

ԱրմԻնֆո
ՀՀ բնապահպանության նախարարությունը Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի գործում յուրօրինակ առաջարկություն է արել:
Մամլո ասուլիսի ընթացքում նախարարության ներկայացուցիչ Ռոման Չոբանյանը խոստացել է իր ճտքավոր կոշիկները տալ այն լրագրողներին, ովքեր համարձակություն կգտնեն այցելել գերեզմանոց: Հիշեցնենք, որ գերեզմանոցում արտակարգ իրավիճակ ստեղծվել է այն բանից հետո, երբ հայտնաբերվել է, որ գերեզմանոցի վերին շերտն ամբողջովին վնասված է ինժեներական ծանր տեխնիկայի կողմից: Այս փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն հանցագործ-գանձ փնտրողները Ոստիկանության կողմից դեռևս չեն բացահայտվել:
Ուշագրավ է, որ Ռ.Չոբանյանը որոշակի տարօրինակ նկրտումներ է արտահայտել հասարակական կազմակերպությունների հասցեին, որոնք բարձրացրել են գերեզմանոցի խնդիրը:
«Նրանք բոլորը խոսում են կատարված աշխատանքի մասին, սակայն նրացից ոչ մեկը գերեզմանոցի շրջակայքում նույնիսկ մեկ արգելող նշան չի դրել»,- հայտարարել է նա:
Մամլո ասուլիսին ներկա «Հայ կանայք` հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (AWHHE) կազմակերպության ներկայացուցիչ Լիլիկ Սիմոնյանը կարող էր միայն ձեռքերը տարածել:
«Ոչ մի հասարակական կազմակերպություն այդպիսի լիազորություն չունի»,- նշել է նա:
Լ.Սիմոնյանը նշել է, որ դեռ 10 տարի առաջ գերեզմանոցի խնդիրն ակտիվ բարձրացվել է AWHHE կազմակերպության կողմից և չնայած պետական կառույցներին ուղղված բազմաթիվ դիմումներին` ողջ այս տարիներին պետական մարմինները ոչ մի որոշակի քայլեր չեն ձեռնարկել:
«Ավելի լավ է հարցրեք, այս բոլոր տարիների ընթացքում գոնե մեկ կառույց լաբորատոր հետազոտություններ կատարել է, թե` ոչ»,- ասել է Լ.Սիմոնյանը:
Նա նաև ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ չնայած 10 օր առաջ հնչած խոստումին, կազմակերպությունը այդպես էլ Առողջապահության նախարարությունից չի ստացել ջրի, օդի և հողի հետազոտությունների տվյալները: Նշենք, որ Էրեբունիում և Նուբարաշենում Գյուղատնտեսության նախարարության կողմից կատարված կաթի հետազոտությունները չեն հայտնաբերել վտանգավոր նյութերի առավելագույն թույլատրելի քանակի գերազանցում: Չնայած դրան, նախարարությունը մտադիր է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ վերստուգել տվյալները:
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը կառուցվել է 1976 թվականին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ: Այն գտնվում է ակտիվ սողանքային գոտում`բնական ցորենի արգելանոցի անմիջական հարևանությամբ: Գերեզմանոցում թաղված է 600 տոննա թունաքիմիկատ, որից 512 տոննան առաջին և երկրորդ կարգի վտանգավորության նյութեր են: Գերեզմանոցը չունի հատակ, պատեր և տանիք: Թունաքիմիկատները թաղված են անմիջապես հողի մեջ: Ուշագրավ է, որ մինչև արտակարգ իրավիճակի առաջացումը, պետական կառույցների ուշադրությունը խնդրի նկատմամբ սահմանափակվել է պարբերաբար արգելող նշաններ և փշալարեր տեղադրելով:
Մայիսի 6-ին ՀՀ կառավարությունը որոշել է Նուբարաշենի գերեզմանոցի խնդրի լուման նպատակով իր պահուստային ֆոնդից հատկացնել 31.650 մլն դրամ: Մասնագետների կարծիքով, հետագայում թունաքիմիկատները պետք է դուրս բերվեն գերեզմանոցի սահմաններից և ոչնչացվեն:
Մայիս 18, 2010
