Հանքարդյունաբերությունը և կայուն զարգացումը Ախթալայում և Օձունում

Հանքարդյունաբերությունը և կայուն զարգացումը Ախթալայում և Օձունում

 

Ախթալա և Օձուն խոշորացված համայնքները հայտնի են իրենց գեղատեսիլ լանդշաֆտներով, հարուստ պատմամշակութային ժառանգությամբ: Բարենպաստ կլիմայական պայմանները կարող են նպաստել գյուղատնտեսության, մեղվաբուծության և տուրիզմի զարգացմանը: Այս երկու համայնքներում գործում են հանքարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք քիմիական աղտոտվածության աղբյուր են և այլընտրանքային ոլորտների զարգացման համար հանդիսանում են զսպող գործոն: Կայուն զարգացման ներուժի գնահատականը տալիս են փորձագետները: 

«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը նշեց, որ Ախթալայում ծանր մետաղներով են աղտոտված համայնքի տարածքով անցնող Դեբեդ և Ախթալա գետերը: «Ախթալա համայնքի տարածքում գտնվում են բազմաթիվ լցակույտեր, դրանք տեղակայված են գյուղեր տանող ճանապարհներին: Այստեղ կան պոչամբարներ: Այս ամենը շրջակա միջավայրի աղտոտման աղբյուր է»,- ասաց նա:

Ախթալայում գործում է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, որը շահագործում է Շամլուղի պղնձի հանքավայրը:

Ըստ Ռոզա Ջուլհակյանի՝ ընկերությունն ընդերքօգտագործման պայմանագրում համայնքի նկատմամբ սոցիալական աջակցության պարտավորության ոչ մի դրույթ չի ներառել: «Կորպորատիվ սոցիալական աջակցության պայմանագիր է կնքել, որի շրջանակներում հատկացնում է որոշակի գումարներ: Խնդիրն այն է, որ բնակիչները դա ընդունում են որպես բարի կամքի դրսևորում, բայց պետք է իմանան, որ դա օրենքով է: Հատկացումներն ընկերության ընդերքօգտագործման պայմանագրում պետք է ամրագրված լինեն, լինեն շոշափելի, նպատակային և առարկայական՝ ելնելով տվյալ համայնքերի կարիքներից: Բնակիչները պետք է իրազեկված լինեն բնապահպանական խնդիրների մասին, որպեսզի կարողանան իրենց իրավունքները պաշտպանել, պահանջատեր դառնան»,- ասաց նա:

Ռոզա Ջուլհակյանն անդրադարձավ նաև աղտոտված տարածքների ռեկուլտիվացման խնդրին. «Ախթալա համայնքի զարգացման ծրագրում նշված է, որ համայնքի թույլ կողմերից մեկը աղտոտված հողերի ռեկուլտիվացիայի համար միջոցներ չունենալն է: Համայնքն արդեն գիտակցում է դրա անհրաժեշտությունը, ուղղակի միջոցներ չունի: Եթե հասնենք նրան, որ համայնքը կոմբինատի համաֆինանսավորմամբ նմանատիպ ծրագիր ներկայացնի, դա «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի համար կլինի լուրջ արդյունք»,- նշեց նա:

Օձուն խոշորացված համայնքի Մղարթ բնակավայրը գտնվում է Մղարթի ոսկու հանքավայրի ազդեցության տակ: «Ազդակիր բնակավայրի վարչական ներկայացուցչի դերակատարությունը բարձրացնելու, բնակավայրի խնդիրը համայնքային մակարդակում լուծելու համար Մղարթը պետք է լինի համար առաջին պահանջատերը, իսկ համայնքն օժանդակի, նպաստի այդ խնդիրների լուծմանը»,- ասաց Ռոզա Ջուլհակյանը: Ըստ նրա՝ բնապահպանական խնդիրների լուծման համար պետք է օգտագործել ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերը, սակայն վերջին տարիներին թե՛ Ախթալայի ԼՀԿ-ն և թե՛ Մղարթի հանքավայրը շահագործող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը վճարումներ չեն կատարել:

Համայնքների զարգացման ծրագրում սոցիալ-էկոլոգիական բաղադրիչի ներդնումը թույլ կտա տեղական իշխանություններին իրականացնել համակարգված քաղաքականություն՝ուղղված բնապահպանական անվտանգությանը, սոցիալական այլընտրանքային ծրագրերի և կանաչ տնտեսության զարգացմանը:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց. «Ունենք համայնքներ, որոնք տասնամյակներ շարունակ տուժել են հանքարդյունաբերությունից, հիդրոէներգետիկայից, համայնքում առկա թափոնների վատ կառավարումից: Այդ համայնքները դարձել են քիչ հետաքրքիր տուրիզմի, գյուղատնտեսության մեջ ներդրումներ կատարելու առումով: Եթե համայնքները չունենան հստակ քաղաքականություն, ապա դրանք կդադարեն գոյություն ունենալ որպես այլընտրանքային զարգացման հնարավորություններով համայնքներ: Դրանց կարող է սպառնալ դատարկման վտանգը»,- նշեց նա:

Օլեգ Դուլգարյանը նշեց, որ բնակիչները բնապահպանական խնդիրների և դրանց ազդեցության մասշտաբների մասին բավարար չափով չեն իրազեկված: «Հետազոտությունները ցույց են տվել, որ Մղարթի հանքավայրը բավականաչափ վնաս է տվել Մղարթ գյուղին. աղտոտված է հողը, ծանր մետաղները ներթափանցել են մարդկանց օրգանիզմ: Հանքին ազդակիր են նաև Արևածագ և Ծափեր գյուղերը, սակայն դրա մասին ոչ ոք չի խոսում: Մղարթի պոչամբարի փոշին քամիների հետ դեպի Արևածագի հողատարածքներ է տարածվում, բայց գյուղացիներն այդ մասին ոչինչ չգիտեն: Մղարթի պոչամբարը գտնվում է Կողես գյուղի վարչական տարածքում և վնաս է հասցնում նաև Ձորագետ և Դեբեդ գետերին»,- նշեց Օլեգ Դուլգարյանը՝ ընդգծելով, որ պատճառը բնակիչների ցածր իրազեկվածությունն է:  Ըստ նրա՝ ծրագրի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ՏԻՄ-ին՝ «թելադրող» լինելու լծակներ տրամադրել:  

Օլեգ Դուլգարյանն ընդգծեց, որ պահանջատիրության արդյունքում Ախթալայում գործող հանքարդյունաբերական ընկերությունը մեծացրել է իր սոցիալ-կորպորատիվ պատասխանատվությունը: «Պայքարի շնորհիվ է, որ իրականացվել են խորքային հետազոտություններ, որոնց արդյունքում մարդիկ կարողանում են պաշտպանել իրենց իրավունքները: Երբ քաղհասարակությունը կամ համայնքի բնակչությունը պայքարում էին միայնակ, ՏԻՄ-ը կարծես գտնվում էր ընկերության ու այդ մարդկանց միջև, որովհետև չկար քաղաքականություն: Երբ լինի քաղաքականություն, այն կընձեռի տեղական ինքնակառավարման մարմիններին որոշակի հնարավորություններ, արգելքներ և պարտավորություններ թելադրելու գործիք: Լինելու է ոչ թե բարեգործ ընկերություն, իսկ ՏԻՄ-ը բարեգործության սպասող, այլ՝ պահանջատեր ՏԻՄ և պարտավորվող ընկերություն»,- նշեց նա:

Անդրադառնալով համայնքներում կանաչ տնտեսություն և կայուն զարգացում ապահովելու համար իրականացվող «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրին՝ Օլեգ Դուլգարյանը նշեց. «ՏԻՄ-ի կողմից թելադրող քաղաքականության առկայությունը հնարավորություն կընձեռի մաքրել աղտոտված տարածքներն ու թափոնները ընկերությունների ստանձնած պարտավորություններին համապատասխան, ընկերությունների կողմից հասցրած վնասներին տեր կանգնելու և վերացնելու պարագայում: Այս բոլոր հարցերը պետք է լուծվեն ՏԻՄ-ի և ընկերության միջև երկխոսության շրջանակներում՝ համայնքների բնակիչների ակտիվ մասնակցությամբ: Քաղաքականության ներդնումը թույլ կտա բնակավայրը դարձնել գրավիչ զբոսաշրջիկների համար»,- ասաց նա:

 «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Հունվար 14, 2022 at 14:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր