

ԷկոԼուր
«Թեղուտ» ՓԲԸ-ի պատասխանատուները հայտնել են, որ պատվարի կայունության ուսումնասիրման նպատակով անհրաժեշտ հետազոտական միջոցառումների իրականացման համար արդեն իսկ պայմանագիր է ստորագրվել բուլղարական ընկերության հետ։ Այսօր ընկերությունը տեղեկացրել է, որ աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի առաջին օրերին, երբ ժամանեն բուլղարացի մասնագետները։ Փորձաքննության ողջ ընթացքը գտնվելու է նրանց անմիջական վերահսկողության ներքո, իսկ արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա 7-8 ամսվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Ըստ պաշտոնական աղբյուրի՝ ՀՀ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից պոչամբարի ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ու պատվարի կայունության հետազոտություն նախաձեռնելու գործընթացը:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի վերջին «Վալլեքս» խումբը հայտարարեց Թեղուտի պոչամբարի հնարավոր ինքնափլուզման ռիսկի մասին՝ նշելով, որ ընկերությունը ներկայում Թեղուտի համալիրի նկատմամբ որևէ վերահսկողություն չունի և չի կարող պատասխանատու լինել դրա հետևանքների համար: Ընկերությունը նշեց, որ պոչամբարի խնդիրների մասին տեղյակ է պահել նաև կառավարությանը:
Այնուամենայնիվ, ս.թ. հուլիսի 9-ին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը վերագործարկվեց: Ըստ Լոռու մարզպետարանի տվյալների՝ հանքավայրի շահագործման թույլտվություն ընկերությունը ստացել է հուլիսի 8-ին՝ տարեկան 7 միլիոն տոննա հանքաքար արտադրելու համար, ինչը ենթադրում է հանքավայրի 15-20 տարի շահագործման հնարավորություն:
Հիշեցնենք, որ նախկինում «Վալլեքս» խմբին պատկանող «Թեղուտ» ՓԲԸ-ն 2018 թ-ի հունվարի 12-ն դադարեցրեց Թեղուտի հանքավայրի շահագործումը: Հայտնի դարձավ, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի գույքը գրավադրված է ռուսական ՎՏԲ բանկում: Ներկայում ընկերությունը պատկանում է բանկին:
Օգոստոս 15, 2019 at 18:03
