ՍԵՐԳԵՅ ԿԱՊԻՆՈՍ. ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆ ՈՒՂՂԱԿԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ և ԿՅԱՆՔԻՆ

ՍԵՐԳԵՅ ԿԱՊԻՆՈՍ. ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆ ՈՒՂՂԱԿԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ և ԿՅԱՆՔԻՆ

Արմինֆո

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցն ուղղակի սպառնալիք է մարդկանց առողջությանը և կյանքին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը հիշյալ խնդրի լուծման շուրջ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

Հիշեցնենք, որ 2010 թ. մարտի 4-ին ԱԻՆ մասնագետները հայտնաբերել էին, որ գերեզմանոցի վերին շերտն ամբողջովին վնասված է ինժեներական ծանր տեխնիկայի կողմից, վերին շերտում հայտնաբերված թունաքմիկատները ցրված են ողջ տարածքով, դրենաժային համակարգը դուրս է եկել շարքից, ինչի հետևանքով գերեզմանոցի տարածքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել:

Գերեզմանոցի վտանգը Երևանին մոտ լինելն է, և դա պետք չէ թերագնահատել: Մենք պատրաստ ենք համախմբել միջազգային հանրությանը և աջակցել այդ խնդրի լուծմանը, սակայն պետք է մշակվի գործողությունների հստակ ծրագիր, որտեղ յուրաքանչյուր պետական կառույց որոշակի դեր կստանձնի:

«Բոլոր գործողությունները պետք է համակարգված լինեն»,- ընդգծել է Ս. Կապինոսը:

Նա նշել է, որ միջազգային փորձագետ Ջոն Վիգենը, ով վերջերս այցելել էր գերեզմանոց, սարսափել է տեսածից: Փորձագետները գտնում են, որ խորհրդային ժամանակաշրջանի` գերեզմանոցին առնչվող փաստաթղթային տվյալները կարող են չհամապատասխանել իրականության, ինչի հետ կապված` անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտութուններ անցկացնել:

«Մենք պատրաստ ենք ՀՀ Բնապահպանության նախարարության հետ մշակել բոլոր վտանգավոր թունավոր գերեզմանոցների քարտեզը, ինչպես նաև կազմել սպառնալիքների վերացման ծրագիր»,- հայտարարել է Ս. Կապինոսը:

Նա տեղեկացրել է, որ Նուբարաշենի գերեզմանոցում ստեղծված իրավիճակի գնահատման նպատակով մայիսի 10-ին երեք օրով Հայաստան կժամանի ևս մեկ միջազգային փորձագետ:

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը կառուցվել է 1976 թվականին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ: Այն գտնվում է ակտիվ սողանքային գոտում` բնական ցորենի արգելանոցի անմիջական հարևանությամբ: Գերեզմանոցում թաղված է 600 տոննա թունաքիմիկատ, որից 512 տոննան առաջին և երկրորդ կարգի վտանգավորության նյութեր են: Գերեզմանոցը չունի հատակ, պատեր և տանիք: Թունաքիմիկատները թաղված են անմիջապես հողի մեջ: Ուշագրավ է, որ դեռ 10 տարի առաջ գերեզմանոցի խնդիրն ակտիվ բարձրացվել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» կազմակերպության կողմից: Չնայած պետական կառույցներին ուղղված բազմաթիվ դիմումներին` ողջ այս տարիներին խնդրի նկատմամբ ուշադրությունը սահմանափակվել է պարբերաբար արգելող նշաններ և փշալարեր տեղադրելով:

Մայիս 10, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր