

ԷկոԼուր
Սիրողական ձկնորսությամբ զբաղվող մի քաղաքացի «ԷկոԼուր»-ին է ուղարկել ցամաքող Ազատի ջրամբարի լուսանկարը, որտեղ եղել է օրերս: Լուսանկարի հետ միասին նա նամակ էլ է գրել, որում ասված է. «Ես սիրողական ձկնորս եմ, սովորաբար աշնանային ամիսներին Ազատի ջրամբարը շատ հարմար է ձուկ որսալու առումով. կան կարաս, կողակ, ծածան տեսակի ձկնային պաշարներ: Ամառվա համեմատ լճի ջուրը համարյա ամբողջությամբ բաց են թողել…Այդ հսկայական լճից բան չի մնացել: Երեւի ոռոգման նպատակով է, չգիտեմ, բայց երբեք այսքան քիչ ջուր չի եղել մեջը: Բնական է, որ այդ պայմաններում արդեն ձկնային պաշարներն էլ են քչանում, բայց եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ տեղացիները լիճը համարյա ցանցապատել են (ձկնագողության նպատակով), կարող եմ հաստատ պնդել, որ լճում արդեն ձուկ չի մնացել: Մենակ մանրաձուկ է, դա էլ չայկաներն են վերացնում…»,- գրում է նա:
Նշենք, որ Ազատի ջրամբարում ջրի պակասն էր պատճառը, որ 2012թ. ամռանը Սեւանից բաց թողնվեց աննախադեպ քանակությամբ ջուր` 320 միլիոն խմ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի բացատրության համաձայն` լճի ջուրը պետք է օգտագործվեր Արարատյան դաշտավայրի ոռոգման համար:
Արդյունքում Սեւանից ջուրը բաց թողնվեց, Ազատի ջրամբարում էլ ջուր չկա: Հարց, որտե՞ղ է ջուրը, եթե Արարատյան դաշտավայրի հողագործները բողոքում են, որ ոռոգման ջրի բացակայության պատճառով նրանք կորցնում են իրենց բերքն ու հողերը:
Նոյեմբեր 14, 2012 at 13:51
