

ԷկոԼուր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց, որ կիրականացվի Կոտայք-Գեղարքունիք խոշոր աղբավայրի ծրագիրը: «Մեզ հաջողվել է այս փուլում մրցույթ հայտարարել, և հունվարի 20-ն այն վերջնաժամկետն է, երբ տարբեր ընկերություններ կարող են մասնակցություն ունենալ ծրագրին: Այսինքն, մենք ունենալու ենք Կոտայքի և Գեղարքունքի խոշոր քաղաքներում աղբահանության համար նախատեսված կենտրոններ, որտեղ աղբը կուտակվելու և մեքենաների միջոցով տեղակայվելու է Հրազդանի մերձակայքում գտնվող Կոտայք-Գեղարքունիք խոշոր աղբավայր: Այնտեղ աղբը տեսակավորվելու է», - հայտնեց նախարարը:
Պապիկյանի խոսքով՝ աղբահանությունն այն կարևոր ուղղություններից է, որը 2020 թ-ին լինելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և, ընդհանրապես, հանրության ամենակարևոր մարտահրավերներից մեկը:
«Մենք խնդիր ունենք հանրության մտածողության մեջ փոփոխություն կատարելու, ինչպես նաև նախարարության կողմից այս տարի մշակված աղբահանության ռազմավարությունը 2020 թ-ին գործնականում իրագործելու:
Աղբահանությունը բավականին ընդգրկուն ոլորտ է, և 2020 թ-ի ընթացքում մեծ անելիք ունենք հանրությանն իրազեկելու և մեր հանրության հետ լայնամասշտաբ աշխատանք կատարելու, որովհետև մեր միջավայրում աղբն անելիք չունի։ Մենք ապրելու ենք անաղբ և մաքուր հայրենիքում», - նշեց Սուրեն Պապիկյանը:
Դեկտեմբեր 24, 2019 at 17:49