ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈԼՈԳՆԵՐՆ` ԸՆԴԴԵՄ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈԼՈԳՆԵՐՆ` ԸՆԴԴԵՄ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

ԱրմԻնֆո- Բլաք սի պրես

Վրաստանի և Հայաստանի շուրջ 30 ոչ կառավարական կազմակերպություններ իրենց կառավարություններից պահանջում են համապատասխան միջոցներ ձեռնարկել Հայաստանի տարածքում «Թեղուտ» նախագծի բացասական ազդեցությունից բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով, որտեղ «Armenian Copper Program» ընկերությունը պղինձ և մոլիբդեն է արդյունահանում: Ըստ «Բլաք սի պրեսի»` այդ մասին ասվում է երկու երկրների ոչ կառավարական կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ: Խոսքը վերաբերում է ըստ պղնձի պաշարների մեծության Հայաստանում երկրորդ պղնձամոլիբդենային հանքավայրին, որը գտնվում է Վրաստանի սահմանի մոտ:

Հայտարարության մեջ նշվում է, որ հանքավայրի արտադրական թափոնները կհասնեն ամենամեծ քանակության Հայաստանում` 180-200 խմ: Հայաստանի հասարակական կազմակերպությունների տվյալներով, արդյունահանման աշխատանքները կհանգեցնեն ինչպես բնահողի, այնպես էլ ջրի և օդի աղտոտման, ինչը կոչնչացնի տեղի կենսաբազմազանությունը և էկոհամակարգը: Բացի այդ, անտառահատման արդյունքում մեծանում է ջրհեղեղների և սողանքի վտանգը: Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ փորձագետների հավաստամամբ, թունավոր թափոններն անդառնալի վնաս կհասցնեն ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի տարածքին, քանի որ դրանք կհայտնվեն սահմանամերձ Դեբետ գետում: Վրաստանի հասարակական կազմակերպությունները մտահոգություն են հայտնում այն առնչությամբ, որ նախագիծը մշակելիս հաշվի չի առնվել այդ արտադրության անդրսահմանային ազդեցությունը: ««Armenian Copper Program» ընկերության նախագծային փաստաթղթերը չեն նախատեսում արտակարգ իրավիճակներում արձագանքման գործողությունների ծրագիր, ինչը վթարի դեպքում ծանր հետևանքներ կհարուցի երկու երկրների բնակչության համար», - ասված է համատեղ հայտարարության մեջ:

Վրաստանի և Հայաստանի ոչ կառավարական կազմակերպություններն ընդգծում են, որ թույլտվություն տրամադրելիս Հայաստանի կառավարությունը լիովին խախտել է Օրհուսի կոնվենցիայով սահմանված պարտավորությունները: Հասարակական կազմակերպությունները Հայաստանի կառավարությանը կոչ են անում դադարեցնել նախագծի իրագործումը` մինչև շրջակա միջավայրի նկատմամբ ազդեցության համակողմանի ուսումնասիրումը, ապահովել հարցի քննարկումը միջազգային փորձի հիման վրա: Հասարակական կազմակերպությունները երկու երկրների կառավարությունների կոչ են  անում խորհրդատվություններ սկսել այդ հարցի շուրջ:

Փետրվար 22, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր