ԾՎԻՑ՝ ԾՈՎ ԱՆԱՊԱՏ

ԾՎԻՑ՝ ԾՈՎ ԱՆԱՊԱՏ

Գրիգոր Էմին-Տերյան, Lragir.am

Երբ Հայաստանն անկախացավ, նրա իշխանավորներն ու մեծահարուստները սկսեցին այցելել հարեւան երկրներ ու համոզվեցին, որ անապատն այնքան էլ սարսափելի չէ, որքան որ վախեցնում էր օտար քարոզչությունը: Ընդհակառակը, պարզվեց, որ անապատներում կարելի է կառուցել հինգաստղանի հյուրանոցներ, դրանց տանիքներին ու սրահներում աճեցնել ծառեր, թփեր ու ծաղիկներ եւ հիանալի ժամանակ անցկացնել շքեղ ռեստորաններում ու գիշերային ակումբներում: Անպայման չէ նաեւ ունենալ Սեւանա լճի չափ խմելու ջրի ջրամբարներ` քաղցրահամ ջուր կարելի է ստանալ նաեւ ծովի, կամ գետերի աղտոտված ջրերից, խմել եւ օգտագործել այլ երկրներից բերված ջուրը: Ծայրահեղ դեպքում կարելի է նմանվել տիեզերագնացներին, որոնք օգտագործում են իրենց իսկ սեփական մեզը, որը լավագույնս մաքրվում է եւ դառնում պիտանի խմելու համար:

Պարզվեց նաեւ,  որ նավթի ու գազի ամենամեծ պաշարներն Աստված տեղակայել է հենց այդպիսի անապատային ու անմարդաբնակ տարածքներում, եւ որ Մեռյալ ծովն ավելի շատ եկամուտ է բերում իր բուժիչ տիղմով, քան Սեւանն իր քաղցրահամ ջրով, ձկների ու խեցգետինների պաշարներով, որոնց քանակը, ինչպես պարզվեց, ամենեւին էլ անվերջ չէր: 

Այնպես որ միայն անապատային երկրների հինգաստղանի հյուրանոցներում չապրած, դրանց հարուստ խանութներից չօգտված մարդիկ կարող են սարսափել անապատից ու մեռյալ ջրամբարներից: Իսկ ով որ եղել է այնտեղ, տեսել է պորտապարն ու օգտվել է աշխարհի տարբեր երկրներից բերված աղջիկների ծառայություններից գիտի, որ անապատային երկրներում էլ կարելի է ստեղծել դրախտ: ԵՎ մինչ հայաստանցիների անգիտակից մասը փողի վրա նստած փող է փնտրում, գիտակիցներն արդեն իսկ գտել են տարադրամ վաստակելու ձեւերը. նրանք վերացնում են կանաչ տարածքները` անիմաստ ծառաբները վերածելով աշխարհում մեծ պահանջարկ ունեցող հիանալի մանրահատակի, եւ դրանց տեղում կառուցում են փողաբեր օբյեկտներ: Իսկ այն ծառերը, որոնք առայժմ հնարավոր չէ կտրել, ենթարկում են «խորը, երիտասարդացնող, բուժիչ ու թարմացնող» էտի` դրա հետեւանքով ստացված ճյուղերն օգտագործելով խորովածանոցներում: Ծառերն այդ վերափոխումից միայն շահում են`  նմանվելով  մոդայիկ ճապոնական իկեբանաների: Գոհ են մնում նաեւ խանութպանները, որոնց խանութների ցուցափեղկերն այնքան լավ չէին երեվում ծառերի ճյուղերի ետեւից, որքան որ նրանք կցանկանային: 

Սեվանը նույնպես կփոխվի, երբ նրա ավազանում կկառուցվի ոսկու կորզման ֆաբրիկան: Լճի այսօր իսկ արդեն ձկնազուրկ ջրերը կհարստանան բազմաթիվ   քիմիական նյութերով, որոնք նրա տիղմը կդարձնեն բուժիչ, եւ Հայաստանը կունենա սեփական Մեռյալ ծովը:

Տեսնելով, որ տարածքն անապատացել ու ամայացել է, Աստված կգթա մեզ, կգնահատի մեր «բաշարող» քաղաքացիների ջանքերը եւ կպարգեւատրի գազի ու նավթի հանքերով:

Կլուծվեն նաեւ սահմանային վեճերը:

Երբ Վրաստանից Լոռվա տարածքով մտնում ես Հայաստան, ահագին ճանապարհ ես անցնում, մինչեւ որ բնությունը վրացականից դառնում է հայկական: Այդ անտառաշատ կանաչ տարածքները վրացիներին շփոթեցնում են եւ նրանք կարծում են, թե դրանք առաջ իրենցն են եղել: Թեղուտի նման ծրագրերի շնորհիվ այդ սխալը կուղղվի եւ հենց վրաց-հայկական սահմանագծի վրա պարզ կերեւա, թե որտեղ է Հայաստանն իր անապատներով ու Վրաստանը` իր կանաչ տարածքներով: Նույնիսկ օդաչուները, անգամ տիեզերագնացները իսկույն կհասկանան, որ արդեն իսկ հատել են Հայաստանի սահմանը:

Ադրբեջանը նույնպես կհրաժարվի իր տարածքային պահանջներից:

Իսկ երեվանցիներն արդեն իսկ զգում են անապատի ներկայությունը` վայելում սամումն ու փոշու մրրիկները, ցերեկները շոգում` գիշերները` մրսում:

Ափսոս, որ մենք կորցրել ենք մեր պատմական տարածքների 9/10 մասը: Այլապես շուտով կունենայինք ոչ թե սովորական` 29 հազար քառակուսի կիլոմետրանոց, այլ ծովից` ծով անապատ:

Հունիս 12, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր