Հայ և ռուս էկոակտիվիստներն աղբից մաքրեցին Հրազդանի կիրճը

Հայ և ռուս էկոակտիվիստներն աղբից մաքրեցին Հրազդանի կիրճը
Ապրիլի 23-ին հայ և ռուս էկոակտիվիստների ջանքերով 3 աղբատար մեքենայի չափով աղբ դուրս բերվեց Հրազդանի կիրճի տարածքից: «Բոլորս մոլորակի բնակիչն ենք» կարգախոսով և Երևանն ավելի մաքուր դարձնելու մղումով առաջնորդվելով՝ Հայաստան ժամանած ռուս և հայ էկոակտիվիստները նախաձեռնել են աղբահավաքման ակցիաներ։ Շուրջ 80 հոգի 1,5 ժամի ընթացքում տասնյակ տոպրակներով պլաստիկ, ապակի, կենցաղային աղբ ու մետաղի ջարդոն են հավաքել: Հավաքված աղբը նախապես տեսակավորվել է՝ հեշտացնելու համար հետագա վերամշակումը:
 
 
Աջակիցների շարքերը համալրելու և մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիներին համախմբելու նպատակով ստեղծվել է Երևանի էկոակտիվիստների խումբն ու Տելեգրամյան ալիքը: Ակտիվիստները պատրաստվում են յուրաքանչյուր շաբաթ մաքրման նման միջոցառումներ նախաձեռնել: Առաջին հավաքին մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը:
 
 
 
Հաջորդ հավաքը նախատեսվում է մեկ շաբաթից՝ ապրիլի 30-ին: Ի դեպ, այդ օրն արդեն պաշտոնապես հայտարարվել է որպես այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակ: Մաքրման աշխատանքներ կիրականացվեն սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում, հատուկ պահպանվող տարածքներում, ջրային համակարգերի տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում և այլն: Օրերս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ քննարկելու առաջիկա շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքները: Արդեն իսկ մի շարք համայնքապետարաններ իրենց պաշտոնական կայքէջերում ու սոցիալական հարթակներում շաբաթօրյակի անցկացման մասին իրազեկումներ են կատարում:

https://www.facebook.com/100043862393384/videos/pcb.510564480771260/537655537742157

Ապրիլ 23, 2022 at 19:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր