

ԷկոԼուր
Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի պատասխանատուներն այսօր հանդիպել են Կոտայքի մարզի Գողթ համայնքի բնակիչների հետ: Ինչպես ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում հայտնեց Գողթի բնակիչ Վահրամ Սեդրակյանը, գողթեցիները պահանջել են Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը չկապել իրենց ոռոգման համակարգի հետ:
Գեղարդալճի ծրագրով նախատեսվում է Գեղարդալիճ ջրամբարի պատվարի բարձրացում եւ 3.4 միլիոն խմ ջրի ամբարում ներկայիս 2.4 միլիոն խմ-ի փոխարեն եւ ինքնահոս եղանակով ջուր է մատակարարվելու Գողթ, Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ համայնքներին, «Ջրվեժ- Ձորաղբյուր» այգեգործական միությանը և «Ջրվեժ» անտառ պուրակի 1448 հա գյուղատնտեսական հողերի ոռոգման համա:
Ըստ Վահրամ Սեդրակյանի՝ ծրագրի պատասխանատուներն ասել են, որ Գեղարդալճի պատվարը վթարային վիճակում է եւ պետք է վերականգնվի: Բնակիչներն էլ պնդել են, որ ծրագիր կազմեն պատվարը, ոռոգման ներցանցային համակարգը վերականգնելու համար, այլ ոչ Գեղարդալճից ջուր տանելու վերաբերյալ: Ծրագրի պատասխանատուները նաեւ ասել են, որ կարող են Գեղարդալիճը բացի Կարմիր գետից լցնել նաեւ Գիլանլարի ջրով, եւ այնուհետեւ, ներդրողներին ներկայացնելով ջրի պաշար, ֆինանսներ կհայթհայթեն նոր ջրամբար կառուցելու համար: Բնակիչները չեն համաձայնվել: «Ասացինք, որ Կարմիր գետում այդքան ջուր չկա, որ ջրամբարը այդքան լցվի, որ լրացուցիչ հողատարածքներ ոռոգեք: Ջուրը մեր հողերին էլ չի բավականացնում: Իրենք ասացին, որ ջրամբարը անընդհատ կլցվի: Մենք էլ ասացինք, որ ջրամբարը սնող ջրային աղբյուրները գոյանում են սելավներից եւ առավելագույնը 1ամսվա կյանք ունեն»,- էկոԼուրին պատմեց Վահրամ Սեդրակյանը: Ըստ նրա՝ ծրագրի պատասխանատուները խոստացել են բնակիչների պահանջը ներկայացնել կառավարություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Գողթի համայնքապետի, Գողթի բնակիչների եւ Կոտայքի մարզպետի միջեւ, որ մինչեւ գողթեցիների պահանջը չկատարվի, շինարարական աշխատանքներ չեն սկսվի:
Հունիս 07, 2016 at 16:04
