Լոռու մարզում բնակվող մարդկանց տների մոտ հայտնաբերվել են տոքսիկ և ծանր մետաղներ. չեխ գիտնականների հետազոտությունը

Լոռու մարզում բնակվող մարդկանց տների մոտ հայտնաբերվել են տոքսիկ և ծանր մետաղներ. չեխ գիտնականների հետազոտությունը

ԷկոԼուր

Սույն թվականի դեկտեմբերի 10-ին` ժամը 10:30-ին Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում
(ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովայի պող., 19 շենք, «Գառնի» սրահ) կմեկնարկի «Արդյունաբերական աղտոտվածությունը Լոռու մարզում» համաժողովը: Համաժողովի ընթացքում կներկայացվեն «Քաղաքացիական հասարակության ներգրավումը Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում» ծրագրի շրջանակում` «Արնիկա» կազմակերպության, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների կողմից Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի Շնող համայնքներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Ծրագիրը ֆինանսավորվել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից: Ուսումնասիրվել են, թե հանքարդյունաբերական վերոնշյալ համայնքների տարածքները որքանով են աղտոտված ծանր մետաղներով և այդ աղտոտվածությունն ինչ ազդեցություն կունենա մարդու առողջության վրա: Հետազոտության համար 2018թ-ի ամռանը չեխ մասնագետները Ախթալա, Ալավերդի Շնող համայնքներում հողի, ջրի, ձվի և մարդու մազի նմուշներ վերցրեցին, որոնք ուսումնասիրվեցին Չեխիայում:

Զեկուցումներով հանդես կգան` Պրահայի քիմիական-տեխնոլոգիական համալսարանից Մարեկ Շիրը, Արնիկա – Թունունակ նյութերի և թափոնների ծրագիր» ասոցիացիայից Ժիտկա Ստրակովան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, ՀՀ ԳԱԱ «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ից Մարինե Նալբանդյանը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը, Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուրգարյանը, Շնող համայնքի բնակիչ Լևոն Ալիխանյանը:

Ստորև ներկայացնում ենք կարևոր բացահայտումները:

Ալավերդի.

Լոռու մարզում հանքարդյունաբերության և մետաղագործական ձեռնարկությունների շրջակայքն աղտոտված է վտանգավոր քիմիական նյութերով, հիմնականում` պղնձով, որի պարունակությունները գերազանցում են իրավական չափանիշները և հիգիենիկ նորմերը: Տեղական թեժ կետերը, որոնք անմիջականորեն աղտոտում են շրջակա միջավայրը, գտնվում են կամ հարևանությամբ, կամ ուղղակիորեն քաղաքային տարածքներում: Պրահայի քիմիական–տեխնոլոգիական համալսարանի փորձագետներն ահազանգում են, որ Դեբեդ գետի նմուշները պարունակում են տոքսիկ մետաղների ամենաբարձր մակարդակներ, որոնք կարող են ազդել գետի ափին գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների վրա: Տեղական և օտարերկրյա կազմակերպությունները կոչ են անում պետական մարմիններին` դիմել խիստ միջոցների:

Ալավերդու պղնձաձուլական գործարանը, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը և պոչամբարն ու Ախթալայի շրջակայքում գտնվող մի քանի պոչամբարներ Լոռու մարզի խոշորագույն արդյունաբերական վայրերն են և, համաձայն վերջին հետազոտությունների, նաև հանդիսանում են շրջակա միջավայրում պղնձի, ցինկի, մոլիբդենի, կապարի և մկնդեղի առկայության պատճառը:

Դեբեդ գետից վերցված նստվածքներում հայտնաբերված պղնձի մակարդակները ցույց են տալիս, որ արդյունաբերական ձեռնարկությունների անմիջապես ներքևի մասով հոսող հատվածներից վերցրած նմուշներում պղնձի խտությունները կտրուկ ավելանում են և նույնիսկ հարյուրապատիկ գերազանցում են ֆոնային մակարդակները:

«Պղնձի մակարդակների անսպասելի բարձրացումը վկայում է տեղական հանքարդյունաբերության կամ մետաղագործական գործունեության անմիջական ազդեցության հետևանքով ծանր մետաղներով շրջակա միջավայրի աղտոտման մասին», - բացատրում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային աջակցության ծրագրի» կողմից ֆինանսավորվող հետազոտության համահեղինակ դ-ր Մարեկ Շիրը։

