

2009թ. Սեպտեմբերի 30-ին` ԵԽԽՎ-ում, հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ մարդու առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքի պաշտպանությամբ եւ կասկածի տակ դրեց Թեղուտի հանքավայրի շահագործման օրինականությունը:
Ի պատասխան` «Վալլեքս» խմբի ընկերությունները` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման արտոնգրի սեփականատերը, հանդես եկավ պատգամավորի զեկույցի հերքմամբ:
Ստորեւ ներկայացնում ենք հերքման տեքստը:
Հարգելի տիկին Փոստանջյան
Անդրադառնալով ԵԽԽՎ 30.09.2009 թ. նիստին Ձեր ելույթին (ըստ ԵԽԽՎ պաշտոնական կայքում տեղակայված արձանագրության տեքստի), որում, աջակցություն հայտնելով «Մարդու` առողջ միջավայրում ապրելու իրավունքի մասին եվրոպական կոնվենցիային» ի լրումն ներկայացված արձանագրությանը, Դուք Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործմանն առնչվող որոշ գործընթացներ համարում եք մարդու` առողջ միջավայրում ապրելու իրավունքի պաշտպանության տեսանկյունից արդյունավետ իրավական լծակների բացակայության դրսևորման օրինակ` անհրաժեշտ ենք գտնում հայտնել, որ ԵԽԽՎ 30.09.2009 թ. նիստին Ձեր ելույթում տեղ են գտել մի շարք անհիմն պնդումներ և ոչ հավաստի տվյալներ: Մասնավորապես.
1. Բացարձակապես անհիմն է Ձեր կողմից արված վերացական հայտարարությունն առ այն, որ ՀՀ կառավարության 2007 թ. Թեղուտի հանքավայրի վերաբերյալ ընդունած որոշմամբ (և, ըստ Ձեզ, այդ որոշմանն առնչվող բոլոր փաստաթղթերով) խախտվել են ՀՀ սահմանադրության, այլ օրենքների և միջազգային պայմանագրերի պահանջները: Նախկինում ևս տարբեր քննարկումների շրջանակներում այդպիսի խախտումների վերաբերյալ վերացական և իրենց ընդհանրականությամբ անմեղսունակ հայտարարություններ հնչեցվել են Ձեր և խնդրո առարկայի շուրջ Ձեր որոշ համախոհների կողմից: Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված գործողություններով և/կամ այս առնչությամբ ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերով ՀՀ սահմանադրության, ՀՀ որևէ այլ օրենքի կամ միջազգային պայմանագրի որևէ դրույթի խախտում չի եղել:
2. Ելույթում Դուք նշում եք, որ Թեղուտի հանքավայրի շահագործման հետևանքով կգոյանան 540 միլիոն խորանարդ մետր պոչանքներ, որոնք վտանգավոր ռադիոակտիվ թափոններ են:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 540 միլիոն խորանարդ մետր պոչանքի մասին Ձեր կողմից հայտարարություններ եղել են նաև նախկինում` հարկ ենք համարում ևս մեկ անգամ հայտնել, որ ԽՍՀՄ պաշարների պետական հանձնաժողովի կողմից Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում 1991 թ. հաստատվել է 450 միլիոն տոննա հանքաքարի պաշար: Մինչ օրս հայտնի որևէ տեխնոլոգիայով 450 միլիոն տոննա հանքաքարի վերամշակման պարագայում չի կարող առաջանալ 540 միլիոն խորանարդ մետր պոչանք: Թափոնների ռադիոակտիվ վտանգի մասին հայտարարությունը նույնպես որևէ կերպ չի կարող հիմնավորվել: Այդպիսի անհիմն հայտարարությունները կարող էին կանխվել, եթե Դուք խորհրդակցեիք տվյալ հանքավայրի և հանքարդյունաբերության մասին ընդհանրապես գոնե տարրական պատկերացումներ ունեցող անձանց հետ: Երևույթն առավել տարակուսելի է դառնում, եթե հաշվի առնենք, որ դեռևս ամիսներ առաջ մեր առաջարկով Ձեզ է տրամադրվել Թեղուտի հանքավայրի շահագործման աշխատանքային նախագիծը և բնապահպանական կառավարման պլանի նախագիծը, որոնք պարունակում են ինչպես հանքավայրի պաշարների, այնպես էլ շահագործման հետևանքով առաջացող պոչանքների ու այլ թափոնների քանակի և տեսակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն:
3. Ձեր ելույթում անհիմն հայտարարություններ կան նաև այն մասին, որ հանքավայրի շահագործումը կքայքայի այդ տարածքի` հարուստ ֆաունա ունեցող եզակի կենսաբազմազանությունը, կվտանգի գյուղատնտեսական արտադրությունը` այդպիսով քայքայելով նաև ազգաբնակչության առողջությունը: Ըստ Ձեզ` աղտոտելով Դեբեդ անդրսահմանային գետը` հանքավայրի շահագործումը շրջակա միջավայրին վնասներ կհասցնի տարածաշրջանային մակարդակով:
Այս կապակցությամբ հայտնում ենք, որ որևէ տնտեսական գործունեություն իրականացնելիս հնարավոր չէ լիակատար կերպով բացառել շրջակա միջավայրի, հետևաբար նաև կենսաբազմազանության վրա որոշակի անցանկալի ազդեցությունը: Սակայն Թեղուտի հանքավայրի պարագայում` շրջակա միջավայրի վրա այդ ազդեցությունը սահմանափակվելու է արտադրական օբյեկտների շուրջը օրենսդրորեն սահմանված կարգով նախատեսված սանիտարական գոտու տարածքով, որի շրջանակներում սանիտարական գոտու պայմաններին հակասող որևէ այլ գործունեությունն արգելված է օրենսդրորեն: Հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ընթացքում և ավարտից հետո տարածաշրջանի ազգաբնակչության առողջության պահպանման հետ կապված ռիսկերի հայտնաբերման նպատակով` աշխատանքային նախագիծը ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարարություն, որի կողմից մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո նախագծին տրված դրական եզրակացությունը վկայում է այն մասին, որ նախագծի իրականացումը թույլատրելի է նաև այդ տեսանկյունից: Անդրսահմանային Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ Ձեր ենթադրության առնչությամբ հայտնում ենք, որ Թեղուտի հանքավայրի շահագործման աշխատանքային նախագիծը նախատեսում է արդյունաբերական ջրերի փակ շրջանառու համակարգ: Նախագծային լուծումները բացառում են շրջակա ջրային միջավայր արդյունաբերական ջրերի որևէ արտահոսքի հնարավորությունը: Ինչպես և Ձեր մասնակցությամբ տեղի ունեցած այլ քննարկումներում և վերոշարադրյալում հիշատակված Ձեր այլ հայտարարություններում, արտահոսքերի վտանգի մասին Դուք խոսել եք խիստ վերացականորեն, և երբևէ կոնկրետ չեք նշել հանքավայրի նախագծային լուծումների որևէ բաղադրիչ, արդյունաբերական ցիկլի որևէ հատված, որում, Ձեր կարծիքով, վտանգավոր արտահոսքերի ռիսկեր կան (այդ թվում նաև Դեբեդ գետ):
Ինչպես իրենց գործունեության այլ ոլորտներում, այնպես էլ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման պարագայում` «Վալլեքս» խմբի ընկերությունները մշտապես ձգտել են հնարավոր առավելագույն թափանցիկության և հանրային վերահսկողության բարձր մակարդակի: Արդյունքում ծավալվել են լայն հասարակական քննարկումներ, որոնք նպաստել են բնապահպանական և այլ առումներով ծրագրի կատարելագործմանը: Մենք պատրաստակամորեն արձագանքել ենք մեր գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկատվության հարցումներին և կարծում ենք, որ արել ենք հնարավոր առավելագույնը մեզ առնչվող հարցերում ապատեղեկատվության տարածումը կանխելու համար: Այս համատեքստում խիստ կարևոր ենք համարում, որ չճշգրտված տվյալներ չլինեն ԵԽԽՎ-ի` միջազգային ընդարձակ լսարան ընդգրկող բարձր ամբիոնից հնչող Ձեր ելույթներում, որոնց շարժառիթների հայրենանվերությունն ու իրապես բնության պահպանությանը միտված լինելը սույն նամակով որևէ կերպ կասկածի տակ չենք ցանկանում դնել:
Հարգանքներով`
«Վալլեքս» խմբի ընկերությունների
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հոկտեմբեր 16, 2009
