

ԷկոԼուր
«Մենք «սեւ» ապագա չենք ցանկանում Թեղուտում: Մեզ պարզ է, թե ինչ ապագա է մեզ սպասվում հանքի փակումից հետո, երբ ընկերությունը դադարեցնի իր գործունեությունը: Մենք մտադիր ենք իրականացնել համալիր ծրագրեր, որպեսզի կանխարգելենք լուրջ հետեւանքները»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտնեց «Թեղուտը սերունդների համար» ՀԿ-ի նախագահ, ինժեներ-շինարար Ռուբեն Շախկյանը:
«Ոչ ոք չհաշվարկեց, թե լեռնահանքային արդյունաբերությունը ինչ կտա տեղի բնակչությանը եւ ինչ կվերցնի նրանից,- նշեց նա եւ ավելացրեց,- երբ դիտարկվում էր Թեղուտի հանքավայրի շահագործման հարցը, մեզ ասում էին, որ այլընտրանքային ծրագիր չկա: Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը («ԷկոԼուր»-ի տեղեկությունների համաձայն` էկոնոմիկային նախարար Ներսես Երիցյանը) մեզ ասաց` եթե դուք ինչ-որ բան առաջարկեիք, ապա մենք ոչ միայն դեմ չէինք լինի, այլ կօժանդակեինք ձեզ: Նրա համար, թե Թեղուտում հիմա ինչ է կատարվում, դուք եք մեղավոր»:
Իրականում, Շախկյանի խոսքերով, բնության պահպանման համար այլընտրանքը պետք է լինի գլոբալ ծրագիր` ընդգրկելով խոշոր, միջին եւ փոքր բիզնեսը: Դրա իրականացման համար միայն քաղաքական կամք է հարկավոր: «Մեր ծրագիրը հիմնված է կայուն անտառօգտագործման վրա, որի մասին շատ խոսում են եւ ոչինչ չեն ձեռնարկում»,- ասաց Շախկյանը:
Նրա համոզմամբ` ներկայումս անտառը ոչ ռացիոնալ է օգտագործվում, մեծամասամբ` անխնայորեն եւ անսրտորեն: Անտառի մոտ 50%-ը կորում է, քանի որ չի օգտագործվում ոչ հատողների, ոչ վերագնողների կողմից:
Պատճառն այն է, որ անտառային բիզնեսը հիմնական փողը սարքում է արտադրանքի ծավալի ավելացման հաշվին` սղոցելուց հետո, ինչպես նաեւ որակավորում չունեցող եւ վատ վճարվող աշխատանքի հաշվին: Արդյունքում պահանջված որակ չունեցող փայտը, որը կարող էր օգտագործվել որպես վառելիք, վաճառքի ցածր գին ունենալու պատճառով մնում է անտառում:
… Նրա հաշվարկներով` անտառային սեկտորում կարելի է ստեղծել հարյուրավոր մշտական աշխատատեղեր, որտեղ շահույթը կբաժանվի ոչ թե մի քանի հոգու միջեւ, այլ այն կստանա պետությունը, տեղի բնակչությունը, փոքր եւ միջին բիզնեսը:
…«Ես ապրում եմ գյուղում եւ զբաղվում եմ այդ բիզնեսով: Դա շահավետ բիզնես է, քանի որ մշտապես կա նմանատիպ արտադրանքի պահանջարկը, բայց չկա այս ոլորտի պրոֆեսիոնալ կառավարումը: Եթե լինի պետական աջակցություն, ապա մենք հրաշալի կապրենք: Իսկ ինչ վերաբերվում է ընդերքին, ապա թողեք դա մեր երեխաներին: Հնարավոր է, որ մի սերունդ հետո իշխանությունը եւ բիզնեսը կհասկանան իրենց վրա դրված պատասխանատվությունը, կհետեւեն օրենքին, կյուրացնեն նոր տեխնոլոգիաներ, եւ այդ ժամանակ լեռնահանքային արդյունաբերությունը կսկսի օգուտ բերել պետությանը, այլ ոչ այն վնասը, որի համար վճարում ենք մենք` հասարակ մարդիկ»,- նշեց Շախկյանը: Իր առաջարկները Ռուբեն Շախկյանը ներկայացրել է ՀՀ կառավարությանը եւ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը:
Մարտ 18, 2010