«Այնուամենայնիվ, նույնիսկ քիչ աղտոտված ջուրը կարող է առողջական խնդիրներ առաջացնել ցանկացած մարդու համար, ով բավական երկար ժամանակ ենթարկվում է դրա ազդեցությանը, օրինակ, ոռոգման աշխատանքներ կատարելու հետևանքով: Պղինձը նման դեպքերում բացասաբար է անդրադառնում հիմնականում լյարդի և երիկամների վրա», - նշում է քիմիական – տեխնոլոգիական համալսարանի փորձագետը:

Թունավոր հավկիթներ և խաղահրապարակներ

Մարդու առողջության վրա ազդեցությունը հետազոտվել է նաև տեղական բնակիչների մազերի, ազատ պայմաններում պահվող հավերից ստացված ձվերի կամ մանկական խաղահրապարակների ավազի նմուշառման միջոցով: Հետազոտությունները ցույց են տվել, որ նմուշառված խաղահրապարակների կեսում ծանր մետաղներով աղտոտվածության մակարդակը նշանակալիորեն բարձր է, իսկ երեխաները շատ զգայուն և խոցելի են նման քիմիական նյութերի նկատմամբ: Պղնձի անհանգստացնող խտություններ հայտնաբերվել են նաև այն մարդկանցից վերցված մազի նմուշներից մի քանիսում, որոնք բնակվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վանքերի շրջակայքում:

Խոսելով հավկիթների մասին` չեխական «Արնիկա» ՀԿ–ի տեքսիկ նյութերի հարցերով փորձագետ Ժիտկա Ստրակովան նշում է. «Ալավերդիում հայտնաբերված դիօքսինների մակարդակը գերազանցում է ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական չափանիշները, որոշ դեպքերում նույնիսկ ավելի քան հինգ անգամ»: Ինչպես ցույց է տալիս հավկիթի նմուշների հետազոտությունը, արդյունաբերական աղտոտումն ազդում է սննդային շղթայի վրա և դիօքսինանման միացությունների առաջացման առումով զգալի վտանգ է ներկայացնում։ «Միայն հավկիթի հայերին բնօրոշ միջին քանակով սպառումը կարող է հանգեցնել մարդու կողմից դիօքսինների թույլատրելի օրական չափաքանակի խախտմանը, որը սահմանել է Պարենային անվտանգության եվրոպական գործակալությունը (EFSA)», - ավելացնում է տիկին Ստրակովան:

Հայ բնապահպաններն ասում են, որ տեղաբնակներն անհամբեր սպասում էին հետազոտության արդյունքներին: «Մենք, վերջապես, ունենք ծանրակշիռ գիտական տվյալներ` ապացուցելու համար, որ արդյունաբերությունը վնաս է հասցնում մարդու առողջությանը, քանի որ մարդիկ ոչ բավարար չափով են պաշտպանված` թե՛ օրենսդրությամբ, և թե՛ տեղական իշխանությունների կողմից», - ամփոփում է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ ղեկավար, դ-ր Ելենա Մանվելյանը: «Պատասխանատու իշխանությունները պետք է անհապաղ և համարժեք քայլեր ձեռնարկեն` այս թունավորումը դադարեցնելու համար», - նշում է դոկտոր Մանվելյանը:

Այնուամենայնիվ, լուծում գտնելը կարող է դժվար լինել, քանի որ Ալավերդիում և Թեղուտում ձեռնարկությունները վերջերս փակվել են, նշում է «ԷկոԼուր»–ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Ռուսական ՎՏԲ բանկը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սկսել է «Գույք պարտքի դիմաց» գործընթացը «Վալլեքս» խմբի երկու ընկերությունում`«Թեղուտ» ՓԲԸ-ի և «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանում։

Հետազոտությունը կատարվել է Պրահայի քիմիական–տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիաներում` որպես Չեխիայի արտաքին գործերի նախարարության «Անցումային աջակցության ծրագրի» մաս, որը համատեղ իրականացվել է չեխական «Արնիկա» ասոցիացիայի կողմից՝ հայաստանյան «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ի և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ–ի աջակցությամբ։

Դեկտեմբեր 07, 2018 at 16:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր