ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհեր և Ազատեկ բնակավայրերի տարածքում հինգ ընկերություն պատրաստվում է արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ կառուցել՝ յուրաքանչյուրը 5 ՄՎտ հզորությամբ: Դրանք իրար հետ փոխկապակցված «ԷԴՄ Սոլար», «Սուն Սոլար», «Դուստր Սոլար», «Արմ Սոլար» և «Այ Սոլար» ՍՊ ընկերություններն են:
Ընկերությունների՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրած հայտերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների 4-րդ հանրային քննարկումները նշանակված են ս.թ. ապրիլի 28-ին: «ԷԴՄ Սոլար» ՍՊԸ-ի հայտի լսումները տեղի կունենան ժամը 11։00-ին՝ Ազատեկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, իսկ «Սուն Սոլար» ՍՊԸ, «Այ Սոլար» ՍՊԸ, «Դուստր Սոլար» ՍՊԸ և «Արմ Սոլար» ՍՊԸ-ների հայտերի լսումները տեղի կունենան՝ ժամը 12։20-ին՝ Հերհեր գյուղի վարչական շրջանի ղեկավայրի նստավայրում, ժամը 14:00-ին՝ Արին գյուղի վարչական շրջանի ղեկավայրի նստավայրում, ժամը 15:30-ին՝ Մալիշկա գյուղի վարչական շրջանի ղեկավայրի նստավայրում:
«ԷԴՄ Սոլար» ՍՊԸ-ն պատրաստվում է Ազատեկ գյուղի տարածքում կառուցել 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան՝ 10764 բազմաբյուրեղային ֆոտովոլտային վահանակներով՝ յուրաքանչյուրը 535 Վտ առավելագույն հզորությամբ: Կայանը կզբաղեցնի 4.5 հեկտար տարածք:
«Սուն Սոլար» ՍՊԸ-ն պատրաստվում է Հերհեր գյուղի Վառված սարի 16 հողամասերում կառուցել 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան՝ 10166 բազմաբյուրեղային ֆոտովոլտային վահանակներով՝ յուրաքանչյուրը 535 Վտ առավելագույն հզորությամբ: Կայանը կզբաղեցնի 5.4 հեկտար տարածք:
«Դուստր Սոլար» ՍՊԸ-ն պատրաստվում է Հերհեր գյուղի Վառված սարի 12, 13, 15 հողամասերում կառուցել 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան՝ 9828 բազմաբյուրեղային ֆոտովոլտային վահանակներով՝ յուրաքանչյուրը 535 Վտ առավելագույն հզորությամբ: Կայանը կզբաղեցնի 5.06 հեկտար տարածք:
«Արմ Սոլար» ՍՊԸ-ն պատրաստվում է Հերհեր գյուղի Վառված սարի 8 և 9 հողամասերում կառուցել 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան՝ 10280 բազմաբյուրեղային ֆոտովոլտային վահանակներով՝ յուրաքանչյուրը 535 Վտ առավելագույն հզորությամբ: Կայանը կզբաղեցնի 5.64 հեկտար տարածք:
«Այ Սոլար» ՍՊԸ-ն պատրաստվում է Հերհեր գյուղի Վառված սարի 16, 17, 18 և 19 հողամասերում կառուցել 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան՝ 10400 բազմաբյուրեղային ֆոտովոլտային վահանակներով՝ յուրաքանչյուրը 535 Վտ առավելագույն հզորությամբ: Կայանը կզբաղեցնի 5.11 հեկտար տարածք:
Ըստ հայտերի՝ կայանների կառուցման համար ընտրված հողատարածքներն անջրդի արոտավայրեր են, բնական էկոհամակարգերը դեգրադացված են և բուսականությունը գրեթե բացակայում է, չկան նաև հազվագյուտ բուսատեսակներ և կենդանատեսակներ: Հողի բերրի շերտն այն հատվածներում, որտեղ առկա է, կհավաքվի և կպահեստավորվի:
Գործունեության ընթացքում առաջացող խոտանված պանելները կպահվեն թափոնների պահման տեղամասում, որից հետո կհանձնվեն լիցենզավորված ընկերությանը, որն էլ կիրականացնի դրանց տեղափոխումն ու կառավարումը:
Հայտերում բացակայում է տեղեկատվությունն այն մասին, թե ինչքան տարածք կզբաղեցնեն թափոնների պահեստները: Նաև նշված չէ կազմակերպության անվանումը, որը պետք է զբաղվի թափոնների տեղափոխմամբ և կառավարմամբ:
Նշված է, որ Հայաստանում դեռևս չկա լուծում արևային կայանների սարքավորումների թափոնների համար: Քանի որ արևային կայանի պանելները պատրաստվում են տարբեր ֆոտոէլեմենտներ պարունակող նյութերից, որոնք իրենց մեջ պարունակում են կապար, քրոմ, կադիում, սիլիցիում և այլ, դրանց ուտիլիզացիան և վերամշակումը հանդիսանում են հրատապ լուծում պահանջող խնդիր. «ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտություն կա մշակելու արևային կայանի գործարկման ժամկետը լրացած և գործածությունից դուրս եկած «արևային» թափոնների՝ պանելների, ֆոտոէլեմենտներ պարունակող արևային սնուցիչների վերամշակման ծրագիր, նաև համապատասխան օրենքի ընդունում՝ հաշվի առնելով առաջավոր զարգացած երկրների փորձը»:
Նախատեսվում է սարքավորումները հնարավորության դեպքում վերանորոգել և կրկնակի օգտագործել վթարված մասերը, ֆոտոէլեմենտներ պարունակող պանելները չթաղել կամ չհավաքել աղբավայրերում, բաց վիճակում, վաճառել թափոնների հավաքմամբ զբաղվող այլ կազմակերպությունների՝ ներառյալ արտասահմանյան զարգացած երկրների, որոնք ունեն նման ժամկետանց արևային թափոնների վերամշակման տեխնոլոգիաներ, ֆոտոէլեմենտներ պարունակող թափոնները հանձնել էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումներ հավաքող կետերին կամ կազմակերպություններին, նաև արտասահմանյան, կազմակերպված թափոնների հավաքագրման նպատակով, թափոնները հանձնել այն երկրների կազմակերպություններին, որոնք զբաղված են արևային պանելների արտադրությամբ և որոնցից ձեռք են բերվել ֆոտոէլեկտրոնային արևային պանելները։
«Արմ Սոլար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թ-ի հոկտեմբերի 22-ին, տնօրենը Տիգրան Մանուկյանն է, ընկերության բաժնեմասի 51 տոկոսը պատկանում է Կառլեն Մինասյանին, մնացած 49 տոկոսը Արշակ Հովհաննիսյանին:
«Այ Սոլար» ՍՊԸ-ն ժ հիմնադրվել է 2019 թ-ի հոկտեմբերի 22-ին, տնօրենը Արտուշ Դավթյանն է, բաժնեմասի 49 տոկոսը պատկանում է Արամ Մինասյանին, իսկ մնացած 51 տոկոսը Արթուր Հովհաննիսյանին:
«Դուստր Սոլար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թ-ի հոկտեմբերի 9-ին, տնօրենը Կառլեն Մինասյանն է, ընկերության բաժնեմասի 49 տոկոսը Կառլեն Մինասյանին է պատկանում, մնացած 51 տոկոսը Արթուր Հովհաննիսյանին:
«Սուն Սոլար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թ-ի հոկտեմբերի 7-ին, տնօրենը Կառլեն Մինասյանին է, ընկերության բաժնեմասի 51 տոկոսը Արամ Մինասյանին է պատկանում, մնացած 49 տոկոսը Արշակ Հովհաննիսյանին:
«ԷԴՄ Սոլար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թ-ի օգոստոսի 5-ին, տնօրենը Կառլեն Մինասյանն է, ընկերության բաժնեմասի 100 տոկոսը պատկանում է հենց Կառլեն Մինասյանին:
Ապրիլ 22, 2022 at 15:35