվության, անօրինականօրեն: Փաստաթղթերը չեն ներկայացվել Բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանը, ինչի մասին Բնապահպանության նախարարությունը «ԷկոԼուր»-ին հայտնել է 2012թ. մայիսին: Չնայած ահազանգին` նախարարությունն այդպես էլ տեսչական ստուգումներ չանցկացրեց անօրինական ՀԷԿ-ում: Իսկ այժմ բնակիչների նախազգուշացումները իրականություն դարձան. Մարց գետի էկոհամակարգը խախտվում է:
Հիշեցնենք (հղումը «Հետք» թերթի հետաքննությանը), որ տվյալ փոքր ՀԷԿ-ը շահագործում է «Արգիշտի-1» ընկերությունը, որը գրանցված է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հարազատ եղբոր` Սեյրան Դարբինյանի անունով:
Օգոստոս 28, 2012 at 13:58
