

ԷկոԼուր
2020 թ. Լոռու մարզի Ախթալա համայնքում բնապահպանական ծրագրերի իրականացման համար նախատեսված 3 միլիոն 848 հազար դրամը կուղղվի Շամլուղի քաղաքային այգու վերանորոգմանը: Այդ գումարը գոյացել է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից կատարվող բնապահպանական վճարներից:
2020թ. հունիսի 15-ին Ախթալայի ավագանին 6 կողմ և 2 դեմ ձայներով հավանության արժանացրեց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի՝ բնապահպանական վճարները այգու հիմնանորոգմանն ուղղելու առաջարկը: Այգու վերանորոգման ծախսերը կկազմեն շուրջ 17 միլիոն դրամ: Պահանջվող գումարի մնացած մասը կտրամադրի համայնքը:
«Համայքնային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն առաջարկել էր գումարը պահել և հաջորդ տարի արտադրական թափոնների մաքրման ծրագիր ներկայացնել: Սակայն առաջարկը մերժվեց:
Ախթալա խոշորացված համայնքի տարածքն աղտոտված է Ախթալայի ԼՀԿ-ի արտադրական թափոններով: Աղտոտման աղբյուրները ցրված են Ախթալա համայնքի ամբողջ տարածքում` աղտոտելով գետեր, այգիներ, գյուղատնտեսական հողեր և մթերքներ: Ախթալա համայնքը թափոնակույտերից մաքրելու անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, սակայն ո՛չ Ախթալայի ԼՀԿ-ն, ո՛չ պետությունը հարցի լուծումը դեռ չեն տալիս:
Լուսանկարը և տեսանյութը՝ «Համայքնային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի
Հունիս 16, 2020 at 15:04