

Տաթև Ենոքյան, ԷկոԼուրի համար
«Սանիթեք» ընկերությունն ընդունում է, որ մեղավոր է վերջին երեք ամիսներին Երևանում տիրող հակասանիտարական իրավիճակի համար և խոստանում է կարգավորել խնդիրը:
«Այո, մենք չենք կատարել մեր պայմանագրային պարտավորությունները, բայց պատասխանատվությունից չենք փախչում», - ասել է ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա վստահեցրել է, որ խնդիրը 100%-ով կլուծվի, երբ Նիդեռլանդներից աղբատար մեքենաները կտեղափոխվեն Երևան. «Անցած ամիս «Սանիթեք»-ն ավելի քան 500 հազար եվրոյի ներդրում է արել 5 նոր աղբատար մեքենա գնելու համար, որոնք Երևանի ճանապարհին են արդեն և մոտակա երկու օրերն այստեղ կլինեն»։
Նիկոլաս Թավիլը հերքել է լուրերն այն մասին, որ «Սանիթեք»-ի վատ աշխատանքը կապված է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ. «Սանիթեքը» այս երկրում ներդրել է ավելի քան 14 միլիարդ դրամ և երբեք սաբոտաժի չի գնա ինչ-որ մեկի պատճառով։ Ոչ մի կապ չկա պարոն Մարգարյանի հրաժարականի և «Սանիթեքի» միջև»:
Նիկոլաս Թավիլը խոսել է նաև վնասների մասին` նշելով, որ Նուբարարշենի աղբանոցում մեքենաները վնասվում են, իսկ ապահովագրական ընկերությունը չի փոխհատուցում դրա համար: Քաղաքապետարանի այն խոստումը, որ Նուբարաշենի աղբավայրը կարճ ժամանակում պատշաճ վիճակի է բերվելու, չի կատարվել։ Արդյունքում, ըստ Թավիլի, ընկերությունը 2014-ից մինչև այսօր 700 հազար դոլարի վնաս է կրել, 1000-ից ավելի աղբամաններ այրվել են, 2000-ը՝ վնասվել: «Եթե նույնիսկ մենք 700 նոր մեքենա բերենք, և աղբավայրը լինի նույն վիճակում, և մեր աղբամանները վառվեն ու վնասվեն, լինի դա «Սանիթեքը» թե ուրիշ կազմակերպություն, նույն խնդիրների է բախվելու, ինչ որ մենք», - նշել է Նիկոլաս Թավիլը։
«Սանիթեքը» ցանկություն ունի ևս 7 միլիոն եվրոյի ներդրումներ անել՝ փոխելով համակարգն ամբողջությամբ, ձեռք բերելով նոր ավտոպարկ, սակայն այդ ծրագրերը կյանքի կկոչվեն թե ոչ, պարզ կդառնա քաղաքապետի ընտրությունից հետո։
Սեպտեմբեր 24, 2018 at 14:06
