

Tert.am
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում կառավարության հետ կայացած ավանդական հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե արդյոք ինչո՞ւ կառավարությունը չի կատարել Թեղուտի պաշտպանության խմբի հետ ձեռք բերած պայմանավորվածությունը, ըստ որի՝ պետք է միջազգային փորձաքննություն անցկացներ՝ պարզելու, թե արդյոք հնարավոր է Թեղուտը շահագործել։
Պատգամավորի հարցին պատասխանեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Նա նշեց, որ հիշյալ հանքի ուսումնասիրման համար միջազգային փորձաքննություն կատարվել է։
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով պարտադիր ավտոապահովագրության մասին օրենքին, ասաց. «Մի՞թե կառավարությունը չի հասկանում, որ սխալ ճանապարհ է ընտրել»։ Ըստ պատգամավորի՝ ավտոապահովագրությունը «մեքենայի հաշվին քաղաքացուց գումար կորզելու հերթական գործընթացն է», ինչն անընդունելի է ճգնաժամի պայմաններում։ Ըստ Մարտիրոսյանի, այդ գործընթացն անընդունելի է հատկապես երկրում առկա սոցիալ–տնտեսական վատթար պայմաններում, հատկապես, երբ, Մարտիրոսյանի բնորոշմամբ, ավտոապահովագրության գումարները ոչ թե բյուջե են գնալու, այլ ընդամենը մի քանի հոգու են հարստացնելու։
«Ավտոապահովագրման գործընթացը ընդունված է միջազգային պրակտիկայում»,– հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ նշելով, որ կառավարությունը հետ չի կանգնելու իր որոշումից և հետևողականորեն կյանքի է կոչելու այն։ «Միջազգային պրակտիկայում ընդունված է մարդկանց նորմալ աշխատավարձ տալ»,– ասաց Մարտիրոսյանը։
ՀՅԴ–ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը կառավարությունից հետաքրքրվեց, թե արդյոք կառավարությունն ի՞նչ ժամկետներում և ինչպե՞ս է պատրաստվում վճարել անցած տարի ՌԴ–ից վերցված վարկը։ Ի պատասխան ֆինանսների նախարարն ասաց, թե խնդիրը քննարկվում է և առաջիկայում իրենք կհայտարարեն այդ լուծումների մասին։ Միաժամանակ, նա վստահեցրեց. «Մենք մեր պարտավորությունների տերն ենք»։
«Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը կառավարությունից հարցրեց, թե որտե՞ղ է պետբյուջեից Հայպետհիդրոմետին հիդրոլոգիական նավ գնելու համար հատկացված 153 մլն դրամից մնացած 100 մլն դրամը, երբ «Հայպետհիդրոմետը», ըստ մամուլի հրապարակման, հիշյալ նավը գնել է 47 մլն դրամով։ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ի պատասխան նշեց, որ Վերահսկիչ պալատը ևս այդ հարցում խախտումներ հայտնաբերել է, և ավելացրեց, որ պետք է հաշվի առնել ոչ միայն գնված նավի ծախսը, այլև տեղափոխման և գնման գործընթացի հետ կապված այլ ծախսերը։
«Պատրաստվո՞ւմ է կառավարությունը վերանայել հանքերի շահագործման հարկման մեխանիզմները» ՀՅԴ–ական պատգամավոր Արտյուշա Շահբազյանին, ինչին ի պատասխան բնական պաշարների և էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրները լուծելու համար այժմ իրենք ԱԺ–ին են ներկայացրել ընդերքի օգտագործման մասին նոր նախագիծ ու պատրաստ են հաշվի առնել նաև դաշնակցական պատգամավորի առաջարկները։
ՀՀԿ–ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը կառավարությանը հիշեցրեց, որ նախորդ տարվա գարնանն ընդունված օրենքով ԼՂ–ի և Ջավախքի ուսանողները ՀՀ բուհերում ուսանելիս պետք է վճարեն այնքան, որքան ՀՀ քաղաքացիները, մինչդեռ որոշ բուհեր օրենքը տարածվում է միայն առաջին կուրսեցիների վրա։ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ հատկապես Ջավախքի կրթական խնդիրներն իրենց ուշադրության կենտրոնում են, և խոստացավ մինչև տարեվերջ բոլոր բուհերին խիստ հանձնարարականներ ուղարկել հարցի առնչությամբ։
Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կառավարությունից հետաքրքրվեց, թե արդյոք կառավարությունն ինչպե՞ս է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի բյուջեների աճի հսկայական տարբերությունը. ինչն ինքն անձամբ վտանգավոր է գնահատում։ Ֆինանսների նախարարը փարատեց մտահոգությունները՝ նշելով, որ ՀՀ կառավարության խնդիրը սահմանափակ միջոցներն արդյունավետ օգտագործելն է։
Ուշագրավ էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հայտարարությունն այն մասին, թե ինքը տեղեկություններ է ստացել քաղաքացիներից, որ «Փարոս» սոցիալական նպաստների ցանկում ընդգրկվելու համար քաղաքացիներից որպես կաշառք պահանջում են 3 ամսվա նպաստը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը զարմացավ՝ նշելով, որ ինքն առաջին անգամ է դրա մասին լսում, ապա խորհուրդ տվեց պատգամավորին նման տեղեկություն ունենալու դեպքում դիմել իրավապահ մարմիններին։
Սպարտակ Մելիքյանը նախարարին հարցրեց, թե ինչու է ինքը լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել, թե Սպարտակ Մելիքյան - Վերահսկիչ պալատի նախագահ փոխադարձ մեղադրանքներում ճիշտ է դուրս գալու ՎՊ–ն։ Նախարարը պատասխանեց, թե ինքը նման բան չի ասել, և Մելիքյանին խորհուրդ տվեց իր խնդիրները ՎՊ–ի հետ պարզել դատարանի միջոցով։
Դեկտեմբեր 09, 2010
