Դժբախտ պատահար «Թեղուտ» ՓԲԸ-ում

Դժբախտ պատահար «Թեղուտ» ՓԲԸ-ում

ԷկոԼուր

Լոռու մարզի «Թեղուտ» ՓԲԸ-ում մահացել է ընկերության աշխատակից 55-ամյա Գագիկ Քոչարյանը:  «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան «Վալլեքս» խմբի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի (որի մեջ մտնում է «Թեղուտ» ՓԲԸ-ն) պատասխանատու Վահրամ Ավագյանն ուղարկել է պաշտոնական պատասխան, որում ասված է. «2012 թվականի դեկտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 9.00-ի սահմաններում «Թեղուտ» ՓԲ ընկերության՝ Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, գ. Թեղուտ հասցեով կառուցվող լեռնա­հարստացուցիչ ֆաբրիկայի շինություններից մեկում դժբախտ դեպք է տեղի ունեցել, որի արդյունքում տուժել է «Թեղուտ» ՓԲ ընկերության շինարարական թիվ 5 տեղամասի բանվոր, 1957 թվականին ծնված Գագիկ Քոչարյանը:

Առկա հիմնական վարկածի համաձայն՝ տուժողը որոշակի բարձրությունից վայր է ընկել և ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դեպքից անմիջապես հետո «Թեղուտ» ՓԲ ընկերության բուժաշխատողը տուժողին առաջին բուժօգնություն է ցույց տվել, որից հետո տուժողը տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, այնուհետև՝ մի քանի ժամ անց, ք. Երևան, «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տուժողը մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ 2013 թվականի հունվարի 3-ին:

Դժբախտ դեպքից անմիջապես հետո՝ իրավապահ մարմինների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների  շրջանակներում իրականացվել է դեպքի  վայրի զննություն-ուսումնասի­րու­թյուն և կազմվել է համապատասխան արձանագրություն: Հաշվի առնելով դեպքի վայրի տարած­քում «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից կատարվող շինարարական աշխատանքների բնույթը՝ հա­մա­­պա­տաս­խան անհետաձգելի գործողությունների անցկացումից հետո իրավապահ մար­մին­նե­րի ներկայացուցիչները թույլատրել են շարունակել շինարարական աշխա­տանք­ները:

Տեղեկացնում ենք նաև, որ այս պահի դրությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող վարույթն ընթացքում է, ուստի՝ հորդորում ենք մինչև դրա ավարտը ձեռնպահ մնալ դժբախտ դեպքի հանգամանքների մասին հնարավոր չճշտված տեղեկատվություն հրապարակելուց»:

Հունվար 24, 2013 at 16:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր