

ԷկոԼուր
S.O.S Արգիճի նախաձեռնող խմբի անդամները համոզված են, որ ՀՀ բնապահպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ Արգիճի գետի վրա պարզապես վերանորոգում են խողովակներ, կեղծիք է: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեցին նախաձեռնող խմբի ակտիվիստներ Վարդան Գալստյանը եւ Պայծառ Աղաբաբյանը: Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի 6 համայնքների բնակիչները շարունակում են ահազանգել, որ Վայոց Ձորում կառուցվող ՀԷԿ-ի համար փոխում են իրենց հողատարծքների համար ոռոգման ջուր մատակարարող Արգիճի գետի Գայլաձոր վտակի հունը, անջուր է մնալու 30 հազար բնակիչ եւ որ Գայլաձորի ջուրը այլեւս չի թափվելու Սեւանա լիճ:
Վարդան Գալստյանը վստահեցրեց, որ մոտ 10 տարի առաջ Աղնջաձոր համայնքին ջուր տրամադրելու համար Աստղաձոր համայնքում տեղադրվել է 250 միլիմետր տրամագծով, ժամանակակից տեխնոլոգիաներով պատրաստված խողովակաշար: «Այդ խողովակաշարը ներկայումս փոխարինում է խորհրդային տարիների 150 միլիմետր տրամագծով երկաթյա խողովակաշարին, որն այժմ չի գործում»,- ասաց Վարդան Գալստյանը, - սակայն 2009թ., մոտ 2 կմ երկարությամբ լեռան կուրծքը բացել են, կառուցել են խրամուղ եւ ամբարտակ եւ տեղադրել 530 միլիմետր տրամագծով խողովակաշար, ինչը ենթադրել է տալիս, որ այդ խողովակաշարով մեծաքանակ ջուրը պետք է տեղափոխվի Վայոց Ձոր»:
Ըստ ակտիվիստների՝ մի անգամ արդեն փորձ արվել է ջուրը նորակառույց խողովակով Վայոց Ձոր ուղղելու, սակայն այն հաջողության չի հասել. ջուրը դուրս է եկել խրամուղից եւ գահավիժել է Գայլաձոր: Այդ տարածքում կան բնական աղբյուրներ, որոնք թափվում էին Գալաձորի մեջ, սակայն այդ շինարարությունից հետո լցվում են խրամուղի մեջ եւ կորչում:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարել է դադարեցնել Վայոց Ձորի ՀԷԿ-ի կառուցումը մինչեւ փաստաթղթերի ուսումնասիրությունը: Սակայն այս հանգամանքը բնակիչներին հույս չի ներշնչում: «Մենք համոզված կլինենք, որ դադարեցված է, երբ կքանդվի Գայլաձոր վտակի վրա կառուցված ամբարտակը»,- ասաց Պայծառ Աղաբաբյանը:
ՍԵՎԱՆԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՐՍՏԱՆԱԼՈՒ ԽՈՐԱՄԱՆԿ ՀՆԱՐՔ
Արթուր Հովհաննիսյան, Հայոց Աշխարհ
Սեւանա լիճ լցվող Արգիճի գետի Գայլաձոր վտակից անթույլատրելի ծավալի ջուր վերցնելու եւ լճին հակառակ ուղղությամբ՝ դեպի Վայոց ձորի մարզ ուղղելու հետ կապված սկանդալը բնապահպանության նախարարությանն անցյալ շաբաթավերջին դրդել է հատուկ աշխատանքային խումբ ստեղծել։
Նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկված են բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, կենսաբազմազանության կառավարման գործակալության, տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, ինչպես նաեւ Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզպետարանների ներկայացուցիչներ։
Անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով երեկ զրուցեցինք այդ խմբի անդամներից մեկի՝ վերոնշյալ տեսչության կենսաբազմազանության, հողերի, վտանգավոր նյութերի բաժնի պետի տեղակալ ՅՈՒՐԱ ԻՇԽԱՆՅԱՆԻ հետ։
Ըստ տեսչության ներկայացուցչի, 2002թ. Ջրային օրենսգրքի ընդունումից հետո, նոր օրենսգրքի համաձայն, բոլոր համայնքները կամ ջրօգտագործողները դիմել են բնապահպանության նախարարություն՝ ջրօգտագործման թույլտվություններ ստանալու համար։ 2006թ. բնապահպանության նախարարություն դիմել է նաեւ Աղնջաձոր համայնքը։
-Բնապահպանության նախարարությունը տվել է համապատասխան ջրօգտագործման թույլտվություն՝ եղած, արդեն գործող համակարգով Գայլաձորի ջրից վայրկյանում 87 լիտր տեղափոխելու Վայոց ձորի Աղնջաձոր համայնք։
Մենք պնդում ենք, որ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության եւ, ի վերջո, նույն նախարարության կողմից 2006թ. տրվել է ոչ թե համապատասխան, այլ անհամապատասխան ջրօգտագործման թույլտվություն։ Երբ այս կապակցությամբ տեսչության ներկայացուցչին հարցրինք, թե ինչո՞ւ 87 լիտր, նա տվեց հետեւյալ պատասխանը.
-Դա արդեն հաշվարկով է, որովհետեւ հիմքը եղել է 270 հեկտար հողատարածքը, որը պետք է ենթարկվի ոռոգման։
Նշված 270 հա-ի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթը, Յու.Իշխանյանի տեղեկացմամբ, ներկայացրել է Աղնջաձորի գյուղապետը։ Փաստորեն գյուղապետը համայնքի ոռոգվող հողատարածքի մակերեսի հավելագրում է կատարել եւ պաշտոնական փաստաթղթով ներկայացրել իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկատվություն՝ ավելի մեծ ծավալի ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով։
-Դա էլ մեզ համար հիմա առաջնահերթ հարցերից մեկն է, տեղերում պետք է պարզենք դրա ճշտությունը՝ 270 հա-ի, որովհետեւ ունենք նաեւ տեղեկություններ, որ կա ընդամենը 102 հեկտար,- ասաց տեսչության ներկայացուցիչը։
Հենց այստեղ էլ նկատենք, որ Աղնջաձորի ոռոգվող հողատարածքի՝ ընդամենը 102 հա լինելու վերաբերյալ տեղեկությունը ոչ թե ինչ¬որ խոսքուզրույցից է, որը ճշտման կարիք ունի ու պետք է ճշտվի, այլ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում եղած պաշտոնական տեղեկատվությունն է։
Ընդ որում, վերոնշյալ թիվը ոչ թե օդից է վերցվել, այլ, որպես Աղնջաձորի ոռոգվող հողատարածքի մակերես, կադաստրում գրանցվել է նշված կոմիտեի տարածքային ստորաբաժանման եւ գյուղապետի կամ համայնքի ներկայացուցչի համատեղ չափագրումների, հաշվարկների հիման վրա։ Հետեւաբար, մեղմ ասած, խիստ կասկածում ենք, թե նորաստեղծ աշխատանքային խումբն այդ հողատարածքի մակերեսի ճշտման անհրաժեշտություն, առավել եւս՝ կադաստրում առկա պաշտոնական գրանցումը վերանայելու իրավասություն ունի։
Իսկ գործող կարգը ո՞րն է՝ երբ համայնքից ջրօգտագործման թույլտվություն են խնդրում, բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը չունի՞ պարտականություն՝ ստուգելու, թե գյուղապետը ճի՞շտ տեղեկություն է ներկայացրել, չէ՞ որ այս կամ այն գյուղապետը կարող է ինչ-ինչ նպատակով կեղծ տեղեկություն ներկայացնել (նկատենք, որ ճշտելու համար ընդամենը պետք էր կադաստրից հարցում կատարել)։ Ի պատասխան մեր այս հարցի, տեսչության ներկայացուցիչն ասաց.
-Նշված հարցին չեմ կարող կոնկրետ պատասխանել, քանի որ անձամբ ես չեմ ջրօգտագործման թույլտվության հարցերով զբաղվողը... Պետք է, որ այդպիսի կարգ լինի, չեմ կարող հաստատ ասել։
Նշենք նաեւ, որ «Զանգեզուր էքսիմպ» ՍՊԸ-ն օգտվել է այն հանգամանքից, որ գոյություն ունի նաեւ պահեստային խողովակաշար, ապօրինաբար ապամոնտաժել է այն, եւ երկու խողովակաշարի տրամագծերի գումարից էլ ավելի մեծ՝ 530 տրամագծի խողովակաշար անցկացրել, որով Սեւանա լճի հաշվին բերվելիք ջրերով իր կողմից կառուցվող «Դեզպնարդ» փոքր հէկ-ի կարիքները բավարարելու նպատակն ունի։
«Զարմանալի» զուգադիպությամբ Աղնջաձոր համայնքի ավագանին 2009թ. օգոստոսի որոշմամբ դիմել է հենց «Զանգեզուր էքսիմպ» ՍՊԸ-ին, որպեսզի վերջինս վերանորոգի եղած (250 մմ տրամագծի) խողովակաշարը (բացառված չէ, որ դա արվել է հենց նրա համար, որպեսզի 530 մմ տրամագծի խողովակաշար անցկացնելով, ընկերությունը հէկ կառուցելու կամ ավելի մեծ հզորության տուրբին (տուրբիններ) տեղադրելու հնարավորություն ստանա)։
Տեսչության ներկայացուցիչը նշեց նաեւ կատարված այլ օրինախախտումների մասին.
-Չի եղել ոչ նախագիծ, նախագիծը չի անցել համապատասխան բնապահպանական փորձաքննություն, շինարարության թույլտվություն չունի, հետեւաբար շինարարական փորձաքննություն չի անցել, եւ չկա Գեղարքունիքի մարզպետարանի համաձայնությունը։
Հուլիս 27, 2010
