


Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքը մի շարք սոցիալական և էկոլոգիական խնդիրներ ունի՝ աշխատատեղերի պակաս, հանքարդյունաբերական ենթակառուցվածքների հետևանքով շրջակա միջավայրի աղտոտում և բնակչության առողջության վատթարացում: Սույն թվականի նոյեմբերի 18-ին «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում Օձունում տեղի ունեցավ հանդիպում՝ այդ խնդիրների ու դրանց լուծմանը կամ մեղմմանն ուղղված առաջարկությունների, համայնքում զարգացման այլընտրանքային ծրագրերի իրագործման վերաբերյալ:


Օձուն խոշորացված համայնքն ընդգրկում է Օձուն, Ամոջ, Այգեհատ, Արդվի, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի, Մղարթ բնակավայրերը։ Համայնքը 2021թ․ դրությամբ ունի 7968 բնակիչ: Տնային տնտեսությունների թիվը՝ 2148 է։ Օձունի 2018-2022 զարգացման ծրագրի համաձայն` համայնքի նպաստառու ընտանիքների թիվը 223-ն է, գործազուրկների թիվը՝ 1953 հոգի։ Համայնքում հաշվառված բնակիչներից զբաղված են միայն 3408-ը, որոնց հիմնական զբաղմունքն անասնապահությունը և հողագործությունն է։ Օձունի գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 9323 հա:
«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի փորձագետ, քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը Օձուն խոշորացված համայնքի ակտիվ բնակչության ու տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց համայնքի սոցիալական և էկոլոգիական խնդիրները:

Օձուն համայնքի տարածքում գործունեություն է իրականացնում «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, որը տիրապետում է Մղարթի ոսկու հանքավայրի թիվ 5 և թիվ 8 հանքային մարմինների ընդերքօգտագործման իրավունքին: Մղարթ բնակավայրում ընկերությունն ունի ընդերքօգտագործման նշանակության 40.09 հա հողտարածք:


Ընկերության ենթակառուցվածքները բնակավայրի հիմնական աղտոտիչներն են: Մղարթի ոսկու հանքի շահագործումը հանգեցրել է համայնքի տարածքների քիմիական աղտոտման և տեղի բնակիչների առողջության և առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքների խախտման: Մղարթի տարածքում է գտնվում Մղարթի ոսկու հանքի պոչամբարը, որի նախագծային ծավալը 0,1 միլիոն խմ է, փաստացի ծավալը՝ 0,08 միլիոն խմ՝ ըստ 2016թ-ին Համաշխարհային բանկի պատվերով հրապարակված «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» աշխատության:
Ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականին տրամադրված տեղեկությունների` «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն 2011 թվականից ի վեր հանքը շահագործել է առանց ջրօգտագործման թույլտվության, հանքավայրի տարածքում առկա շինությունները կառուցվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության, խախտվել են սահմանային թույլատրելի արտանետումների պահանջները: «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կայքում 2020թ-ի դրությամբ հողերի աղտոտվածության մակարդակի մասին տվյալները բացակայում են, մինչդեռ 2020թ․ Մղարթ ազդակիր բնակավայրում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի անցկացրած ուսումնասիրության արդյունքում հարցվածների 40% պատասխանել է, որ արոտավայրերի կրճատման և աղտոտվածության պատճառով պակասեցրել են անասունների գլխաքանակը, ինչի հետևանքով կրճատվել են իրենց եկամուտները, և չեն կարողանում հոգալ իրենց կարիքները։
Ըստ Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) կայքում հրապարակված «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի հաշվետվության՝ Օձուն համայնքին 2018 և 2019թթ. վճարվել է 2489589-ական դրամ հողերի վարձակալության գումար, 2017-2019թ-ին՝ 2166-ական դրամ հողի հարկ, իսկ 2017-2019թթ՝ 17060-ական դրամ գույքահարկ։
Օձուն համայնքի մյուս աղտոտիչը Հագվի գյուղից մոտ 1,4 կմ հյուսիս-արևմուտք գտնվող ընդերքօգտագործման թափոնների լցակույտերն են, որոնք առաջացել են Հագվիի պղնձի հանքավայրում մակերեսային և ստորգետնյա լեռնային փորվածքների անցկացման արդյունքում: Տարածքում կուտակված ընդերքօգտագործման թափոնները դիտարկվում են որպես տիրազուրկ: Այդ լցակույտերը հողերի, մակերևութային և ստորգետնյա ջրերի աղտոտման աղբյուրներ են։
Մյուս պոտենցիալ աղտոտիչը երկար տարիներ Ալավերդիի պղնձաձուլարանն էր, որի արտանետումները քամու հետ հասնում էին նաև Օձուն:

Համայնքում գործում է նաև 5 քարի արտադրամաս, որոնք զգալի ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա: Մինչդեռ Օձուն համայնքի մթնոլորտային օդի որակի, տարածքի մակերևույթային և ստորերկրյա ջրերի, հողերի աղտոտվածության մոնիթորինգ պաշտոնապես չի կատարվում:
«Մուլտի Գրուպ կոնցեռն» ընկերությունն իր ընդերքօգտագործման պայմանագրով չի ստանձնել ազդակիր համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն օժանդակող պարտավորություններ։ Նման պարտավորություններ չունի նաև «էյջ ընդ էռ ֆելզիտ» ՍՊԸ-ն, որը շահագործում է Ծաթեր-Կաչագանի ֆելզիտային տուֆերի հանքավայրը։
Սակայն համայնքում իրականացվել են որոշակի սոցիալական ծրագրեր:
Ըստ ՊԵԿ-ի, «Ընկերությունների կողմից վճարվող բնահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2017թ-ին Օձուն համայնքին բնապահպանական ծրագրերի համար տրվել են հետևյալ սուբվենցիաները.
- Օձուն բնակավայրի բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնման ծրագիր, բյուջե՝ 19806,2 հազար դրամ:
- Հագվի գյուղի բնապահպանական ծրագիր, բյուջե՝ 30051,1 հազար դրամ:
- Աքորի գյուղի բնապահպանական ծրագիր, բյուջե՝ 24903,2 հազար դրամ:
Օձուն համայնքին բնապահպանական ծրագրերի համար 2018թ. տրվել են հետևյալ սուբվենցիաները.
1․ Աքորի գյուղի բնապահպանական ծրագիր, բյուջե՝ 1372,6 հազար դրամ:
2019թ-ին Օձուն համայնքին բնապահպանական ծրագրերի համար տրվել են հետևյալ սուբվենցիաները.
- Օձուն և Հագվի բնակավայրերի բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնման ծրագիր, բյուջե՝ 22076,80 հազար դրամ:
- Օձուն բնակավայրի բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնման ծրագիր, բյուջե 6393,6 հազար դրամ:
Հանդիպման մասնակիցները բարձրաձայնեցին, որ գյուղատնտեսության զարգացման համար ոռոգման ցանցի վերակառուցման և մաքուր ու անվտանգ ջրի հասանելիության կարիք ունեն: Պարզվեց, որ հողատարածքների 60%-ը ներկայում չի ոռոգվում: Հագվի, Արդվի, Մղարթ բնակավայրերում առկա է նաև խմելու ջրագծերի և կոյուղագծերի միասնական կոլեկտորի կառուցման անհրաժեշտություն։ Իսկ Հագվի գյուղի հողատարածքներն ամբողջովին զրկված են ոռոգման ջրից:
«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Դեկտեմբեր 03, 2021 at 18:32
