ԵՐԵՎԱՆԻ ՌԱԴԻՈՆՈՒԿԼԻԴԱՅԻՆ ԱՂՏՈՏՎԱՏԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՉԵՆ ՍՏԱՆԱ

ԵՐԵՎԱՆԻ ՌԱԴԻՈՆՈՒԿԼԻԴԱՅԻՆ ԱՂՏՈՏՎԱՏԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՉԵՆ ՍՏԱՆԱ

Էկոլուր

Երևանի առնվազն երկու տարածքներում` Դավթաշենում և Կոմիտասի փողոցի հարակից կիրճում, առկա է ռադիոնուկլիդներով աղտոտվածության բարձր մակարդակ: Այս խնդիրը մայիսի 12-ին կլիմայի փոփոխությանը նվիրված «Կոպենհագենից դեպի Կանկուն» գիտաժողովի ժամանակ բարձրացրեց Թռչնասերների կենտրոնի նախագահ Սիլվա Ադամյանը:

Ադամյանը հիմք էր ընդունել Երևան քաղաքի տրանսպորտի կայուն զարգացման ծրագրի նախագծային փաստաթղթերը, որն իրականացվել է Զարգացման ասիական բանկի հետ վարկային համաձայնագրի հիման վրա: Ծրագրային փաստաթղթերում ներկայացվում է քաղաքի քարտեզը, որի վրա նշված են աղտոտված տարածքները: Այստեղ ներկայացվում են նաև տվյալներ, որոնց համաձայն, քաղաքի հողերի ռադիոնուկլիդային աղտոտվածության բնական մակարդակը` 500-600 Բկ/կգ,  ավելի բարձր է և միջինում հասնում է մինչև 800 ԲԿ/կգ-ի: Ընդ որում որոշ տարածքներում աղտոտվածության մակարդակը կազմում է 919 Բկ/կգ: Քարտեզին կցված տեղեկանքում նշվում է, որ  -սպեկտրոչափական անալիզը ցույց է տալիս, որ հիմնական աղտոտվածությունը տեղի է ունենում այնպիսի տարրերի հաշվին, ինչպիսիք են ուրանը, ռադիումը և տելլուրը; Քաղաքը աղտոտվում է նաև այդ տարրերի կիսման ժամանակ ստեղծված նյութերի արդյունքում, որը տեխնածին  ազդեցության հետևանք է:

Սիլվա Ադամյանը գիտաժողովին մասնակցող ՀՀ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց  այս խնդրի վրա և պահանջեց մոնիտորինգ իրականացնել: Սակայն նախարարության ներակայացուցիչները ասացին, որ նրանք այդ խնդրով չեն զբաղվում, և որ անհրաժեշտ գործողությունները պետք է այլ մասնագիտացված կառույցներ իրականանցնեն:

«Բնապահպանության նախարարությունը պարտավոր է արձագանքել շրջակա միջավայրի աղտոտման մասին ահազանգերին և չպետք է իր վրայից գցի պատասխանտվությունը»,-«Էկոլուրին» տեղեկացրեց Սիլվա Ադամյանը:

Նա նաև ընդգծեց, որ ռադիոնուկլիդային աղտոտվածությունը Զարգացման ասիական բանկի ծրագրի համար նաև սոցիալական կողմ ունի, քանի որ համաձայն բանկի պայմաններ` աղտոտված տարածքներում ապրող բնակիչները, ճանապարհի կառուցման դեպքում լրիվ փոխհատուցում չեն ստանա:

«Ազգի առողջությունը հնարարվոր չէ փոխհատուցումներով գնահատել: Պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի քաղաքի բնապահպանական աղետը չարագացվի»,-իրադրությունը այսպես մեկնաբանեց Էկոլուրի տնօրեն Գագիկ Քոչինյանը:

Մայիս 14, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր